Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱԴԻՐՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ



Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱԴԻՐՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻԴեկտեմբերի 11-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի «Ուրարտու» դահլիճում տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված կլոր սեղան-քննարկում՝ «Մարդու իրավունքները   զինված  ուժերում» թեմայով: Միջոցառումն իրականացվում էր Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ:

Բացման խոսքով հանդես եկավ ԵԽ երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան: Վերջինս ողջունելով ներկաներին՝ նախ շնորհակալություն հայտնեց պաշտպանության նախարարությանը՝ այս նախաձեռնությանն աջակցելու համար, ապա վստահություն հայտնեց, որ ծավալվելիք քննարկումները կլինեն շահեկան եւ արդյունավետ: Այնուհետեւ ընթերցվեց ՀՀ պաշտպանության նախարարի  ուղերձը օրվա կապակցությամբ. «69 տարի առաջ` դեկտեմբերի 10-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որը մարդկության պատմության մեջ հեղափոխական իրադարձություն էր, և կարելի է ասել, խթան հանդիսացավ աշխարհակարգի փոփոխության համար, որ մինչ օրս առաջնային է համաշխարհային օրակարգերում: Եվ պատահական չէ, որ մեզ համար առաջնահերթություն և բարի ավանդույթ է դարձել յուրաքանչյուր տարի առանձնահատուկ կերպով, հստակ կատարած աշխատանքներով, անդրադառնալ այս օրվա խորհրդին:

Այդ առումով հատկանշական է նաև, որ մարդու իրավունքների օրվան նվիրված մեր այս քննարկման շրջանակում ամփոփում ենք ԵԽ մեր գործընկերների խոսքերով, իր բնույթով աննախադեպ` ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ներդրման ծրագրի առաջին տարում կատարված աշխատանքները: Մեր որդեգրած՝ «Ազգ- բանակ» հայեցակարգի գլխավոր նպատակներից է բանակ-հասարակություն կապի և զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական ժողովրդավարական վերահսկողության ընդլայնումը, որն ուղղակի ազդեցություն ունի բանակում մարդու  իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացման վրա: Ուստի, կարող ենք վստահեցնել, որ հռչակագրի ստորագրման հոբելյանական 70-րդ տարեդարձին մոտենում ենք կատարված աշխատանքի կայուն հենքով եւ հստակ տեսլականով: Շնորհավորելով բոլորիս Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ շարունակական կառուցողական համագործակցություն»:

Ծրագրի միջազգային ղեկավար Անդրեյ Եսինը իր ելույթում ընդգծեց,  որ Հայաստանի զինված ուժերում իրապես կատարված աշխատանք կա, եւ առաջընթացն ակնհայտ է: Այնուհետ Ա. Եսինը եւս մեկ անգամ ներկաներին հանգամանալից  ներկայացրեց ծրագրի հիմնական նպատակները՝ աջակցել զինված ուժերում մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը:

Ծրագրի արդյունքում ակնկալվում է, որ  կվերանայվի և կկատարելագործվի զինվորական ոլորտը կարգավորող օրենսդրությունը, ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի կարողությունները՝ մարդու իրավունքների պահանջներին համապատասխանությունն  ապահովելու և դրանք զինված ուժերում ու պաշտպանության նախարարությունում խթանելու համար:

 Ծրագրի վերաբերյալ` «Մարդու իրավունքների երաշխիքները Հայաստանի զինված ուժերում.  ներկայիս վիճակը եւ դրանք ամրապնդելու եղանակները» եւ  «Զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ ուսուցում եւ կրթություն»  թեմաներով զեկույցները, կետ առ կետ եւ հանգամանալից ներկայացրեց ծրագրի պատասխանատու Արմեն Գրիգորյանը:

ՊՆ Մարդու իրավունքների  եւ բարեվարքության կենտրոնի ղեկավար Ալիկ Ավետիսյանն էլ խոսեց զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված եւ իրականացվելիք աշխատանքների մասին՝ շեշտելով  իրավագիտակցության, ուսուցման մակարդակի բարձրացման կարեւորությունը:

Ռազմական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներն էլ  թեմայի շուրջ բարձրաձայնեցին իրենց դիտարկումներն ու նկատառումները:

 «Զինված  ուժերում  մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումն Հայաստանում» ծրագրի շրջանակներում իրականացված կլոր սեղանի ընթացքում հնչեցին տարբեր տեսակետներ, տարբեր առաջարկներ եւ դիտարկումներ, նպատակը, սակայն, մեկն է՝ պաշտպանել ուսադիրով քաղաքացիների իրավունքները:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #49 (1220) 13.12.2017 - 19.12.2017, Ազգային բանակ


13/12/2017