Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐՎԵՍՏԸ. ՍՈՒՆ ԾԸԱ



ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐՎԵՍՏԸ. ՍՈՒՆ ԾԸԱՍկիզբը՝ նախորդ համարներում

 

Գլուխ Ե

ԲԱՆԱԿԻ ԴԻՐՔԸ

 

Ընդհանրապես, մեծ բանակի ծավալումը նույնն է, ինչ մի քանի զինվորի դասավորումը, կարեւորը՝ ճիշտ կազմակերպումն է: Ճիշտ այնպես, ինչպես մեծ բանակի կառավարումը նույնն է, ինչ մի քանի մարդունը. դա որոշակի գործողությունների ու պայմանական նշանների համակարգ է:

Կանոնավոր զորքը եւ հատուկ նշանակության զորքերը օգնում են բանակին դիմակայելու թշնամու բուռն գրոհին: Գրագետ կառավարման օրինակ է, երբ զինվորները ջախջախում են թշնամուն, ինչպես քարն է փշրում ձվի կեղեւը:

Որպես կանոն, կանոնավոր զորքը օգտագործում են ճակատամարտի սկզբում, իսկ հատուկ նշանակության զորքերը վերջնական հաղթանակի համար են:

Արտակարգ ունակություններով օժտված, լավագույն մարտիկներից կազմված զորք ունեցողը տիրում է Երկնքի ու Երկրի ուժերին: Ուժեր, որ անսանձ են ինչպես մեծ գետերը, որոնց ջրերը հավերժ հորդում են, քանի դեռ պտույտը կա արեգակի ու լուսնի. թաքնվում են ու հայտնվում կրկին ու կրկին` փոխարինելով մեկը մյուսին, ինչպես տարվա եղանակները:

Կա ընդամենը յոթ նոտա, բայց սրանց համադրումը ծնում է այնքան երաժշտական գործեր, որ անհնար է բոլորն ունկնդրել:

Կա ընդամենը հինգ գույն, բայց խառնվելով՝ առաջանում են այնքան երանգներ, որ անհնար է բոլորը տեսնել:

Կա ընդամենը հինգ բուրմունք, բայց սրանց համադրություններն անքանակ են, եւ անհնարին է ուսումնասիրել մինչեւ վերջ:

Պատերազմի ժամանակ կան կանոնավոր եւ հատուկ նշանակության զորքեր, որոնց դասավորումը բազում հնարավորություններ է տալիս մանեւրելու:

Այս երկու ուժերը մշտապես փոխարինում կամ լրացնում են մեկմեկու:

Կսնանկանա՞ միտքն արդյոք` սրանց փոխհարաբերությունները մշակելով:

Շնորհիվ իր հզորության սելավն ապառաժաքարն է գլորում: Շնորհիվ իր ճշգրիտ հաշվարկի բազեն որսին է հասնում: Հմուտ զինականը պետք է տիրապետի արտակարգ եռանդի եւ վայրկյանի ճշտությամբ որոշի հարձակման պահը: Նրա ուժը կարծես լարված աղեղ լինի, իսկ միտքը` կայծակ, հանց արձակված նետ:

Դիտորդի համար մարտը կարծես քաոս լինի` աղմկոտ ու լի շարժումներով: Իրականում, զորքերի շարժման մեջ չպետք է լինի որեւէ անկանոնություն: Արտաքուստ շփոթը պետք է թաքցնի խիստ կարգապահությունը, դա կպահպանի զորքը պարտությունից:

Ճակատամարտում հավուր պատշաճի կարգը  կարող է թվալ որպես անկառավարելիություն, խիզախությունը` որպես վախկոտություն, իսկ ուժը` թուլություն: Կարգն ու անկարգությունը կախված են կազմակերպվածությունից եւ կառավարումից, խիզախությունն ու վախկոտությունը` ստեղծված իրադրությունից, իսկ ուժն ու  թուլությունը` ռազմավարական դիրքերից:

Հմուտ զորավարը գիտի` ինչպես հակառակորդին հավասարակշռությունից հանել ու դրա համար բարենպաստ պայմաններ ստեղծել: Նա կշահագրգռի թշնամուն հետաքրքրող խայծով` ստիպելով նրան շարժվել ցանկալի ուղղությամբ եւ կգրոհի` ասպարեզ հանելով լավագույն ուժերը:

Չպահանջելով զինվորներից անկարելին` փորձառու զորավարը կհաղթի մարտում` հմուտ կառավարելով իրադրությունը: Ճիշտ կդասավորի զորքերը` առավելագույնը կորզելով ստեղծված դիրքից: Իրադրությունից ճիշտ օգտվողի զորքը նման է գլորվող ապառաժաբեկորի: Բնության մեջ քարը չի շարժվի հարթության վրա, բայց կգլորվի բլրից, եթե կլոր է: Փորձառու զորավարի հրամանատարության ներքո զորքի շարժական ուժը կնմանվի լեռից գլորվող կլոր ժայռաբեկորի:

 Շարունակելի

Խորագիր՝ #50 (1221) 20.12.2017 – 26.12. 2017, Հոգևոր-մշակութային


20/12/2017