Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶԴԱՐԱՐՎԵՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԵԾԱԾԱՎԱԼ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ



ԱԶԴԱՐԱՐՎԵՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԵԾԱԾԱՎԱԼ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸՊաշտպանության նախարարության մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն եւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանները կմիավորվեն: Աշխատանքային խումբն այժմ քննարկում է երկու հաստատությունների միաձուլման նախագիծը: Ուսումնական գործընթացը կկազմակերպվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի տարածքում: Համալիրի շինությունների նորոգման և վերակառուցման մեծածավալ ծրագրի իրականացման համար «Իզմիրլյան» հիմնադրամը  5 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրեց պաշտպանության նախարարությանը: Համապատասխան հուշագիրը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու «Իզմիրլյան» հիմնադրամի փոխնախագահ Գրեգ Ջերեջյանը ստորագրեցին դեկտեմբերի 13-ին:

ԱԶԴԱՐԱՐՎԵՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԵԾԱԾԱՎԱԼ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸՊաշտապնության նախարարը համոզված է՝ լավ սպաներ ունենալու համար կրթական լավ պայմաններ են պետք. «Ռազմական կրթության որակի բարելավման եւ ռազմական համալսարանը բուհական համակարգի ու միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու խնդիր ունենք: Այդ առումով առաջին քայլը կատարեցինք այս տարի, երբ Մոնթե Մելքոնանի անվան ռազմական վարժարանը տեղափոխեցինք Դիլիջան:  Այժմ կարեւոր է բարեփոխման ծրագիր սկսել սպաներ կրթող գլխավոր ուսումնական հաստատությունում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում»:

Ամիսներ առաջ պաշտպանության նախարարությունը «Իզմիրլյան» հիմնադրամին ներկայացրեց զինվորական կրթության համակարգի արմատական բարեփոխման տեսլականը:  Համալսարանը ժամանակին ուներ լավագույն շենքային պայմանները նաեւ հիմնադրամի աջակցության շնորհիվ. 1996-1998 թթ. հիմնադրամի միջոցներով են կառուցվել ռազմական համալսարանի երկու զորանոցային մասնաշենքերը, իսկ 1998-2001 թթ՝ ջերմաէներգետիկ համալիրն ու խոհանոցային մասնաշենքը. «Անցել է քսան տարի, եւ մենք այսօր կատարում ենք հաջորդ քայլը:  Պետք  է շնորհակալություն հայտնեմ հիմնադրամին, որ մեր առաջին իսկ խնդրանքով պատրաստակամություն հայտնեց նվիրատվություն կատարելու: Մեր նպատակն է չորս մասնաշենքերը վերածել գերժամանակակից  ուսումնական համալիրի, որը գրավիչ կլինի երիտասարդների համար»,-նշեց Վիգեն Սարգսյանը:

ԱԶԴԱՐԱՐՎԵՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԵԾԱԾԱՎԱԼ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸԷսքիզային նախագիծն արդեն պատրաստ է: «QCA» ճարտարապետական արվեստանոցի հիմնադիր Էրիկ Հովհաննիսյանը ներկայացրեց գերժամանակակից ռազմական համալսարանի վերաբերյալ իր պատկերացումները: Ճարտարապետական լուծման հիմքում նախարարի մտահղացումն է.  «Սկզբում տատանվում էինք՝ կառուցե՞լ նոր մասնաշենք, թե օգտագործել կիսակառույց մարզական դահլիճը: Երկար պրպտումների արդյունքում գտանք լուծումը: Ներքին բակերը կկառուցապատենք ապակե տանիք ունեցող երկհարկանի շենքերով, ինչի շնորհիվ տարածքը կընդլայնվի երեք հազար քառակուսի մետրով: Կվերանորոգենք եւ պահանջներին կհամապատասխանեցնենք համալսարանի չորս մասնաշենքերը՝ ստանալով ժամանակակից համալիր»,- ասաց ճարտարապետը:

Համալսարանը կունենա 540 կուրսանտի եւ սպայի համար նախատեսված մեկ ընդհանուր ճաշարան,  որը կգործի ինքնասպասարկման սկզբունքով: Մարզադահլիճը հագեցած կլինի բարձրակարգ սարքավորումներով, իսկ տղաների ու աղջիկների հանդերձարանները կառանձնացվեն: Լողավազանը կհամապատասխանի օլիմպիական չափանիշներին՝ 25 մետր երկարություն, 10 մետր լայնություն: Բակերից մեկն էլ գրադարան ու համակարգչային կենտրոն կդառնա՝ ունիվերսալ կահավորմամբ: Հրամանատարական գրասենյակներն աստիճաններով կմիանան կիսանկուղային հարկին, որը կվերածվի պահեստային ենթակառուցվածքի: Ռազմական համալսարանի չորս մասնաշենքերից երկուսը կվերափոխվեն հանրակացարանների: Երրորդ եւ չորրորդ կուրսերի ուսանողներին կառաջարկվեն հանրակացարանային յոթ եւ երեք սենյականոց ննջարաններ՝ սանհագույցներով, ցնցուղարաններով, անձնական պահարաններով, դասապատրաստման եւ հանգստի գոտիներով: 

Ճարտարապետները չեն մոռացել նաեւ ժամանցի մասինի՝ թենիսի ու շախմատի սեղաններ, նաեւ երաժշտական փոքրիկ ստուդիա, որտեղ կուրսանտները կձայնագրեն իրենց կատարումները: Լվացքատանն էլ ապագա սպաները ինքնուրույն կլվանան, կչորացնեն ու կարդուկեն համազգեստը: Բուժկետը կմեծանա, իսկ թանգարանը կմնա նույն տեղում:

Շենքը նախատեսված է  800 կուրսանտի համար: Ծրագրի ընդհանուր բյուջեն 7.5 միլիոն ԱՄՆ դոլար է: «Իզմիրլյան» հիմնադրամը հատկացրել է 5 միլիոն դոլարը, իսկ մնացած գումարը կհայթայթի պաշտպանության նախարարությունը:

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2019թ. սեպտեմբերի 1-ը:

Շուշան Ստեփանյան

Լուս.՝ Արեգ Վարդանյանի

Շենքի վերափոխման նախագծի էսքիզները՝ Իզմիրլյան հիմնադրամ/QCA 

 

Խորագիր՝ Նորություններ


14/12/2017