ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԸ ՀՈՒՍԱԼԻ Է ՊԱՇՏՊԱՆՎԱԾ
Արդեն մի քանի տարի է` հայ-ադրբեջանական սահմանագոտու առավել վտանգավոր հատվածները հսկում են մեր զինված ուժերի պայմանագրային զինծառայողները: Նրանք պարտադիր ժամկետային ծառայություն անցած, մասնագիտական համապատասխան պահանջները բավարարող քաղաքացիներ են: Առաջնագծում պայմանագրային եւ սովորական ստորաբաժանումների մարտական խնդիրը նույնն է` հետեւել հակառակորդի տեղաշարժին, դիմագրավել հնարավոր առաջխաղացմանն ու դիվերսիոն խմբերի ներթափանցմանը: Նույնն է նաեւ նրանց կենցաղը, առօրյան: Սակայն շատերի պնդմամբ՝ պայմանագրայինները դիրքերում հիմնականում ավելի կազմակերպված, մարտունակ են, ինչն էլ իր օբյեկտիվ պատճառներն ունի` նրանք արդեն որոշակի փորձ, վարժվածություն ունեն, ստորաբաժանումներում ընդգրկվելու համար էլ նախնական խիստ ընտրություն են անցնում: Թերեւս ամենակարեւորն էլ այն է, որ, ի տարբերություն տասնութ տարեկան պատանիների, գիտակցաբար են ընտրել զինվորականի դժվարին ուղին, մեկ անգամ արդեն զգալով զինվորին բաժին հասնող պատասխանատվության ողջ ծանրությունը` ցանկություն են հայտնել նվիրվել հայրենիքի պաշտպանության գործին: Պատահական չէ, որ մեր պայմանագրայինների հենակետերի դիմաց գտնվող հակառակորդն իրեն շատ ավելի հանգիստ է պահում, որովհետեւ գիտի` պատասխանը կտրուկ եւ հուժկու է լինելու:
Պայմանագրային ծառայության առանձնահատկություններին ծանոթանալու նպատակով այցելեցինք հանրապետության հյուսիսային գոտու հենակետերից մեկը: Մեզ ուղեկցում էր զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ս. Թեւանյանը: Նա երկար տարիներ պայմանագրային գումարտակի հրամանատարի պաշտոն է զբաղեցրել, լավատեղյակ է ոլորտի բոլոր նրբություններին: Ի դեպ, փոխգնդապետ Թեւանյանը մասնակցել է այս հենակետի հիմնադրման աշխատանքներին: Հիշում է, որ մի քանի օր գիշերը աշխատել են ծածուկ, առանց տեխնիկայի, շինանյութը, այդ թվում ծանր գերաններն ու երկաթե խողովակները, ձեռքով տեղափոխել են բլրի վերեւը, իսկ ցերեկները հանգստացել են: Խրամատները փորվել են, կառուցվել է կացարանը, նոր միայն ինքը հասակով մեկ կանգնել է թմբի վրա՝ խուճապի մատնելով հակառակորդին: Փոխգնդապետը նաեւ հենակետի անունն է կնքել: Գիշերները ներքեւի ձորից գայլերի ոռնոց է լսվել, հաճախ մոտեցել են դիրքերին: Տղաներից մեկը միշտ հետեւել է, բայց չի կրակել՝ ուշադրություն չգրավելու համար: Թեւանյանը կեսկատակ-կեսլուրջ ասել է, թե կարծես գայլերի ձոր լինի: Սահմանի անվտանգության ապահովման շղթայի մի մասը լինելուց բացի, հենակետը մի շատ կարեւոր առաքելություն է իրականացրել` այստեղ բազմաթիվ երիտասարդներ են կոփվել, կայացել որպես մարտիկներ:
Հենակետի այսօրվա պահապանների հետ շփվելիս մեզ հետաքրքրում էր ամեն ինչ` ծառայողական պայմաններ, դիրքային առօրյա, մարտական հերթապահություն իրականացնող զինվորի հոգեվիճակ եւ այլն: Մեզ դիմավորեց հենակետի ավագ սերժանտ Հովսեփ Հովհաննիսյանը: Հրամանատարի տեղակալին նրա զեկույցը հստակ էր` արտակարգ միջադեպեր չեն գրանցվել, հերթապահությունը կատարվում է հրամանի համաձայն: Պահը բաց չեմ թողնում եւ զրույցի եմ բռնվում Հովսեփի հետ: Բագրատաշեն գյուղից է, ամուսնացած է, երկու տղա ունի: Շուրջ մեկ տարի է` անցել է պայմանագրային ծառայության, գումարտակի ականանետային դասակի հրամանատարն է: Նրա պարտադիր ժամկետային ծառայությունը նույնպես անցել է սահմանամերձ զորամասում, այնպես որ՝ սկզբից էլ իր պարտականությունները կատարելիս խնդիրներ չի ունեցել, ավելին, որպես հմուտ մասնագետ նշանակվել է ղեկավար պաշտոնի: Ընդամենը երեսուներեք տարեկան է, բայց շատ ավելի մեծ է երեւում. գյուղի չարքաշ աշխատանքը, զինվորական լարված կյանքը թողել են իրենց կնիքը: Մեկ-երկու հրահանգ տալուց հետո միասին շրջեցինք տարածքում` կացարանը մաքուր էր, ամեն ինչ իր տեղում, ննջարանը, զինանոցը, պահեստարանը առանձնացված, ննջարանում առկա էին անհատական քնապարկերը, հանգստի ու ժամանցի պարագաները, դրսում ֆիզպատրաստության համար նախատեսված պարագաներն էին, իսկ խոհանոցում տարածվել էր ճաշի համեղ բույրը:
Արդեն հերթափոխի ժամն էր, երբ փոխարինող դիտորդների հետ մտանք խրամուղի: Հովսեփը ներկայացրեց ինժեներական ամրությունների վիճակը, նշեց, որ այդ առումով ամրաշինական աշխատանքը մշտական է, եղանակային պայմաններից դրդված՝ խրամուղու պատերը պարբերաբար ամրացվում են, ընդհանուր մաքրությունը կատարվում է ամեն օր: Դիտակետերում մեր զրույցն ընդհատվում է. դիտորդները հանձնում էին հերթափոխը, նոր վերակարգին հենակետի ավագը որոշակի ցուցումներ էր տալիս: Յուրաքանչյուր կետում հարցեր էի տալիս պարտականությունների վերաբերյալ: Տղաները հստակ ներկայացնում էին իրենց ծառայության անցկացման կարգը, յուրաքանչյուրն իր պատասխանատվության գոտին, հնարավոր արտակարգ դեպքերում գործողությունների հաջորդականությունը` ողջ ընթացքում խստորեն հետեւելով անվտանգության կանոնների պահպանմանը:
Ազատված հերթափոխի հետ վերադարձանք կացարան, բոլորը լիցքաթափեցին զենքերը, զրահաբաճկոնների հետ տեղավորեցին զինապահեստում եւ միացան առօրյա գործերով զբաղված ընկերներին: Կացարանի կողքին տղաները ծառի հովանու ներքո փոքրիկ տաղավար են պատրաստել՝ ընդամենը մեկ սեղան եւ երկու նստարան, բայց բոլորը հաճույքով այստեղ են հավաքվում ազատ ժամերին: Վերեւից գեղեցիկ տեսարան է բացվում, որն ինքնին տրամադրում է խաղաղ հանգստի, առօրյա հոգսերից կտրվելու: Զինծառայողներից մի քանիսի հետ զրույցի բռնվեցինք հենց այնտեղ: Վահագն Գասպարյանը, Անդրանիկ Քսպոյանը նույնպես Բագրատաշենից են, ամեն մեկն իր գործն ունի, Անդրանիկը ավարտել է Ժամանակակից հումանիտար ակադեմիայի ինֆորմատիկայի հեռակա ուսուցման բաժինը, բայց շատերի պես նրանք էլ որոշեցին զինվորական պայմանագիր կնքել: Խոստովանում են, որ գոհ են. պայմանները գոհացուցիչ են, աշխատավարձը` կայուն, հանգստյան օրերին էլ հասցնում են տան գործերն անել վերջացնել: Երբ մի քանի օրով տուն են գնում, հարազատները, հարեւան-ծանոթները հպարտությամբ են նրանց դիմավորում: Հատկապես կարեւորեցին գումարտակում տիրող ընկերական մթնոլորտը, անսահման վստահություն մեկը մյուսի հանդեպ: Հովսեփը նշեց, որ իրենց օրինակով համագյուղացիներից շատերն են անցել պայմանագրային ծառայության, իր հորեղբոր, հորաքրոջ տղաները` Դավիթը, Մհերը, Վահագնը նույն գումարտակի այլ հենակետում են ծառայում: Տվյալ դիրքի տարիքով ավագը կողբեցի Արթուր Աղաբաբյանն էր: Նա ե՛ւ խոհարարություն է անում, ե՛ւ հսկում, խորհուրդներով օգնում է երիտասարդներին: Արթուրը մեկ տղա եւ մեկ աղջիկ ունի: Համաձայնելով ասվածին` հավելեց, որ իրենք երեխաների համար են ծառայում, օրինակ հանդիսանում, նրանք են վաղը-մյուս օրը շարունակելու հայրենի եզերքի պաշտպանության սուրբ գործը:
Գումարտակում շատ են սահմանամերձ գյուղերի բնակիչները: Իրենք այսպես են դա բացատրում` ապրում ենք սահմանի կողքին, մեր հողն ու ջուրը վայելում, ուրեմն, եթե հնարավորություն կա, ինչու նաեւ զենքով չպաշտպանենք մեր հարազատ տունը, մանավանդ, սահմանամերձ գոտիներում դեռ թարմ են պատերազմի մասին հիշողությունները, երբեմն էլ հանդերի ուղղությամբ հակառակորդի կրակոցները թարմացնում են դրանք: Նույն կերպ է մտածել նաեւ Թաթուլ Զուրաբյանը եւ մոտ մեկ տարի առաջ դարձել պայմանագրային զինծառայող: Հայրենի գյուղից քիչ հեռու է ծառայում, հսկում հայրենի օջախի անդորրը: Լուսանկարվելիս պատահականորեն Թաթուլը այնպես էր կանգնել, որ նրա թիկունքում երեւում էր իրենց գյուղը` կարծես խորհրդանշելով, որ հայրենի հողը հուսալի պաշտպանված է: Եվ հենց այդ վստահությունը մենք տեսանք խրոխտ, ձիգ տղաների պահվածքում, սեփական գործի կարեւորությունը գիտակցողի նրանց վճռական հայացքներում:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
կապիտան
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր