Language:

ԲԱՆԱԿԻՑ ՀԵՏՈ ԾՐԱԳՐԵՐՍ ԵՄ ԻՐԱԳՈՐԾՈՒՄ



ԲԱՆԱԿԻՑ ՀԵՏՈ ԾՐԱԳՐԵՐՍ ԵՄ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԿարծիք կա, որ հայրենիքին սահմանադրական պարտքը տալուց եւ զորացրվելուց հետո երիտասարդներից շատերը չեն շարունակում ուսումը, այլ ձեռնամուխ են լինում աշխատանքի փնտրտուքներին: Այսօր Մայր բուհում սովորում են բազմաթիվ երիտասարդներ, որ  ծառայությունից հետո համատեղում  են եւ՛ ուսումը, եւ՛ աշխատանքը:

 

Հասնել նշանակետին

 «Անդրանիկ Օզանյան», «Հայոց բանակի գերազանցիկ»,  Երկրապահ կամավորականների կողմից «Լավ ծառայության համար» մեդալներով պարգեւատրված  Վիտալի Գրիգորյանը, որ մեկ տարուց ավելի է, ինչ վերադարձել է բանակից, այսօր շարունակում է ուսումը Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, նաեւ աշխատում է առաջատար հեռուստաընկերություններից մեկում:

«Վիտալիի բնավորության ամենաուժեղ կողմը նպատակասլացությունն է,-ասում է Սոնան՝ Վիտալիի քույրը եւ հավելում,- նա միշտ հասնում է նպատակներին: Արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին` որպես ՏՏ ոլորտի լավագույն աշակերտ»:

Դպրոցական տարիներին ամենից շատ Վիտալի Գրիգորյանը հետաքրքրվել է համաշխարհային պատմությամբ, մասնավորապես՝ եվրոպական երկրներով, բնակչության ավանդույթներով, արվեստով եւ մշակույթով: Վիտալին պատմում է, թե ինչպես էր հայ հերոսների, ֆիդայիների մասին կարդալիս մանրամասնորեն պատկերացնում բոլոր իրադարձությունները, դրվագները, անգամ հերոսների հանդերձանքը: Նրան ամենից շատ տպավորում էին Տիգրան Մեծի եւ ծովից ծով Հայաստանի մասին պատմությունները:

 

Բանակը՝ կյանքի խտացված տարբերակ

 «Բանակը կյանքի խտացված տարբերակն է: Այն դժվարությունները, որոնց չծառայած երիտասարդը հանդիպում է ամբողջ կյանքում, զինվորը հաղթահարում է 2 տարում: Եվ նրան այդ հարցում օգնում են ընկերները: Այդ է պատճառը, որ բանակային ընկերները դառնում են ամենասիրված եւ հարազատ մարդիկ»,– նկատում է  Վիտալի Գրիգորյանը:

Վիտալի Գրիգորյանը բանակում ազատ ժամանակը արդյունավետ է օգտագործել. գրքեր է կարդացել:  Սոմերսեթ Մոեմի «Թատրոն»-ը, Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր»-ը, Միգել դե Ունամունոյի «Մառախուղը» եւ մի շարք այլ ստեղծագործություններ:           

Հետաքրքիր դեպքեր էլ են պատահել: Նկարահանվել է ռեժիսոր Սերժ Ավետիքյանի` «Ինչպես ամերիկյան մի երգ» ֆիլմում (այժմ ցուցադրվում է Ֆրանսիայում), զորամասում հյուրընկալել են սփյուռքահայերի, քաղաքացիական խմբերի:

 

Մենք գիտենք՝ հանուն ինչի ենք  կռվում

 «Տեղեկություն ստացանք` պատերազմ է սկսվել: Մեր բնագծում իրավիճակը համեմատաբար հանգիստ էր: Ես կապավոր էի եւ տեղեկություններ էի հավաքում, թե ինչ է կատարվում  առաջնագծում: Դիրքերից առաջին լուրերը ես էի փոխանցում: Այդ պահին Արցախում կռվող բոլոր տղաներն իմ ընկերներն էին, անհանգիստ էի նրանց համար»:   

Վիտալին նկատում է` ապրիլյան այդ օրերին սպաներն ավելի ընկերական էին, ավելի ազատ էին շփվում,  շատ էին ոգեւորում: Իսկ գնդերեցը ասես մի լուսավոր կետ լիներ, որ միշտ պատրաստ էր ճիշտ ճանապարհ ցույց տալու:

«Ամեն անգամ, երբ մայրիկիս հետ խոսելիս զգում էի նրա հուզմունքը, սիրտս սկսում էր արագ բաբախել: Անընդհատ մտածում էի  նաեւ ընկերներիս հարազատների մասին: Պատերազմի ժամանակ մի փամփուշտով կարող ես ամեն ինչ կորցնել»,- ասում է Վիտալին: 

«Եթե նորից պատերազմ լինի, իմ տեղում կլինեմ: Մենք գիտենք` հանուն ինչի ենք կռվում»:            

Այնուհանդերձ, զորացրված համալսարանականը նշում է` թշնամուն չի կարելի թերագնահատել: Նա ունի առավելություն թե՛ տեխնիկական զինվածության առումով, թե՛ զորքի քանակով: Բայց  եւ մատնանշում է ֆիդայական շարժումները, երբ փոքրաթիվ խմբերը կռվել են մեծաքանակ ջոկատների դեմ եւ հաղթել: Ապրիլյան պատերազմը  մեկ անգամ էլ ընդգծեց փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու մեր կարողությունը:

 

Բանակից  հետո…

 Ինքը դեռ երկար կհիշի բանակային առօրյան, բանակային դասերը: «Նախքան զորակոչվելս  ծրագրել էի բանակից հետո ընդունվել ԵՊՀ, զուգահեռ` նաեւ աշխատել: Հիմա ամեն ինչ իմ ուզածի պես է: Բանակում ես մի ճշմարտություն հասկացա՝ ամեն գործ  պետք է սիրով անես»,- ասում է  Վիտալի Գրիգորյանը:          

 ՄԻԼԵՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #49 (1220) 13.12.2017 - 19.12.2017, Ազգային բանակ


13/12/2017