Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ ՏՂԱ ՍԱՀՄԱՆԻ ԻՐ ԲԱԺԻՆԸ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱ»



«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ ՏՂԱ ՍԱՀՄԱՆԻ ԻՐ ԲԱԺԻՆԸ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱ»Երեւանի ավագանու անդամ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը, խոսելով «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» մասին, մամուլում տրամագծորեն հակառակ կարծիքներ հայտնեց հիմնադրամի թափանցիկության, միջոցների օգտագործման արդարության վերաբերյալ: Եթե առաջին հրապարակման ժամանակ Անահիտ Բախշյանը մտահոգված էր հիմնադրամի գործունեության օրինականությամբ, ապա օրեր անց հայտարարեց, որ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» ամենաթափանցիկ ու արդար հիմնադրամն է, որ երբեւէ եղել է Հայաստանում: Այս եւ բանակին առնչվող մի շարք օրախնդիր ու հրատապ հարցերի շուրջ զրուցեցինք Անահիտ Բախշյանի հետ:

 

-Տիկին Բախշյան, մեր այս հանդիպման գլխավոր առիթը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» մասին մամուլում հրապարակված Ձեր ելույթներն են: Ի՞նչ իրադարձություններ էին նախորդել այդ հրապարակումներին:

-Մամուլում լրագրողներից մեկը գրել էր, որ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» գործունեության մեջ ինչ-ինչ անօրինականություններ են հայտնաբերվել: Եվ երբ լրագրողը այդ առիթով հարցազրույց արեց ինձ հետ, ես ասացի, որ եթե կասկածները հաստատվեն, ապա Շարմազանովի բառերով ասած` կատարվածը շանտղություն է: Հետո ես հանդիպեցի Վարուժան Ավետիքյանի հետ, որը հանգամանալի ներկայացրեց հիմնադրամի գործունեության բոլոր մանրամասները, բոլոր շարժերը: Եվ ես, բնականաբար, անմիջապես հրապարակեցի իմ ստացած տեղեկությունները, բարձրաձայնեցի իմ տպավորությունները ու տվեցի իմ գնահատականը: Նախ՝ ասացի, որ ե՛ւ ես, ե՛ւ լրագրողը ծուլացել ենք, չենք մտել հիմնադրամի կայք ու չենք ուսումնասիրել այն, այլապես կնկատեինք հիմնադրամի գործունեության, շարժերի թափանցիկությունը, հաշվետվողականությունը, վերահսկելիությունը, հրապարակայնությունը: Կայքը այնպես է կառուցված, որ ամեն ինչ ու բոլորի համար ակնհայտ է: Ասեմ, որ ես հենց սկզբից թերահավատ էի հիմնադրամի հանդեպ ու հիմնավոր պատճառներ ունեի դրա համար: Երբ Վիգեն Սարգսյանը հայտարարեց հիմնադրամի ստեղծման գաղափարական-բարոյական ենթատեքստի ու նպատակների մասին, երբ ազգը բանակի` երկրի պաշտպանության գաղափարի շուրջ համախմբելու կոչեր հնչեցին, ես անմիջապես հիշեցի 2002թ. Արթուր Աղաբեկյանի ելույթը, որը գրեթե նույն բովանդակությունն ուներ եւ նույն վեհ նպատակներն էր վերապահում նորաստեղծ «Մարտիկ» հիմնադրամին: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ «Մարտիկ» հիմնադրամը չի կատարել իր առաքելությունը եւ հուսախաբ է արել բոլորիս: Գաղտնիք չէ, որ հայերս ընդգծված, պաշտամունքի հասնող սեր ունենք մեր բանակի ու զինվորի նկատմամբ: Երբ հերթը հասնում է բանակին, մենք մի կողմ ենք դնում բոլոր տարաձայնությունները եւ դառնում ենք պատրաստակամ` վերջին շապիկը տալու սահման պահող զինվորին: Եթե դուք նկատել եք, երբ Վիգեն Սարգսյանը հանրային քննարկման ներկայացրեց հիմնադրամ ստեղծելու գաղափարը, ոչ ոք չասաց, թե այդ հազար դրամը կարող է խփել իր ընտանիքի գրպանին, եւ ինքը չի ուզում գնալ նման զոհողության` հանուն բանակի ու զինվորի, բոլոր հակադիր կարծիքները կապված էին այն կասկածի հետ, որ հիմնադրամը չի ծառայի իր նպատակին: Անկեղծ ասած՝ ես էլ նման կասկած ունեի ու մտածում էի, որ հերթական անգամ փորձում են խաղալ մեր զգացմունքների հետ: Իսկ հիմա ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» ամենաթափանցիկ, ամենահրապարակային, ամենաբաց, ամենահաշվետվողական, ամենավերահսկելի հիմնադրամն է: Բանկի` հիմնադրամի հետ համագործակցող անձնակազմը աշխատում է անհատույց, անվճար: Կայքը, որը բավականին թանկարժեք է, հիմնվել է առանց պետական միջոցներից ու հիմնադրամից կոպեկ ծախսելու, եւ կայքում հստակ կարող ես իմանալ, թե որքան մուտքեր են եղել, որքան է ծախսվել, ում համար եւ ինչ նպատակով… Ես շատ ուրախ եմ, որ հիմնադրամի նախադեպը կա, ու մենք պիտի փայփայենք այս ձեռքբերումը, այնպես անենք, որ հետագայում պետական կառույցների, նաեւ պաշտպանության նախարարության այլ ոլորտների գործունեությունը նույնպես լինի այսքան արժանահավատ ու օրինավոր: Եթե Վիգեն Սարգսյանը կարողանա վստահության շեմը այսպես բարձրացնել բանակի բոլոր ոլորտների ու ստորաբաժանումների նկատմամբ, սա կլինի մի նշաձող, որը ինքնաբերաբար կստիպի պետական կառույցի մյուս օղակներին մոտենալ այդ նշաձողին, ու հույսի, հավատի, խանդավառության թարմ ալիք կանցնի հայ հասարակության բոլոր շերտերի միջով: Բանակը մեր ամենազգայուն կետն է, ու եթե այն դառնա նաեւ հենման կետ մեզ համար, մեծ թռիչքներ կունենանք:

-Տիկին Բախշյան, Դուք համացանցում կարծիք եք հայտնել նաեւ «Զինծառայության կարգի եւ զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջարկած փոփոխությունների վերաբերյալ: Խոսքը մասնավորապես վերաբերում է ուսման նպատակով պարտադիր ժամկետային զինծառայությունից տարկետման իրավունքի փոփոխությանը:

 -Տարիներ առաջ, երբ Ազգային ժողովում քննարկվում էր ուսանողներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում շնորհելու հարցը, ես կատեգորիկ դեմ էի տարկետման իրավունքի տրմանը ու այն կարծիքին էի, որ 18 տարին լրացած եւ զինծառայության պիտանի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պիտի զորակոչվի, բացառությամբ եզակի դեպքերի, երբ երիտասարդը բացառիկ ունակություններ ունի, հանճարեղ է, եւ համապատասխան մասնագետներով համալրված անկաշառ հանձնաժողովը խնդիրը համակողմանի ուսումնասիրելուց հետո կարող է նրան տարկետում շնորհել ու հնարավորություն տալ, որ նա իր բացառիկ ծառայությունները մատուցի Հայրենիքին, ասենք` գիտության կամ մշակույթի ոլորտում: Ու ինչն է զավեշտալին, որ տարկետման իրավունքի փոփոխության դեմ (չեմ ասում վերացման, որովհետեւ այն չի վերացել) բողոքը հանուն գիտության նշանաբանը ուներ: Ես հիշեցի, որ ժամանակին Ազգային ժողովը տարկետման իրավունքը հաստատեց դարձյալ «հանուն գիտության» նշանաբանով: Ու թե ովքեր օգտվեցին այդ շնորհից եւ որքանով զարգացրին մեր գիտությունը, բոլորիս է հայտնի: Բուհերը լցվեցին մտավոր ցածր կարողություններով եւ բուհական կրթության տարրական պահանջներին չհամապատասխանող ուսանողներով, ասպիրանտների թիվը հասավ առավելագույնի, ընդ որում` որակի հաշվին, քանի որ ասպիրանտուրաները դարձան բանակից խուսափելու թաքստոց ֆինանսական մեծ կարողություն ունեցող պապաների որդիների համար: Ցավով պիտի ասեմ, որ շատ աղջիկներ ասպիրանտուրաներում իրենց տեղերը վաճառեցին ճարպիկ տղաներին… Սա մեծ «շքեղություն էր» պատերազմող երկրի համար, որի զինադադարը միշտ էլ անչափ փխրուն է եղել: Ես այն կարծիքին եմ, որ յուրաքանչյուր հայ տղա սահմանի իր բաժինը պիտի ունենա ոչ միայն զինծառայության ժամանակ, այլեւ մնացած ամբողջ կյանքում: Ու պիտի տեր լինի էդ սահմանին, քանի ողջ է, քանի ի վիճակի է զենք բռնել: Միայն այսպես մենք կարող ենք երկիրն անառիկ դարձնել: Մենք պիտի կարողանանք սա բացատրել ընդվզող ուսանողությանը, որոնց մեջ շատ պայծառ դեմքեր կան: Ես չեմ ուզում, որ մենք կորցնենք նրանց` դավաճանի կամ  զինծառայությունից խուսափողի պիտակ կպցնելով: Ուզում եմ, որ ազնիվ, սրտացավ երկխոսությունը արդյունք տա, բերի համաձայնության, համերաշխության: Բանավեճը դառնա առողջ հարաբերությունների հիմք: Ասեմ նաեւ, որ օրենքում արված փոփոխությունները շատ մտածված են, խելացի ու շահեկան: Ե՛վ «Պատիվ ունեմ», ե՛ւ «Ես եմ» ծրագրերը մոտիվացնում են տարկետման իրավունքը եւ ամրագրում կամավորության սկզբունքն ու ընտրության հնարավորություն տալիս պարտադիր զինծառայության ոլորտում: Մտավախությունս մեկն է` բանակի ղեկավարությունը կկարողանա՞ փակել նաեւ բանակից խուսափելու մյուս սողանցքները: Հանկարծ չպարզվի, որ «գիտնական» դառնալու հնարավորությունից զրկված տղաները հիմա էլ ծանր հիվանդություններ ունեն ու չեն զորակոչվելու: Ես պիտի հետամուտ լինեմ, որ ամեն տարի հրապարակվի զորակոչային տարիքի որդիներ ունեցող պաշտոնյաների ու գործարարների ցուցակը, ու պիտի հետեւեմ` գնացի՞ն արդյոք նրանց որդիները բանակ, թե՝ ոչ: Սրանով ես կօգնեմ այն մարդկանց, ովքեր ուզում են այս չարիքը արմատախիլ անել մեր երկրից: Եւս մեկ դիտարկում` տարկետման իրավունքի հիմքերի փոփոխության հետ կապված: Կրթության եւ գիտության նախարարը քննարկումներից մեկի ժամանակ ասաց, որ իրենք կհրապարակեն այն մասնագիտությունների ցանկը, որոնց կարիքը բանակում կա, որպեսզի հետագայում այդ մասնագիտություններին տիրապետող զինվորները բանակում ծառայեն իրենց մասնագիտությամբ: Սակայն «Մինչեւ 2030թ. կրթության զարգացման պետական ծրագրում» ոչ մի անդրադարձ չկար վերոհիշյալ խնդրին: Չի կարելի խոսել օդի մեջ եւ մոռանալ խոստումների մասին: 

-Գուցե դա պետք է ամրագրվի՞ մեկ այլ օրենսդրական փաստաթղթում եւ ոչ «Մինչեւ 2030թ. գիտության զարգացման պետական ծրագրում»:

-Ես այն կարծիքին եմ, որ «Մինչեւ 2030թ. կրթության զարգացման պետական ծրագրում» պետք է հատուկ դրսեւորում ունենային «Ազգ-բանակ» հայեցակարգից բխող բազմաթիվ դրույթներ: Ես առաջարկել եմ կրթության զարգացման պետական ծրագրում ցույց տալ բանակ-կրթություն համագործակցության բոլոր ուղիները:

-Դուք «Ազգ-բանակ» գաղափարի ջատագովներից եք, ի՞նչն է խանգարում գաղափարի արդյունավետ իրագործմանը: Որո՞նք են խոչընդոտները:

-Դեռեւս մեզ չի հաջողվում քաղաքացի կրթել: Քաղաքացին այն անհատն է, որը դպրոցական նստարանից գիտի իր իրավունքները, պայքարում է դրանց համար, կարողանում է իրացնել դրանք եւ ստանձնում է պատասխանատվության ու պարտականությունների ամբողջ բեռը: Քաղաքացի կրթելու գործընթացն սկսվում է դպրոցական վաղ տարիքից: Ու քանի դեռ մենք քաղաքացի չենք կերտել, ունենալու ենք ընդամենը գոյության խնդիր լուծող եւ «ուզվոր» հասարակություն: Քաղաքացի կերտելու  համար իշխանության ներկայացուցիչները պետք է օրինակ լինեն երեխաների համար. նրանք պետք է տեսնեն միայն կրթված, ազնիվ ու անկաշառ պաշտոնյաների, որպեսզի բարձրանա իշխանության նկատմամբ  վստահության շեմը, որը կվերացնի այս համընդհանուր մերժողականությունը, որ կա նույնիսկ դրական նախաձեռնությունների հանդեպ: «Ազգ-բանակ» գաղափարը ենթադրում է ինչ-ինչ զոհողություններ հանուն բանակի, եւ այդ զոհողությունների օրինակը պետք է սկսվի վերեւից, այլապես ներքին օղակները չեն արձագանքի կոչին: Եթե օլիգարխի ու իշխանավորի տղան առաջնագծում կանգնած չի բանվորի որդու կողքին, «Ազգ-բանակ» գաղափարը կդառնա իմաստազուրկ ու անարժեք: Ուզում եմ «Ազգ-բանակ» գաղափարի իրացման մի նախաձեռնության մասին պատմել: Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ` «Աջակցություն վիրավոր զինվորներին ու զինհաշմանդամներին» հկ նախագահ, լրագրող Հայկուհի Մինասյանն ու իր թիմը, որը ապրիլյան պատերազմից հետո անվճար օգնել է զանազան վիրավորումներ ունեցող բազմաթիվ տղաների (թիմում ընդգրկված են տարբեր մասնագետներ` սկսած հոգեբանից մինչեւ ասեղնաբույժ), հնարավորություն ունեցավ համալրելու իր շարքերը նոր մասնագետներով ու շարունակելու իր գործունեությունը: Հետո առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը մեկ ամիս արձակուրդ վերցրեց եւ շրջեց ամբողջ հանրապետության տարածքով ու այցելեց բոլոր զինհաշմանդամներին: Անհրաժեշտության դեպքում նրանց իր մեքենայով տեղափոխեց հիվանդանոց:

Օրեր առաջ, եթե Դուք ցանկանայիք երթևեկել «Ջի-ջի» տաքսիով, հնարավոր է, որ վարորդի նստատեղին տեսնեիք Արմեն Մուրադյանին, Գագիկ Գինոսյանին ու շատ ճանաչված անձանց… Նրանք ամբողջ հասույթը փոխանցեցին Բժշկական համալսարանին պատկանող թիվ 1 հիվանդանոցի շենքի մեկ մասնաշենքի հիմնանորոգմանը, շուտով այն կավարտվի մեր հայրենակիցների հանգանակությունների հաշվին, եւ հունվարի 28-ին` Բանակի օրը, կհանձնվի զինհաշմանդամներին` որպես վերականգնողական կենտրոն: Այս կենտրոնում զինհաշմանդամները ոչ միայն կբուժվեն, այլ նաեւ մասնագիտություն կստանան, նույնիսկ կաշխատեն… Ես իմ 70-ամյակը նշել եմ երկու օր եւ խնդրել եմ իմ նվերների  գումարը  փոխանցել կենտրոնին: 8646 դոլար  իմ հարազատներն ու ընկերները փոխանցել են կենտրոնին: Կենտրոնի  կայացմանն  իր ներդրումն է արել  պաշտպանության նախարարությունը, պետական այրեր, Սփյուռքում եւ Հայաստանում բնակվող մեր հայրենակիցները: Սա Ազգ-բանակ գաղափարի իրացման լավագույն օրինակներից մեկն է:

-Ինչպիսի՞ն է հայ զինվորականի կերպարը հասարակության մտապատկերում: Ո՞վ է հայ սպան Ձեզ համար:

-Ձեր ակնարկների հերոսներն են: Այնպիսի սիրով ու հպարտությամբ եմ կարդում: Երեկ բժիշկ Սանյայի մասին կարդացի, այսօր՝ ծառայական պարտականությունները կատարելիս ոտքը կորցրած հրամանատար Արա Սարգսյանի մասին: Ապրիլյան պատերազմից հետո հայ սպայի կերպարն ավելի բարձրացավ: Ես շատ լավ սպաների եմ ճանաչում` հայրենասեր, պինդ, նվիրված, խելացի: Անցյալ ամռանը մենք փոքրիկ խմբով այցելեցինք պաշտպանության բանակի մի շարք սահմանամերձ զորամասեր: Ես էի, Նիկոլ Փաշինյանը, Թեւան Պողոսյանը եւ այլք: Գնացել էինք տեսնելու, թե ինչպես է կահավորվել առաջնագիծը Ապրիլյան կռվից հետո: Ահռելի աշխատանք էր կատարվել, առաջնագիծը դարձել էր է՛լ ավելի անառիկ ու պինդ: Անչափ տպավորված եմ գնդապետ Ջալալ Հարությունյանի  կերպարով, ուզում եմ բոլոր սպաները  այդ  հզոր տեսակից լինեն:  Ես տեսա մեր բանակի ուժը` մեր զինվորի ու սպայի անմնացորդ նվիրումը հայրենիքի պաշտպանությանը: Երեւան վերադարձա անասելի ուժեղ ու գոտեպնդված: Ես «Աջակցություն վիրավոր զինվորներին ու զինհաշմանդամներին» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ եմ: Որոշել ենք պատիվ անել եւ վիրավոր զինծառայողների վերականգնողական կենտրոնի նորոգման վեհ գործին մասնակից դարձնել նաեւ Երեւանի քաղաքապետին ու մարզպետներին: Տարոն Մարգարյանը անմիջապես արեց իր ներդրումը: Վստահ եմ, որ մեր մարզպետները նույնպես չեն հրաժարվի այդ պատվից: Մենք այսպես, քայլ առ քայլ համախմբվելու ենք մեր բանակի` երկրի պաշտպանության գաղափարի շուրջ, հետզհետե ավելի ու ավելի ենք վստահելու իրար: Ու այս համախմբումը դառնալու է վաղվա հզոր ու պաշտպանված Հայաստանի հիմնաքարը:

 ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #49 (1220) 13.12.2017 - 19.12.2017, Ազգային բանակ


13/12/2017