Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԿԻՐԸ ՀԵՆՎԱԾ Է ՆՐԱՆՑ ՎՐԱ



ԵՐԿԻՐԸ ՀԵՆՎԱԾ Է ՆՐԱՆՑ ՎՐԱՄինչև Արցախյան պատերազմի սկսվելը Արմիդա եւ Վլադիկ Մանասյանների ընտանիքն իր մեծ ու փոքր հոգսերով, իր առօրյա ուրախություններով և տխրություններով ապրում էր Աբովյան քաղաքում: Արմատներով արցախցի էին ու ամեն ամառ անպայման այցելում էին հարազատ օրրան: Երբ հայրենի եզերքը հայտնվեց կրակների կիզակետում, երբ Արցախում օր օրի ահագնանում էին դեպքերն ու իրադարձությունները, ընտանիքի ավագ որդին՝ 17-ամյա Արտակը, առանց ծնողների իմացության ու թույլտվության, կամավորագրվեց: 

Ընտանիքն էլ գնաց, որ որդու կողքին լինի, ու այդպես էլ մնացին Մարտունիում:

Արտակը կռվում էր Մոնթեի հրամանատարությամբ, մասնակցում ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին՝ Մարտակերտ, Վերին Վեյսալու, Աղդամ, Ֆիզուլի… Արցախյան պատերազմից հետո ծառայության է անցնում ՊԲ զորամասերից մեկում, հետախուզական վաշտում՝ որպես դասակի հրամանատար: Նրա համարձակությունը սահմաններ չուներ, նրա քաջագործությունների, վարպետության մասին լեգենդներ էին պատմում, միշտ ամենաթեժ եւ ամենավտանգավոր կետերում էր:

Իրենց տանը հաճախ էին հավաքվում Արտակի զինակից ընկերները, մարտերից խոսում, տարբեր ծրագրեր մշակում…

Շուտով եղբոր հետքերով գնաց նաև Մանասյանների կրտսեր որդին՝ Արմենը, ինքն էլ էր ուզում նրանց կողքին լինել, նրանց շարքերում:

-Արտակս հետախույզ էր, Արմենս՝ սակրավոր, երկուսի մասնագիտությունն էլ անչափ վտանգավոր, դե, պատկերացրեք, ոնց կլինի մոր վիճակը: Սիրտս երկու մասի էր բաժանվել, միտքս էլ: Անընդհատ տագնապում էի, անհանգստությունից տեղս չէի գտնում ,-պատմում է տիկին Արմիդան, ու արցունքները լճանում են աչքերում,-հոսպիտալում էի աշխատում, բուժքույր էի: Այդ օրն էլ հերթափոխից նոր էի տուն եկել, զանգեցին, ասացին՝ վիրավորներ կան, սիրտս մի ահավոր կասկած ընկավ…

1996 թվականի հոկտեմբերի 30-ին զինակից ընկերների հետ մարտական առաջադրանք կատարելիս զոհվել էր հերոս քաջորդի Արտակ Մանասյանը…

Մանասյանների ազգը հերոսների ազգ է:

-Ամուսնուս երեք հորեղբայրները Մեծ հայրենականի ժամանակ աչքի են ընկել սխրանքներով, կոչումներ էլ են ունեցել՝ մայորի, կապիտանի,- շարունակում է Արմիդա մայրիկը:- Պատերազմից միայն սկեսրայրս է վերադարձել: Սկեսրայրիս մորը հերոս զավակներ դաստիարակելու համար «Հերոսուհի մայր» մեդալ էին տվել….Է՜հ, երեւի հայի ամեն մի սերունդ իր բաժին տառապանքն ունի….. Ինձ էլ Հետախույզի օրը զորամաս էին հրավիրել, ու նախարարը հանձնեց զոհված տղայիս մեդալը: Երանի բոլոր զինվոր որդիները անձամբ իրենք ստանան իրենց պարգեւները, ասացի նախարարին:

Երանի աշխարհը մոր սրտով գնար, Արմիդա մայրիկ: Աշխարհը պռնկեպռունկ լցված կլիներ սիրով, բարությամբ, երջանկությունով ու ամենակարեւորը խաղաղությամբ… Երանի…

♦♦♦

Մանասյանների ընտանիքում բոլորն էլ զինվորական են:

Արմիդան զինվորական բուժքույր էր, հիմա աղջիկը՝ Արփինեն է հոսպիտալում բուժքույր, բարեգութ մոր պես նույն սրտացավությամբ, նույն նվիրումով, ջերմ ու հոգատար է բոլոր զինվորների նկատմամբ, գոտեպնդում է, քաջալերում` ամեն հիվանդի ցավին ու գանգատին հարեհաս:

Ընտանիքի կրտսեր որդին՝ Արմենն էլ գնդապետ Գեղամ Գաբրիելյանի հրամանատարությամբ գործող զորամասի կապի պետն է: Նվիրված ծառայության համար բազմիցս խրախուսվել է պատվոգրերով, նախագահի կողմից պարգեւատրվել «Մարտական ծառայություն» մեդալով:

Ծառայավայրում առանձնակի հարգանքով եւ սիրով են խոսում նրա մասին. իր կոչմանը նվիրված, սկզբունքային, օրինավոր, համեստ ու զուսպ, շիտակ, զինվորի հանդեպ սրտացավ, թիկունքին կանգնող ընկեր է:

Իսկ ինքն իր մասին խոսել, պատմել չի սիրում, կարճում է՝ «Մեր գործն ենք անում», բայց դրա փոխարեն ինչ սիրով, ինչ անթաքույց գորովանքով է խոսում զինվորների մասին.

-Ապրիլյան պատերազմի ժամանակ առաջնագծում էինք: Մեր 18-19 տարեկան զինվոր տղերքը առյուծի նման կանգնեցին թշնամու դեմ եւ եւս մեկ անգամ ապացուցեցին, որ մի միլիմետր հող անգամ չեն զիջի, որ արյունով գծված սահմանների տերն ու պաշտպանն են: Առաջնագիծը սրբավայր է:

Արմենը ոգեւորված խոսում է իրենց զորամասի համալրվածությունից, հպարտությամբ նշում է, որ ամեն ինչ արվում է, որ մեր զինվորն անվտանգ եւ ապահով ծառայի:

Չորս զավակ ունի կապիտան Արմեն Մանասյանը՝ Սյուզաննան, Աննան, Դիանան եւ Հայկը, մեծի հարգն իմացող, պատվով: Ավագ աղջիկը սովորում է Արցախի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում: Զինվորականի ընտանիքում հարգանքի, սիրո, համերաշխության ջերմ մթնոլորտ է:

Անսահման ուրախություն է տիրում, երբ ամբողջ «կազմով» հավաքվում են իրար գլխի, երբ հայրը տանն է, տոն է, ու երջանկությունը թեւածում է տան ամեն անկյունում, օջախն ավելի է ջերմանում փոքրիկ Հայկի անուշ թոթովանքներով:

-Ապրիլյան օրերին անասելի դժվար էր, օրերով Արմենին չէինք տեսնում: Կարող է՝ մեկ-երկու ժամով գար, երեխեքից կարոտն առներ ու գնար ծառայավայր: Հենց այդ օրերին էլ իմացա, որ զավակ եմ ունենալու: Ասում են, թեեւ չգիտեմ՝ որքանով է ճիշտ, պատերազմական ժամանակներում, երբ խառնվում է աշխարհը, ավելի շատ տղա երեխաներ են ծնվում, զինվորներ,- ժպիտով ասում է կապիտանի կինը՝ Նուշիկը: Նուշիկի հայրը Արցախյան պատերազմի ժամանակ շտապ օգնության մեքենա է վարել, վիրավորների տեղափոխել, ինքն էլ է վիրավորվել:

-Մեր հողն ենք պահում, պահում ենք արյունով, քրտինքով, կորուստների գնով, մեր թանկ ու հարազատ հողը,-ասում է կապիտանը:

Հրաժեշտ եմ տալիս Մանասյանների ընտանիքին հազար տարվա հարազատի պես…

Չգիտեմ՝ լավ մարդկանց հանդիպելիս ուժեղ եմ զգում, երկիրդ հենված է նրանց վրա…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #49 (1220) 13.12.2017 - 19.12.2017, Ազգային բանակ


13/12/2017