Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉԻ՞Ց ԷՐ ՎԱԽԵՆՈՒՄ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ



Մեր նախորդ հոդվածում պատմել էինք ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆատուլաեւի մտահոգության մասին՝ ինչո՞ւ են ադրբեջանցիների շրջանում տարածված սեռական ոտնձգությունները հարազատների նկատմամբ: Լրագրողն այս հարցի պատասխանը չի տալիս, բայց, ամենայն հավանականությամբ, այն կապված է ադրբեջանցիների՝ արյունակից հարազատների հետ ամուսնանալու սովորության հետ: Ադրբեջանցու համար սովորական բան է հորեղբոր (հորաքրոջ, մորաքրոջ, քեռու) որդու կամ աղջկա հետ ամուսնանալը: Ըստ այդմ՝ ադրբեջանցու համար սովորական բան է հարազատին սեռական օբյեկտ համարելը, եւ բարոյական արգելքի այդ բացակայությունը որոշակի պայմաններում հեշտությամբ կարող է հանգեցնել սեռական ոտնձգության ու հանցագործության:
Սա լուրջ խնդիր է: Ժամանակին սրանով զբաղվել է նույնիսկ Հեյդար Ալիեւը: Դեռ Ադրբեջանի նախագահ եղած ժամանակ` 1999թ. հոկտեմբերի 13-ին Նախիջեւանի առողջապահության ոլորտի աշխատողների հետ հանդիպման ժամանակ նա ասել է.

«Ադրբեջանի համար գոյություն է ունեցել շատ կարեւոր, հատուկ թեմա: Եթե ես այդ մասին ասեմ, միգուցե ոչ բոլորը հասկանան ինձ: Սակայն բժշկական տեսանկյունից, մարդկանց եւ հասարակության առողջության տեսանկյունից դա շատ կարեւոր ոլորտ է եւ՛ այսօրվա, եւ՛ մեր ժողովրդի ապագայի համար: Ադրբեջանում հնուց ի վեր գոյություն ունի սովորություն՝ հարազատներն ամուսնանում են, ընտանիք ստեղծում: Ցավոք, այսօր էլ շատերը չեն պատկերացնում, թե դա ինչ բացասական ազդեցություն է թողնում ապագա սերունդների վրա»:
Հեյդար Ալիեւը պատմել է հայտնի բժշկուհի Զախրա խանումի հետ 1970-ականներին իր տանը տեղի ունեցած զրույցների մասին, որոնց ընթացքում բժշկուհին կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի բնակչության շրջանում տարածված աչքի եւ բազմաթիվ այլ հիվանդությունների, այդ թվում՝ մտավոր հետամնացության պատճառը արյունակցական ամուսնություններն են: Հեյդար Ալիեւի խոսքով, ինքն այս հարցը քննարկել է կոմկուսի կենտկոմի բյուրոյի անդամների, բժիշկների, ակադեմիկոսների, մասնավորապես` Մուստաֆա բեկ Թոփչիբաշեւի հետ: Վերջինս հաստատել է, որ Ալիեւի մտահոգությունները միանգամայն տեղին են:
«Ես հարցրի, թե այդ դեպքում ինչո՞ւ հարցին համազգային հնչեղություն չեք տալիս,- պատմում է Հ.Ալիեւը:- Նա (Թոփչիբաշեւը-Ա.Յ.) պատասխանեց, որ, գիտեք, մարդիկ չեն հասկանում: Զարմիկ-զարմուհիների միջեւ ամուսնության սովորությունը Ադրբեջանում այնքան խոր արմատներ է գցել, որ դրա դեմ պայքարելն անհնար է»:

Հ.Ալիեւի խոսքով, ինքը մտադրություն է ունեցել նույնիսկ Ադրբեջանի քրեական օրենսգրքում ավելացնել հոդված, որն արգելում է հարազատների միջեւ ամուսնությունը: «Սակայն ես համոզվեցի, որ նույնիսկ իմ շրջապատի չափազանց կիրթ մարդիկ վախենում են լուրջ միջոցներ ձեռնարկել: Ասում էին, որ մարդիկ չեն հասկանա, դա մեր ազգային սովորույթն է»,- պատմել է Ալիեւը եւ խոստովանել, որ 1982թ. Մոսկվա տեղափոխվելուց հետո ինքն այլեւս չի կարողացել այդ հարցով խորությամբ զբաղվել («Բակինսկի ռաբոչի», 16.10.1999, http://library.aliyev-heritage.org/ru/ 1948928.html):
Այսօր վիճակը նույնն է. Բաքվում եւ հատկապես ադրբեջանական գյուղերում հարազատների միջեւ ամուսնությունները լայնորեն տարածված են: Բժիշկներն ահազանգում են գենետիկ հիվանդությունների (մասնավորապես` հեմոֆիլիայի) տարածման մասին, բայց մարդիկ, վկայակոչելով հարազատների միջեւ «հաջող» ամուսնությունների օրինակները, չեն հավատում նրանց:

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՑ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ

Վերջերս ադրբեջանական մամուլում առանձնահատուկ սրությամբ արծարծվեց ազգամիջյան հարաբերությունների խնդիրը, որը, պարզվում է, իր դրսեւորումներն ունի նաեւ բանակում: Հուլիսի 17-ին «Մուսավաթ» թերթը հրապարակեց Ադրբեջանի ռազմական ակադեմիայի մի խումբ սպաների նամակը, որում նկարագրվում է Ադրբեջանի ԶՈՒ-ում ստեղծված լարված վիճակը:
«Ձեզ ենք դիմում Ադրբեջանի ԶՈՒ ռազմական ակադեմիայի մի խումբ սպաների անունից՝ ունկնդիրների, որոնք, լինելով ադրբեջանցի թուրք, իրականում համարվում են ազգային փոքրամասնություն,- ասված է նամակում: – Բանակի համար սպաներ պատրաստող ակադեմիայում ուսուցումը տագնապալի վիճակում է: Այստեղ սովորող սպաներին ընտրում են ոչ թե իրենց գիտելիքներին եւ ունակություններին համապատասխան, այլ ըստ ազգային պատկանելիության եւ տարածքային սկզբունքի: Կարեւորն այն է, որ Ադրբեջանում չլինես թուրք, այլ՝ թաթ, լեզգի կամ թալիշ: Իսկ փոքրաքանակ սպաները, որոնցից ենք մենք (Ադրբեջանի թուրքերս), ազգային փոքրամասնություն են:

Տեսեք` ով է ղեկավարում մեր ակադեմիան: Պետը գեներալ Նաջաֆ Համբարովն է՝ պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի ուսանողական ընկերը, որը հռչակվել է զինկոմիսարիատում «սեւ գործեր» անելով: 1993թ. նա Ղազախում տեղակայված զորամասը հանձնեց խռովարար գնդապետ Սուրեթ Հուսեյնովին ու դասալքեց: Ակադեմիայի պետի տեղակալը Շաիր Ռամալդանովն է, ազգությամբ լեզգի, գործարար: Մարտավարության ամբիոնի պետը բազմաթիվ հանցագործությունների համար կոչումազրկված ու պաշտոնանկ արված Չինգիզ Շաֆիեւն է, ազգությամբ թաթ:
Մի՞թե այդ մարդիկ կարող են մեզ հայրենասիրություն սովորեցնել: Մենք եկել ենք զորամասերից, շրջաններից: Մենք ձեզ հարցնում ենք՝ Սաֆար Աբիեւն ինչպե՞ս ցանեց իսկական շովինիզմի, ազգայնամոլության սերմերը: Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատում նստած գեներալներից ու գնդապետներից ո՞վ է ադրբեջանցի թուրք: Ոչ մեկը: Այնտեղ կան միայն թաթեր, լեզգիներ, թալիշներ: Պատկերացրեք, որ նախարարության կենտրոնական ապարատում խոսելու են թաթերի, լեզգիների, թալիշների լեզուներով: Բանակի միջուկը բաղկացած է այս երեք ազգություններից: Այդ իսկ պատճառով վերը նշել ենք, որ մենք՝ Ադրբեջանի թուրքերս, բանակում փոքրամասնություն ենք:

-Պատգամավոր Վահիդ Ահմեդովն ասում է, որ բանակում գոյություն ունի քրդական խնդիր, քրդերը ցանկանում են պաշտպանության նախարարի պաշտոնանկությունը: Սակայն իրականում քրդական խնդիր բանակում չկա, բայց կա թաթերի, լեզգիների, թալիշների խնդիր: Նրանք պաշտպանելո՞ւ են Ադրբեջանը, որը պատերազմի մեջ է Հայաստանի դեմ: Ամենեւին: Նրանք զբաղված են միայն հարստություն կուտակելով եւ քոթեջներ կառուցելով» (http://voskanapat.info/ news/sojuz_protiv_povara/2011-08-12-1618):

Ո՞Վ Է ՏՈՒԺՈՒՄ ՆԵՐԻՇԽԱՆԱԿԱՆ ԳԶՎՌՏՈՑԻՑ

Տարօրինակ է: Ադրբեջանի իշխանությունը ճնշում է հենց այն ազգություններին, որոնք, եթե հավատանք նամակագիրներին, գերիշխող դիրք ունեն բանակում: Արդյո՞ք այս նամակը սադրանք չէ՝ քողարկելու համար Ադրբեջանի իշխանության բիրտ քաղաքականությունը ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Իբր, տեսեք, թե իրականում ով ում է ճնշում:
Չի բացառվում նաեւ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարին վարկաբեկող այս նամակը պետք է դիտարկել պաշտպանության նախարարի եւ գլխավոր շտաբի պետի հակամարտության ենթատեքստում: Ըստ «Բիզիմ յոլի»՝ Ադրբեջանի բանակում զինակոչիկներին ըստ զորամասերի բաշխելու լիազորությունը նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով տրվել է ԳՇ պետ Նաջմեդդին Սադիգովին, ինչը զայրացրել է Սաֆար Աբիեւին. չէ՞ որ զինակոչիկներին բաշխելը կատարվում է «մաղարիչի» դիմաց, եւ ստացվում է, որ Աբիեւից խլել են խիստ եկամտաբեր մի գործ:

Ըստ թերթի՝ Աբիեւը վրեժ լուծելու նպատակով բացահայտել է կաշառակերության մի քանի դեպք ու ներկայացրել նախագահին: Արդյունքում Ադրբեջանի որոշ շրջանների զինկոմներ հեռացվել են աշխատանքից: Իր հերթին, Ն.Սադիգովը այժմ հրաժարվում է ստորագրել զինակոչիկների բաշխման ակտերը («armenpress.am», 09.07.2011): Հակասություն կա նաեւ Սաֆար Աբիեւի եւ պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի միջեւ, քանի որ ռազմական նշանակության մի քանի գործարան վերջերս պաշտպանության նախարարության ենթակայությունից հանվել եւ տրվել է պաշտպանական արդյունաբերության նախարարությանը:
Հարկ է նկատել, որ ներիշխանական գզվռտոց տեղի է ունենում Ադրբեջանի ոչ միայն ուժային նախարարություններում, այլեւ կառավարման ամբողջ համակարգում: Միմյանց դեմ են պայքարում տրանսպորտի նախարար Զիա Մեմմեդովը եւ արտակարգ իրավիճակների նախարար Քեմալեդդին Հեյդարովը, հարկերի նախարար Ֆազիլ Մեմմեդովը եւ ֆինանսների նախարար Սամիր Շերիֆովը, Ադրբեջանի նախագահի անձնական պահակախմբի պետ գեներալ Բեյլեր Էյուբովը եւ ուժային կառույցների մյուս ղեկավարները («armenpress.am»,06.08. 2011):

Բնականաբար, այս ամենից տուժում է նախեւառաջ շարքային զինվորը: «Բիզիմ յոլը» օգոստոսի 12-ի համարում գրում է, որ Ադրբեջանում տարածվել է տեսանյութ, որտեղ նկարահանված է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները սովից օձի միս ուտում: Մի քանի օր առաջ էլ ադրբեջանական բանակում գրանցվել է հերթական զոհը. իբր արեւահարությունից մահացել է Նախիջեւանի զորամասի զինվոր 21-ամյա Սամեդդին Գուլիեւը:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #32 (897) 17.08.2011 - 24.08.2011, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


24/08/2011