Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՐԲՆՈՑԸ



Հիմնադրվելով 1907թ.` սկաուտական շարժումն Անգլիայից աստիճանաբար տարածվել է Եվրոպայում, հասնելով նաև Հայաստան: Այն ՀՀ-ում նոր փուլ է թևակոխել 1991 թվականին: Որպես շարժում` ԼՂՀ-ում այն սկզբնավորվել է 2010թ. «Հայկի սերունդ» երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից, որն ստացել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությունը: Ու եթե տարբեր երկրներում շարժումը կրում է զուտ հասարակական բնույթ` հենվելով այս կամ այն կազմակերպությունների ու կուսակցությունների վրա, ապա Արցախում այն պետական աջակցություն է ստանում: Ոչ պաշտոնական տվյալներով` աշխարհում կա շուրջ 60 հազար հայ սկաուտ, իսկ Արցախում գրանցված են շուրջ 300-ը:

Արցախում սկաուտական շարժումը «Հայորդիներ» բարեհունչ անվամբ են կնքել նախաձեռնողները` «Հայկի սերունդ» ԵՀԿ ակտիվիստները: Նրանց ջանքերով օգոստոսի 9-13-ը Շուշիում տեղի ունեցավ համահայկական սկաուտական երկրորդ բանակումը, որին մասնակցեցին 120 դպրոցականներ և երիտասարդներ Ստեփանակերտից ու ԼՂՀ շրջաններից, ինչպես նաեւ հյուրեր` ՀՀ-ից (ՀԲԸՄ, Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիա), Իրանի հայ համայնքից:
Բանակումը կազմակերպվել էր հինավուրց Շուշիի գեղատեսիլ անկյուններից մեկում ծավալված ճամբարում: Հայ պատանի սկաուտների «Ուղին ճշմարիտ է, երբ այն հայրենիք է բերում» խորիմաստ կարգախոսը վկայությունն է գաղափարական այն մեծ բովանդակության, որ հաղորդել էին կազմակերպիչները 2010 թ. համահայկական առաջին բանակումին: Մանկապատանեկան և երիտասարդական այս շարժման նպատակն է պատասխանատու և ինքնագիտակից, հասարակայնորեն ակտիվ և հոգեպես ամուր, հայրենասեր և ազատասեր սերնդի դաստիարակումը, որի անհրաժեշտությունը ազատագրված Արցախն ամենաշատն է զգում: Այս տեսակետից, պատանի սկաուտների ֆիզիկական ու բարոյակամային որակների զարգացումը միանգամայն համահունչ է երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության պետական քաղաքականությանը: Երեք տարիքային խմբերի բաժանված սկաուտները, առաջնորդվելով «Բարձրացիր` բարձրացրու» նշանաբանով, հինգ օր շարունակ հաղթահարում էին դժվարություններ, ձեռք բերում գոյատևելու, արագ կողմնորոշվելու և անելանելի թվացող իրավիճակներից դուրս գալու ունակություններ: Բանակումի ընթացքում կազմակերպվեցին զանազան խաղեր, մրցույթներ, արշավներ, սկաուտական շարժման պատմության վերաբերյալ դասախոսություններ. մասնակիցները հաղթահարեցին բազում փորձություններ:

Օգոստոսի 13-ին ճամբարի փակման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանը, ԼՂՀ պաշտպանության բանակի ռազմահայրենասիրական դաստիարակության և հասարակական կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Շ. Այդինյանը, Իրանի հայ համայնքի սկաուտական շարժման ակտիվ գործիչ, խորհրդատու Ռ. Սարդարյանը, «Հայկի սերունդ» երիտասարդական հասարակական կազմակերպության վարչության նախագահ Ա. Պետրոսյանը և ուրիշներ: Ճամբարի աչքի ընկած խմբերի ղեկավարները և կազմակերպիչները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից ու Իրանից ժամանած մեր հայրենակիցները պարգևատրվեցին հուշանվերներով ու պատվոգրերով:
Արարողությունից հետո ճամբարի շնորհալի մասնակիցների ուժերով համերգ տրվեց:

Ճամբարի հինգ օրերը լուրջ փորձություն էին պատանիների ու աղջիկների համար, ովքեր հիմնականում անտրտունջ հաղթահարելով դժվարությունները, լավ պատրաստություն անցան հայրենիքի վաղվա պաշտպանների այս դարբնոցում:
«Հայկի սերունդ» ԵՀԿ վարչության նախագահ Ա. Պետրոսյանը հավաստիացնում է, որ Արցախի սկաուտական բաժանմունքը սկաուտական խմբերի հետ կշարունակի իր աշխատանքները` նրանց պատրաստելով հաջորդ բանակումին:

Մ. ԱՀՅԱՆ
Շուշի – Ստեփանակերտ

Խորագիր՝ #32 (897) 17.08.2011 - 24.08.2011, Բանակ և հասարակություն


24/08/2011