ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓԱԿ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մարտական կիրառման մեջ փորձված զինատեսակների կողքին նորարար մշակումներն են, որ երեք կամ հինգ ամսվա պատմություն ունեն: Հայկական ռազմական գործարանների ներկայացուցիչները դեկտեմբերի 12-ին պաշտպանության նախարարություն էին բերել իրենց մասնագետների ստեղծած միջոցները, որոնք ունակ են փոխելու մարտի ելքը:
Նրանք ասում են՝ իրենց մշակումները չեն զիջում համանման միջոցներին, մրցունակ են եւ զենքի շուկայում մի քանի անգամ ավելի էժան: Ցուցադրությունը հույժ գաղտնի է: Տեխնիկական ու մարտավարական բնութագրերը ներկայացվում են միայն Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին ու ռազմարդյունաբերական հանձնաժողովի մյուս անդամներին: Պաշտոնյաները երկար կանգ են առնում ամեն համակարգի մոտ: Բարձր տեխնոլոգիական լուծումներով միջոցներն ունակ են ոչնչացնելու հակառակորդի կենդանի ուժը, զրահապատ տեխնիկան, շինությունները, թռչող սարքերն ու ավելին: Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի օգնական Ավետիք Քերոբյանը նշեց, որ վերջին երկու տարում շեշտադրվել են հատկապես կապի, ռադիոտեղորոշման տեխնիկայի եւ անօդաչու սարքերի ոլորտները:
Այնուհետեւ, վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ: 2018 թ. գիտահետազոտական եւ փորձարարակոնստրուկտորական աշխատանքների ծրագրի քննարկումներն ընթացան փակ դռների ետեւում:
Շուշան Ստեփանյան
Լուս.՝ Սիփան Գյուլումյանի