Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐՕՐՅԱ ՀՐԱՇՔՆԵՐ



ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ «Հրաշապատում կամ
զարմանալի պատմություններ» գրքից

ՀՐԱՇՔ ԱՇԽԱՐՀ

Եվ Աստված ասաց. «Եղիցի լոյս, և եղեւ լոյս»։
Եվ այդ օրվանից ի վեր Աստված աշխարհը լցրեց հրաշքներով։
Մեզ շրջապատող բնությունը, բացվող ու մթնող օրը արեւի լույսով ու վերջալույսով, դեպի ծովերի անհունը շտապող գետերը, թռչունների ճռվողյունը սովորական իրողություններ են։ Փոքրիկ մի ծիլ ճեղքել է ասֆալտի կարծրությունը եւ գլուխը մեկնել է դեպի արևը։ Հողի ջերմությունից հատիկը ճաք է տալիս, ու աշխարհը լցվում է բարիքով։ Եվ քանի՜-քանի՜ աղոթաձայն մրմունջ է առաքվում առ Աստված, որ Նա պահպանի հողը ճեղքող ծիլը։
Կամ գռուզ մազերով մի մանչուկ, տակավին անտեղյակ քերականական օրենքներին ու լեզվական օրինաչափություններին, նորովի է հնչեցնում հինգհազարամյա մի լեզու։ Արիացու չգիտեմ քանի հազարերորդ այս հյուլեն ինչպե՞ս է այսպես վարժ ու ճիշտ թոթովում հայերեն… Եթե հեռու դարերից ինչ-որ մեկը հայտնվեր այսօր, անշուշտ պիտի խենթանար այս հրաշքները տեսնելով եւ իրեն կարծեր հեքիաթների աշխարհում, իսկ մենք անտարբեր ենք այս հրաշք-աշխարհի նկատմամբ։ Աստծո յուրաքանչյուր օր արթնանում ենք նոր հրաշքների որոնումներով եւ կյանքի խելահեղ վազքի մեջ չտեսնելու ենք տալիս աշխարհն էլ, հրաշքն էլ…

Աշխարհում միշտ էլ հրաշքներ կատարվում են, սակայն մենք միայն հիշում ենք նրանք, որոնք արտառոց են կամ զարմանալի։ Ահա դրանցից մեկը.
1999 թվականի սեպտեմբերյան մի օր եկա Երեւան մորս այցելության։ Հեռախոսը զանգեց։ Սանահայրս էր՝ բժշկական համալսարանի դոկտոր, պրոֆեսոր էդվարդ Նազարեթյանը, որը միաժամանակ նաեւ պաշտպանության նախարարության բժշկական վարչության պետն էր։

□Վազգեն Սարգսյանի ընկերոջ տղան` փոքրիկ Նժդեհը, ավտովթարի է ենթարկվել ու մահամերձ է։ Վիճակն անհուսալի է։ Ծնողները ցանկանում են անհապաղ մկրտել երեխային։ Սրբազան հայր, խնդրում ենք ընդառաջել,□ խոսափողի մեջ լսվեց նրա ձայնը։
«Ինչպե՞ս մկրտեմ,□ մտածեցի ես,□ հոգեւորականի հագուստս եւ մկրտության ծեսի համար անհրաժեշտ պարագաներն Օշականում են…»։ Սակայն…

Զանգահարեցի ՀԲՄ մասնաճյուղի տնօրեն Աշոտ Ղազարյանին։ Նրա հայրը` Տեր Մովսեսը, որ մի ժամանակ ծառայում էր սուրբ Գեղարդի վանքում, վաստակած հանգստի էր կոչվել։ «Նա անպայման տանը հագուստ եւ անհրաժեշտ պարագաներ կունենա»,□ անցավ մտքովս։
Գնացի նրանց տուն, հագա տեր հոր քահանայական զգեստը, որը վրաս չափազանց կարճ ու նեղ էր, և շտապեցի հիվանդանոց։
Երեխան Մալաթիայի Սուրբ Աստվածածին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում էր։ Պետերբուրգից ժամանած նյարդավիրաբույժ Վիլյամ Խաչատրյանը կատարել էր չափազանց բարդ մի վիրահատոլթյուն։

-Բժշկությունն արել է հնարավոր ամեն ինչ,□ ասաց բժիշկը,□ սակայն երեխային կարող է փրկել միայն աստվածային հրաշքը։
Հիվանդասենյակում ճնշող լռություն էր։ Վիշտն ու արցունքը քարացել էին ամբողջովին վիրակապված երեխայի շուրջը հավաքված հարազատների աչքերում։ Այդտեղ էին նաև Վազգեն Սարգսյանը, նրա եղբայր Արամը, հիվանդանոցի գլխավոր բժիշկ Նիկոլայ Դալլաքյանը, Վիլյամ Խաչատրյանը…
Բոլորը քարացած սպասում էին։ Մահճակալի վրա անգիտակից, փակ աչքերով, ամբողջովին վիրակապված երեխան էր։ Նրա կապտակարմիր գույնը անիրական ու երեւակայական էր դարձնում փրկությունը։

Ես կատարեցի հոգեւորականի իմ պարտքը. «Իւղն անույշ յանուն Յիսուսի Քրիստոսի հեղեալ ի վերայ քո՝ կնիք երկնաւոր պարգեւացն անապականութեան…»,- ասելուս պահին, երբ մյուռոնված մատով դրոշմեցի նրա ճակատը, երեխան ծանրորեն բացեց կոպերը… Բոլորը միանգամից ապշանքի ու ցնծության ձայներ արձակեցին.
-Աստվա՜ծ… հրաշք տեղի ունեցավ…
Այսօր Նժդեհն ապրում է իր առօրյա հոգսերով, սակայն մեզնից ոչ ոք չի մոռացել 1999 թվականի աշնանային այն ծանր, տագնապալի օրը…

ՆԱՎԱՍԱՐԴ արքեպիսկոպոս ԿՃՈՅԱՆ
Արարատյան Հայրապետական
թեմի առաջնորդական փոխանորդ

Խորագիր՝ #32 (897) 17.08.2011 - 24.08.2011, Հոգևոր-մշակութային


24/08/2011