ԳԻՏԵԼԻՔՈՎ ԶԻՆՎԱԾ ԶԻՆՎՈՐՆ ԱՆՊԱՐՏԵԼԻ Է
Արդեն չորս տարի է՝ «Հայ ասպետը» մուտք է գործել բանակ:
Զինված ուժերում արդեն ավանդական դարձած համաբանակային մրցախաղերի արդյունքները ցույց տվեցին, որ զորամասերում գործող «Հայ ասպետ» ակումբների գործունեությունը նպաստում է զորամասերի կրթամշակութային աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, զինծառայողների շրջանում հայրենագիտության և իրավական գիտելիքների տարածմանը:
Այս տարվա «Հայ ասպետ» համաբանակային հեռուստախաղը հետաքրքիր ավարտ ունեցավ՝ առավելագույն միավորներ հավաքած, եզրափակիչ մրցափուլ հասած գնդապետներ Գեղամ Գաբրիելյանի, Արծվիկ Գրիգորյանի և Սուրեն Մարտիրոսյանի հրամանատարությամբ գործող զորամասերի զինվորները փայլեցին գիտելիքների իմացությամբ, լարված ու անզիջում պայքարի արդյունքում հավասար միավորներ ձեռք բերեցին եւ կիսեցին հաղթանակը:
Օրերս ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ հանդիպում «Հայ ասպետ» համաբանակային հեռուստախաղի հաղթող թիմերի անձնակազմերի հետ: Պաշտպանության նախարարի հրամանով արժեքավոր նվերներով եւ պատվոգրերով խրախուսվեցին լավագույն արդյունք ցուցաբերած զորամասերի հրամանատարների անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալները, թիմերի անձնակազմերը եւ «Հայ ասպետ» կրթամշակութային հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը:
Փոխգնդապետ Արա Քամալյանի (ԱՀՏԱ գծով տեղակալ) գլխավորած թիմերն արդեն երեք անգամ առանձնացել են լավագույն արդյունքներով. «Հայ ասպետ» հեռուստանախագիծը իր կրթադաստիարակչական բնույթով լիովին համապատասխանում է մեր առջև դրված հայրենապաշտ նպատակներին: Միշտ էլ հավատացել եմ, որ զինվորի մեծագույն զենքը գաղափարախոսությունն է, դրա փոխանցած ոգին: Զինվորները մրցախաղի ընթացքում ուսումնասիրում են Նժդեհյան ազգային գաղափարախոսությունը, լցվում ու զորանում այդ գաղափարներով»:
Կարեն Գեւորգյան (շարքային). «Մենք ստացել ենք գիտելիքներ, որոնք անհրաժեշտ կլինեն ոչ միայն բանակային խաղին մասնակցելու համար, այլեւ օգտակար կլինեն կյանքում ընդհանուր զարգացածության և կրթվածության տեսանկյունից:
Ողջունելի է, որը գոյություն ունի նման հետաքրքիր նախագիծ, որը նպաստում է զինվորների կրթմանն ու զարգացմանը, նրանց առօրյան դարձնում առավել բազմազան: Խաղին մասնակցությունը ծառայությանս երկու տարիների լավագույն հուշերից է»:
«Հայ ասպետը» մեր հեռուստաեթերի այն եզակի հաղորդումներից է, որ մշտապես առանձնանում է իր դաստիարակիչ, կրթական բնույթով»,- նշեց պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը: Փոխնախարարը շնորհավորելով մասնակիցներին` համոզմունք հայտնեց, որ հաղթանակը հետագա հաջողությունների սկիզբ կլինի:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
ԼՈՒՍ.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #49 (1220) 13.12.2017 - 19.12.2017, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն