ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ 200
Աշխարհահռչակ հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817թ. հուլիսի 17-ին, Ղրիմի Թեոդոսիա քաղաքում: Նրա հայրը՝ Գեւորգ Գրիգորի Այվազը (հետագայում՝ Կոստանդին Հայվազովսկի), Ղրիմ, Թեոդոսիա տեղափոխվելուց հետո ամուսնացել է տեղացի մի հայուհու՝ Հռիփսիմեի հետ եւ նրանց ամուսնությունից ծնվել են երեք դուստրերն ու երկու որդիները՝ Հովհաննեսը եւ Սարգիսը, վերջինս դառնալով կուսակրոն հոգեւորական, հասել է արքեպիսկոպոսի աստիճանի եւ վերանվանվել Գաբրիել արքեպիսկոպոս Այվազովսկի։
Հովհաննես Այվազովսկու նկարչական ու երաժշտական ձիրքերն ի հայտ են եկել դեռ մանկության տարիներից, երբ նա ինքնուրույն սովորել է ջութակ նվագել։ Սկզբնական կրթությունն ստացել է Թեոդոսիայի հայկական ծխական դպրոցում, ապա` Սիմֆերոպոլի ռուսական գիմնազիայում:
1830-1837թթ. նա սովորել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի կայսերական ակադեմիայում:
1838թ. գարնանը Այվազովսկին մեկնում է Ղրիմ եւ ոչ միայն ծովանկարներ ստեղծում, այլեւ մարտանկարներ: 1839թ.-ին Հովհ. Այվազովսկին մասնակցել Է ռուսական կայսերական զինված ուժերի՝ Կովկասի մատույցներում ծավալված զորաշարժերին, ծանոթացել ծովակալներ Ս. Լազարեւի, Պ. Նախիմովի եւ Վ. Կոռնիլովի հետ։ Նա մասնակցել է նաեւ մարտական գործողությունների Չերկեսիի ափին, որտեղ դիտելով դեսանտի իջեցումը Նախե գետի հովտում, ճեպանկարներ է արել «Դեսանտային ջոկատը Սուբաշի հովտում» նկարի համար: Սուբաշին Շախեի հովտի չերքեզական անվանումն է: Այվազովսկու այս աշխատանքը, որ նա կատարել էր Կովկասյան ռազմաճակատի ափամերձ հատվածի պետ, գեներալ Ռաեւսկու առաջարկով, հետագայում ձեռք է բերում Նիկոլայ Առաջին կայսրը:
1840-ական թվականներին Այվազովսկին գործուղվել Է Եվրոպա՝ կատարելագործվելու: Եղել է Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Հոլանդիայում, արժանացել համընդհանուր ճանաչման։ Վենետիկում եղած ժամանակ այցելել է Սուրբ Ղազար կղզի, տեսակցել եղբորը` Գաբրիելին: Այս պատմական այցն էլ պատճառ է եղել, որպեսզի ստեղծվի նրա հանրահայտ «Բայրոնի այցը Մխիթարյաններին Սուրբ Ղազար կղզում» գեղանկարը:
1842թ. Բիսկայան ծոցում այն նավը, որով ճամփորդում էր նկարիչը, ընկնում է ուժեղ փոթորկի մեջ։ Փարիզյան որոշ թերթեր մինչեւ անգամ գուժում են մեծ ծովանկարչի մահը, թե` նավը խորտակվել է, Այվազովսկին էլ՝ զոհվել։ Բայց չորս տարի տեւած ճամփորդությունը բարեհաջող ավարտվում է, եւ Այվազովսկին ողջ-առողջ եւ առավել մեծ փառք ու հռչակ վաստակած՝ վերադառնում է Ռուսաստան։ Այստեղ նա ստանում է Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոսի կոչում եւ նշանակվում Ծովային գլխավոր շտաբի գեղանկարիչ։
1845թ.-ից Հովհաննես Այվազովսկին մշտական բնակություն է հաստատում Թեոդոսիայում, իր մասնակցությունն ունենում 1853-1856թթ. Ղրիմի պատերազմին։ Այս ընթացքում են ստեղծվում նրա հանրահայտ «Ծովամարտ», «Սինոպի ծովամարտը», «Սեւաստոպոլի պաշտպանությունը» եւ մի շարք այլ արժեքավոր կտավներ:
Հովհաննես Այվազովսկին ստեղծել Է շուրջ 6000 կտավ։ Աշխատել Է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել Է ծովը օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին։ Խորապես զգացել եւ վերարտադրել Է ծովային տարերքի անընդգրկելի վեհությունը, հրավառ արեւածագն ու արեւամուտը, կեսօրյա անդորրը, ալիքների ռիթմն ու լուսնի լույսը։ Նրա պատկերները երբեմն նուրբ քնարական են, երբեմն՝ պաթետիկ։ Նա բնությունն արտացոլել է մշտական շարժման եւ փոփոխության մեջ։ Ունեցել Է տիեզերական երեւույթներ պատկերելու մշտական ձգտում։
Ծովամարտի նրա տեսարաններն աչքի են ընկնում պատմական հավաստիությամբ եւ հանդիսանում են ռուսական նավատորմի հաղթանակների գեղանկարչական տարեգրությունը: («Պետրոս Առաջինը Ֆիննական ծովածոցի ափին», «Չեսմենի ծովամարտը», «Նավարինի ծովամարտը» եւ այլն)։
Հովհաննես Այվազովսկու առաջին կինը՝ Յուլիա Յակովի Գրեւսը, անգլուհի էր, ռուսական բանակում ծառայության անցած շտաբս-բժշկի դուստր։ Նա Այվազովսկուն չորս դուստր պարգեւեց՝ Ելենա, Մարիա, Ալեքսանդրա եւ Ժաննա անուններով։ Բայց տասներկու տարվա համատեղ կյանքից հետո նրանք բաժանվում են այն պարզ պատճառով, որ, ի տարբերություն իր կնոջ, հայտնի ծովանկարիչը չէր ուզում ապրել մայրաքաղաքում։
Այվազովսկին երկրորդ անգամ ամուսնանում է Աննա Սարկիսովա-Բուռնազյանի հետ, որին նկարիչը տեսել էր վերջինիս ամուսնու՝ թեոդոսիացի նշանավոր առեւտրականի թաղման ժամանակ։ Ինչպես մի անգամ մեծ ծովանկարիչն է խոստովանում` «Աննան ինձ ավելի մոտեցրեց իմ ժողովրդին»։
1890-ական թվականներին Թուրքիայում տեղի ունեցած հայերի կոտորածները խոր ազդեցություն են թողնում մեծ ծովանկարչի վրա: Այվազովսկուն խորապես հուզել է սուլթանական Թուրքիայի բռնատիրական լծի տակ տառապող իր հայրենակիցների ճակատագիրը։ Նա մի քանի կտավներ պատկերել էր նաեւ Օսմանյան սուլթանի համար, եւ որը շքանշանով էր պարգեւատրել Այվազովսկուն: Սակայն ազդված իր հայրենակիցների դաժան ճակատագրից, Այվազովսկին թուրքական շքանշանը կապում է իր շան վզին, իսկ հետո տանում ու շպրտում է ծովը:
Մեծ նկարիչը զգալի օգնություն է ցուցաբերել հայ ազգային կազմակերպություններին, դպրոցներին, փայփայել այն երազանքը, թե կկարողանա մեկ ընդհանուր միության մեջ միավորել տարբեր երկրներում ապրող հայ նկարիչներին եւ զարկ տալ հայ կերպարվեստի զարգացմանը։ Նա ապաստան է տվել եւ նյութապես օգնել թուրքական լծից Ղրիմ փախած հայ գաղթականներին։ Գեղանկարչության մեջ նա է առաջին անգամ պատկերել հայկական բնությունը, Արարատն ու Արարատյան դաշտը, Սեւանա լիճը, արտացոլել հայրենի բնության գեղեցկությունները։ Հայաստանի հանդեպ Այվազովսկու տածած սերը արտահայտվել է «Արարատ լեռան հովիտը», «Արարատ», «Նոյն իջնում է Արարատից», «Հայ մարտիկի երդումը», «Հայ ժողովրդի մկրտությունը» եւ այլ հանրահայտ կտավներով:
Հովհ. Այվազովսկին վախճանվել է 1900թ. մայիսի 2-ին, ուղեղի արյունազեղումից՝ անավարտ թողնելով «Թուրքական նավի պայթյունը» կտավը։ Իր կտակի համաձայն` նրան թաղել են Թեոդոսիայի Սուրբ Սարգիս միջնադարյան հայկական եկեղեցու բակում, իսկ շիրմաքարին գրաբարով փորագրված են պատմահայր Մովսես Խորենացու խոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»:
Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
Խորագիր՝ #50 (1221) 20.12.2017 – 26.12. 2017, Հոգևոր-մշակութային