ԳՆԴԱՊԵՏ ՇԱՏԵԼՎՈՐԴԻ «ՍԵՎ» ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
1919թ. մարտին գեներալ Թոմսոնը նշանակվում է Անդրկովկասում բրիտանական ուժերի գլխավոր հրամանատար: Մինչ այդ նա Ադրբեջանում Անգլիայի ռազմադիվանագիտական միսիայի ղեկավարն էր: Բաքվում նրան փոխարինում է գնդապետ Շատելվորդը: Վերջինս շարունակում է իր նախորդի` Արցախը հօգուտ Ադրբեջանի բռնազավթելու քաղաքականությունը եւ փորձում ուժով ու խաբեությամբ մարզը ենթարկել Ադրբեջանին:
Այդ նպատակին հասնելու միջոցներից մեկը Ղարաբաղի լեռնային արոտավայրերում ադրբեջանցի քոչվորների ոչխարների հոտերը արածեցնելու պահանջն էր: Սա լուրջ սպառնալիք էր արցախահայության համար, որովհետեւ այս ճանապարհով մեծ թվով զինված ադրբեջանցիներ էին ներթափանցում մարզ` թալանի, գողության, սպանությունների նպատակով: Խնդիրն այնքան լուրջ էր, որ քննարկվում է 1919թ. ապրիլի 23-ին բացված` արցախահայության 5-րդ համագումարում, որի ժամանակ հայերը համաձայնում են թույլ տալ քոչվորների մուտքը Արցախ` պայմանով, որ նրանք պետք է նախօրոք զինաթափվեն: Բացի դրանից, համագումարը մեկ անգամ եւս մերժում է Ադրբեջանին ենթարկվելու` անգլիացիների առաջ քաշած ծրագիրը:
Այդ ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոխգնդապետ Արսեն Շահմազյանին նշանակում է Արցախի ու Զանգեզուրի գեներալ կոմիսարի պաշտոնում: Նա կարողանում է կարճ ժամանակում կազմակերպչական մեծ գործունեություն ծավալել. միավորվում են Արցախի եւ Զանգեզուրի Ազգային խորհուրդները, կապ է հաստատվում առանձին շրջանների ինքնապաշտպանական ուժերի միջեւ: Արցախում էր նաեւ Բաքվի Ազգային խորհրդի ներկայացուցիչ, գրող, հրապարակախոս ՄԻՍԱՔ ՏԵՐ-ԴԱՆԻԵԼՅԱՆԸ (կեղծանունը` Արամայիս): Մինչ Արցախ գործուղվելը նա արդեն հռչակվել էր որպես հմուտ զինվորական եւ քաջարի մարտիկ:
1919թ. հունիսին Շատելվորդի հրամանով Արցախից արտաքսվում են Ազգային խորհրդի ներկայացուցիչներ Հարություն Թումյանը, Եղիշե Իշխանյանը եւ Աստվածատուր Ավետիսյանը, ովքեր գործուն դերակատարություն ունեին մարզի ինքնապաշտպանության եւ կառավարման հարցերում: Դրան զուգահեռ, ակտիվանում էին թուրք-ադրբեջանական զինված հրոսակները, որոնք աստիճանաբար ամրանում էին Արցախի սահմաններում: Հունիսի 4-ին տեղի են ունենում առաջին բախումները. ադրբեջանցիները Շուշիում սպանում են 17 հայ արհեստավորների, ովքեր օրավարձով աշխատում էին թուրքական թաղամասերում:
Դեռ 1919թ. սկզբին Ղարաբաղի գեներալ-նահանգապետ Խոսրով բեկ Սուլթանովի հրամանով ադրբեջանցիներին արգելվել էր առեւտրական կամ այլ տեսակի որեւէ գործունեություն իրականացնել հայերի հետ, փակվել էին ճանապարհները, ինչը սովի սպառնալիք էր ստեղծել Արցախում: Եթե հաշվի առնենք, որ արական սեռի գրեթե բոլոր ներկայացուցիչները ստիպված էին գիշերուզօր մարտական հերթապահություն կատարել սահմաններում, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ վիճակում էր հայտնվել մարզի գյուղատնտեսությունը:
Միսաք Տեր-Դանիելյանն իր օրագրում ուշագրավ տեղեկություններ է շարադրել անգլո-ադրբեջանական համագործակցության մասին` ընդդեմ հայերի: Հետագայում իր գրառումները նա հանձնել է պատմաբան Լեոյին, եւ այն պահվում է ՀՀ ԳԱ արխիվում:
Ապրիլի 27, 1919
…Ո՞վ էր տեսել, որ հայ կինը Աղդամ գար գնումներ անելու։ Բայց այժմ սովը ստիպում էր, եւ նրանք եկել էին՝ որը քսակով, որը խուրջինով… Շուտով պարզվեց, որ թուրքերը տնտեսական բոյկոտ են հայտարարել եւ հայերին ոչինչ չեն տալիս, ով կարող էր` ծածուկ մի քիչ բան էր առնում ու շտապում Աղդամը թողնելու, որովհետեւ մթնոլորտը ծանրացել էր… Աղդամում շուտով մի բան էլ պարզվեց. այս կամ այն թուրքը հայի ձեռքից խլում էր նրա էշը, ձին եւ եզը, պնդելով, թե իրենն է եղել, եւ հայը ժամանակներ առաջ գողացել է։ Բողոքողը ծեծվում էր, եւ բողոքը իսկի տեղ էլ չէր հասնում…
…Ասկերանում թուրք պահակներն ինձ կանգնեցրին, հարցուփորձ արին եւ բաց թողեցին։ Սիրտս պայթում էր վշտից, Ասկերանում՝ թուրք պահա՞կ… Այն Ասկերանում, որ կանգնեցնում էր ամբողջ թուրքական գրոհները, որ հաստատուն պատվարի նման Հայկական Ղարաբաղը դարձնում էր անմատչելի, եւ որից թուրքերը այնքան էին վախենում, որ Ասկերանից անցնելը տղամարդկություն էին համարում։
Խոջալվում վարժեցնում էին նոր հավաքած ասկյարներին, իսկ Խանքենդ ավանի զորանոցը արդեն դարձել էր Ադրբեջանի զորքերի զորանոց…
Ժամը 11-ին հասա Շուշի։ Տեղեկացա, որ համագումարի վերջին նիստը պետք է տեղի ունենա երեկոյան։ …Համագումարը հավաքվել էր պատասխանելու գեներալ Շատելվորդին։
Այդ գեներալը տարօրինակ դիրք էր բռնել դեպի Ղարաբաղն ու Զանգեզուրը… Նա վճռել էր, ինչ գնով էլ լինի, 300.000 հայության դնել նորածնունդ Ադրբեջանի լծի տակ` Հայաստանը զրկելով մի ընդունակ, առողջ տարրից…
Մայիսի 1
…Միշան անգլիական միսիայի ներկայացուցչի հետ ավտոմոբիլով ճանապարհվում է Գորիս՝ քոչի խնդիրը հարթելու։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Զանգեզուրը բացարձակապես մերժել էր քոչը բաց թողնել Զանգեզուրի սահմաններից ներս, եւ այդ հանգամանքը ոտուձեռք էր գցել մեր «դաշնակից» անգլիացիներին։ Նրանք չէին կարողանում հանդուրժել, որ Ղարաբաղն ու Զանգեզուրը համառորեն պնդում են Հայաստանին պատկանելու իրենց ցանկությունը…
Մայիսի 4
Միշան վերադարձավ Գորիսից։ Նրա տված տեղեկությունները ճնշող էին… Անգլիացիք դիմում են Ազգային խորհրդին ու պահանջում, որ քոչը բաց թողնեն, բայց Ազգային խորհուրդը մերժում է` հենվելով համագումարի կամքի վրա… Քոչը բաց թողնել նշանակում է Զանգեզուրի թիկունքն անցկացնել զինված թշնամի տարրը, որ հարմար րոպեին Զանգեզուրը կարող է մեծապես վտանգել։ Ոչ քոչը բաց կթողնեն, ոչ էլ Ադրբեջանի մասին լսել անգամ կուզեն…
Մայիսի 11
Շուշի եկավ գեներալ Շատելվորդը։ Նրա գալուց լավ ոչինչ չենք սպասում։ Համոզված ենք, որ խեղդելու է, եւ ուրիշ ոչինչ։
…Ժամը երեքն անց կեսին Շատելվորդն իր մոտ կանչեց Արզումանյանին։ Ժամը 5-ին վերջինս վերադարձավ հուզված ու զայրացած։ Նրանց միջեւ տեղի էր ունեցել հետեւյալ խոսակցությունը։
– Վաղն առավոտյան ավտոմոբիլը պատրաստ կլինի հյուրանոցի առաջ, ուղիղ ժամը 7-ին պետք է թողնեք Շուշին ու հեռանաք Թիֆլիս – Երեւան։
Միշան սկզբում անակնկալի է գալիս, հետո… զարմացած հարց է տալիս.
– Դուք ինձ աքսորում եք, բայց ինչի՞ հետեւանք է դա, արդյոք իմ վարած քաղաքականությա՞ն, թե՞ կան ուրիշ պատճառներ։
– Որովհետեւ,- պատասխանում է գեներալը,- դուք ձեզ հետ Հայաստանից փող եք բերել Ղարաբաղում ագիտացիա անելու Ադրբեջանի դեմ եւ, երկրորդ, երբ դուք գնացել եք Գորիս, այնտեղ չեք հայտարարել, թե Հայաստանի կառավարությունը Ղարաբաղը զիջել է Ադրբեջանին… – Հայաստանի կառավարությունը երկդիմի քաղաքականություն է վարում։ Այս խնդրում մեղավորը մահապատժի կարժանանա եւ առհասարակ Ղարաբաղի շուրջը կատարվող գործերը, որոնք տարվում են անգլիական հրամանատարության ծրագրին հակառակ, կարող են արժանանալ հազարավոր հայերի կյանք։
Արզումանյանը զարմացած մնում է «դաշնակցի» երեսին նայելիս։
– Ես կհեռագրեմ, որ վերադարձող գաղթականներին թողնեն Ղարսում եւ Նախիջեւանում, մինչեւ… Ղարաբաղը չընդունի Ադրբեջանի իշխանությունը,- շարունակում է Շատելվորդը,- Հայաստանի կառավարությունը ընդունել է այդ, մանավանդ որ բոլորը ժամանակավոր է, մինչեւ որ խաղարար կոնֆերանսն իր վճիռը կտա…
Պարզ տեսնում ենք, որ անգլիական հրամանատարությունը կառչել է Ղարաբաղի կոկորդից եւ չի ցանկանում բաց թողնել։
Մայիսի 13
…Որ անգլիական հրամանատարությունը… որոշել էր Ղարաբաղը չոքեցնել, դրանում ոչ մի կասկած չկա։ …Մի՞թե Գերմանիային տապալող, Դարդանելը պատռող Անգլիան պիտի վախենար ինչ-որ նորածին Ադրբեջանից եւ մի՞թե միայն մի անգամ անգլիացի ներկայացուցչի ոտն սպառնորեն գետնին զարկելուց չէին բացվի ճանապարհները, չէր վերանա բոյկոտը, ծակուծուկերը չէին մտնի բոլոր թալանչիները Սուլթանովի հետ միասին։ Եվ եթե Շատելվորդն ու մյուսները այդ չէին անում, ապա պարզապես նրանց ընկերակցում էին…
Մայիսի 16
Այսօր բողոքներ գնացին անգլիական միսիա, բայց Շատելվորդը չընդունեց, առաջարկելով դիմել Սուլթանովին։ Եթե ռազմամթերք ունենայինք, մենք գիտեինք, թե ում պետք է դիմել, բայց… դատարկ ձեռքերով ի՞նչ անենք… Անզոր կատաղությունը խեղդում էր մեզ…
Մայիսի 20
Բոյկոտը սարի պես ծանրացել է Ղարաբաղի վրա եւ խեղդում է տնտեսապես։ Ժողովուրդը մնացել է շշմած… Առհասարակ նկատելի է, որ Ղարաբաղում անգլիացիների բռնած դիրքը տանում է դեպի արյունահեղության։
Մայիսի 27
…Այսօր մեր սուրհանդակը լուր բերեց, թե քոչը արդեն Ասկերանից անցել ու բարձրանում է վերեւ։ Ազգային խորհրդի հրահանգի համաձայն` հայերը բոլորովին հանգիստ են պահում իրենց։
…Աշխատում էինք, որ թուրք խաղաղ ժողովրդին անհանգստացնող չլինի։ Մյուս կողմից նույն թուրք «խաղաղ» ժողովուրդը իրենց ընկերների առաջարկությամբ սիստեմատիկ հարձակումներ էին գործում մեր ծայրագյուղերի վրա…
Մենք հաստատ աղբյուրներից գիտենք, որ այդ հարձակումների կազմակերպողն Ադրբեջանն է, իսկ ղեկավարողը՝ Քյազիմ փաշան։ Այդ մասին գիտեր եւ անգլիական միսիան։ Ինչպես մենք, նույնպես եւ անգլիացիները տեղեկություն էին ստացել, թե Էնվեր բեյը գտնվում է Սուլթանովի կալվածքում, կամ Հաջիսանլվում…
Հունիսի 3
Ադրբեջանի զորքերը շրջապատել են քաղաքը։ Ի՞նչ է Սուլթանովի նպատակը, սատանան գիտե, բայց որ նա դիվային ծրագիր ունի մշակած, բոլորիս հայտնի է։ Քաղաքի ժողովուրդը իրեն շատ ճնշված է զգում ու անպաշտպան, իսկ գավառինը` զայրացած։ Ասկյարները իրենց դիրքերը բերել, հասցրել են մինչ Քերծին գլուխ եւ մոտեցել… հայկական թաղին։
Քերծին գլուխ հանեցինք մեր փոքրաթիվ զինվորներից քսան հոգի՝ Քարինտակ տանող ուղին պաշտպանելու: Այդտեղ հայ ու թուրք պահակներն իրարից բաժանվում են հազիվ 60- 70 քայլ տարածությամբ…
Տեղեկացանք… որ բազմաթիվ սայլեր, ռազմամթերքով բեռնավորված, ճանապարհվեցին դեպի Շուշի։ Աղդամից նոր զորքեր են մտել Խանքենդ…
Հունիսի 4
Առավոտյան գնացի Ազգային խորհրդի գրասենյակ: …Եկած տեղեկությունները սպառնալից են: Ադրբեջանը լարել է ուժերը… Ղարաբաղը պինդ է կանգնած:
Վարանդայի մի մասը, Դիզակն ու Ջիվանշիրը որոշ քանակությամբ զենք ունեն, ուստի եւ տրամադրությունը մարտական է. զինված մարդու հոգեբանությունն այլ տեսակ է լինում, իսկ երբ զենքը ձեռքից առնում են, նա կորցնում է հոգու հավասարակշռությունը: Զենք ունեցող գավառները տղամարդու պես պատրաստ էին կուրծք տալու, եւ եթե գոնե յուրաքանչյուր հրացանին 300 փամփուշտ ունենայինք, բոլոր ճակատներում նախահարձակ կլինեինք, հուսալով, որ նախքան Ղարաբաղի մեռնելը, նա մահացու հարված պիտի տա արյուն սիրող թշնամուն:
…Ժամը ուղիղ 10 եւ կեսն էր: Քերծի գլխից մի քանի հրացաններ պայթեցին, եւ դա ազդանշան էր դժոխային գործողության: Կես րոպե չանցած` ասկյարների բոլոր դիրքերից սկսվեց մի սոսկալի հրաձգություն, որին մասնակցում էին եւ Սուլթանովի եղբոր բերած բազմաթիվ կատաղի քուրդ ձիավորները… Խանութները, որոնք բաց էին, իսկույն կողոպտվեցին: Հայկական մասում ոչ մի թուրք չկար, կարծես նախօրոք զգուշացված` նրանք քաշվել էին ներս, իսկ թրքական մասում բավականաչափ հայ մշակներ ու արհեստավորներ կային, որոնց քաղցը ստիպել էր գնալ թրքերի համար օրավարձով աշխատելու: Նրանք, իհարկե, կմորթվեն… Ժամը 12-ի մոտերքը գնդակոծությունը հասավ աներեւակայելի չափերի: Զանազան սիստեմի հրացաններ տարբեր տեղերից կամ ծկլթում էին, կամ ճայթում, կամ որոտում: Մանավանդ մեչիդի գլխից չորս հրացանավորներ իրենց դամդամներով դադար չէին առնում, կարծես փամփուշտների ամբարի կողքին էին ու զարկում: Թուրքերի նպատակն էր սարսափ ու խուճապ առաջացնել քաղաքում…
Այդ միջոցին էլ Ղայբալիշենի մոտից լուր հասավ, թե քրդերն ու թուրքերը ահագին քանակությամբ եկել, հուր-սուր են քաշում գյուղի չորս կողմից։
Ժամը 1-ին, երբ հրացանաձգության ուժգնությունն իր գագաթնակետին էր հասել, ժողովրդից պատգամավորներ եւ Վահան եպիսկոպոսը գնում են անգլիական միսիա, աղաչելու, որ փրկեն քաղաքը… Մայորը նստում է ավտոմոբիլ եւ գնում Սուլթանովի մոտ… նա վերադառնում է ու հայտնում, թե Սուլթանովը ուլտիմատում է դրել, որ եթե անգլիական միսիայում ստորագրություն տված անձինք հեռանան քաղաքից, անմիջապես կդադարի հրաձգությունը, կվերանա բոյկոտը, կվերականգնվեն նախկին բարիդրացիական հարաբերությունները եւ զինված ամբոխին կստիպեն ցրվել իրենց տները…
Հունիսի 5
Ամբողջ գիշերը շարունակվում էր կատաղի հրաձգությունը։ Բոլոր դիրքերից, առանց բացառության, մարդ մարդու հետեւից գալիս էին ու փամփուշտ պահանջում…
Լուսացավ, եւ թուրքերից ովքեր քնած էին, նրանք էլ արթնացան, հրացան վերցրին ու նստեցին փամփուշտների ամբարի կողքին… Մինչդեռ մերոնցից այնպիսինը կար, որ ամբողջ կռվի ընթացքում արձակել էր ընդամենը հինգ փամփուշտ, որովհետեւ ունեցածը միայն 15 հատ էր։
Ազգային խորհրդի անդամ Հրանտ Բահաթուրյանը լուր բերեց, թե ավտոմոբիլը պատրաստ է, եւ շուտով «աքսորյալները» կճանապարհվեն։ Իսկապես, ժամը ինն անց կեսին Եղիշեն, Ավետիսյանը եւ Թումյանը ճանապարհ ընկան…
Անգլիական միսիային տված հավաստիացումներից պետք է սպասել, որ Սուլթանովը կկատարի իր խոստումը, այսինքն՝ հենց որ «հանցավորները» Շուշիից հեռանան, իսկույն ամենուրեք կդադարի հրաձգությունը, բոյկոտը կվերանա եւ այլն։ Բայց դուրս եկավ հակառակը. ավտոմոբիլը դեռ Մազի կամուրջ չհասած` սկսվեց մի կատաղի հարձակում Ղայբալիշենի վրա, իսկ քաղաքում զարգացավ հրաձգությունը։
Ենթադրելով, որ Սուլթանովը ձեռք չի քաշի Ղարաբաղն ավերելու իր դիվային ծրագրից, բոլոր դեպքերի մանրամասնությունները գրավոր կերպով անմիջապես հայտնվեց գավառ անցած Ղարաբաղի Ազգային խորհրդի անդամներին ու գլխավոր շտաբին, առաջարկելով խիստ զգույշ լինել, զինվորությունը պատրաստ պահել։
Հուսահատական մաքառումից հետո Ղայբալիշենն ընկավ ժամը 1-ին, եւ անգլիական ու ամերիկյան միսիաների քթի տակ սկսվեց անպաշտպան կին-երեխաների ալան-թալանն ու ավերածությունը, հրդեհեցին ամբողջ գյուղը։ Անգլիական սպաներից մի քանիսը դուրս էր եկել Քերծի գլուխը եւ… խոհեմաբար հետ դարձել դեպի իրենց տեղերը…
Ղայբալիշենի տները վառվում էին… Բարի հարեւանը տնետուն ման է գալիս ու մի առ մի վառում՝ գյուղի հետքը կորցնելու…
Հունիսի 6
…Շուշին փաստորեն դեռ վաղուց էր ընկել Սուլթանովի ճանկը, եւ այս արյունահեղությամբ նա ոչինչ չշահեց, ձեռքին դարձյալ միայն Շուշին էր, իսկ գավառը նախկին դրությամբ ոչ մի Ադրբեջան չէր ուզում ճանաչել…
Ղայբալիշենը դեռ շարունակվում է մոխիրների վերածվել… Այժմ Քերծի գլխից լավ երեւում էր, թե ինչպես թուրքերը տնից տուն անցնելով, վառում են կիսավեր տները եւ որսորդական շների պես թփերի տակերն ընկած` ման են գալիս թաքնված հայերին…
Հունիսի 8
Ի պատասխան Սուլթանովի «բարի» տրամադրության` այսօր Կրկժան գյուղը վառվում է՝ պատկերը լրացնելու համար։ Անգլիական միսիան, ինչպես ասում են, դիմել է Սուլթանովին, որ հերիք համարե եղածը:
Հունիսի 10
Այս գիշեր թուրքերը հարձակվել են Դահրազ գյուղի վրա, բայց նրանց դեմն է դուրս գալիս մի փոքրիկ զորախումբ եւ ջարդելով քշում։ Նույնպիսի հարձակում տեղի է ունենում Դաշուշենի վրա։ Փոքրաթիվ հայ պահակները ստիպված են լինում նահանջել։
Այդ ժամանակ Դոնավազից հրաման է գալիս, որ Շուշիից եւ հարավից մեր զորամասերն առաջ շարժվեն ու շրջապատեն։ Այդպես էլ անում են։ Եվ հենց այն րոպեին, երբ թուրքերը մտնում են գյուղի ծայրը եւ մի երկու մարագ վառում, հայկական ուժերը վրա են հասնում եւ ուժեղ թափով փլվում թշնամու վրա…
Հունիսի 17
Երեկ մարդ էինք ուղարկել անգլիական միսիա, որպեսզի այնտեղ հայտնեն, որ գործը հարթելու համար հարկավոր է հրավիրել 6-րդ համագումար… Միսիայում չեն ընդունել, ուստի նրանք այսօր նորից գնացին… Այնտեղ ասացին, որ իրենք վերջին խոսքն արդեն քանիցս ասել են՝ «Ղարաբաղը պիտի անցնի Ադրբեջանին, ուզում եք համագումար հրավիրեք, ուզում եք կոտորեցեք, եւ եթե ամբողջ Ղարաբաղը մոխրի վերածվի, մենք միայն հանդիսատեսի դերում կլինենք։ Բայց եթե Սուլթանովը համաձայն է համագումար հրավիրելու, եւ եթե նա մեզ գրի այդ մասին, միայն այն ժամանակ մենք էլ մեր համաձայնությունը կտանք ու ներկայացուցիչ կուղարենք համագումարին»։
Այդպես, ուրեմն, Սուլթանովը պետք է թելադրի, որ անգլիական միսիան «այո» կամ «ոչ» ասի…