ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է ԶԻՆՎՈՐ ԼԻՆԵԼԸ
18-ամյա Սուրեն Բաբայանն Արարատի մարզի Մրգանուշ գյուղից է: Արդեն հինգ ամիս է՝ ծառայում է հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում: Ապագա կինոռեժիսոր է: Ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, սակայն չի հասցրել ուսանողի կարգավիճակում լինել, զորակոչվել է բանակ: Ուսումը շարունակելու է հայրենիքի հանդեպ պարտքը կատարելուց հետո:
-Այստեղ բոլորը մեկ ընդհանուր գաղափարի շուրջ են հավաքված. այն է՝ պահպանել մեր սահմանները, որ հայրենիքը ամուր եւ անառիկ լինի: Մեծ հպարտություն է լինել զինվոր, որի մասին մտածում, նրան սիրում, նրա հոգսերով ապրում է մի ողջ ժողովուրդ:
Ինչպես ասում է Սուրենը, ծառայությունը չի կարող խանգարել իր նպատակների իրագործմանը. «Ծառայությունը թեև քեզանից «խլում է» երկու տարի, սակայն հնարավորություն է տալիս ստանալու ավելին՝ սովորել հաղթահարել դժվարություններն ու կյանքում հանդիպող խոչընդոտները, ինչպես նաև դժվարին իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնել: Ծառայությունը հասունացնում է մարդուն, փոխում մտածելակերպը և հղկում նրան: Ունեմ ընկերներ, ովքեր նախքան ծառայելն իրենց դրսևորել են այլ կերպ, սակայն ծառայությունից հետո տուն են վերադարձել ավելի լուրջ մտածողությամբ և հղկված բնավորությամբ: Բանակն այդպիսին է, մարդուն սովորեցնում է գնահատել և արժևորել կյանքը, ճիշտ գործել տարբեր իրավիճակներում…»:
Ապագա կինոռեժիսորն օր առաջ սպասում է մարտական հերթապահության մեջ ընդգրկվելուն: Համոզված է՝ մարտական դիրքերում իր ծառայությունն անցնելու է է՛լ ավելի հետաքրքիր. «Պարտավորեցնող է, երբ քո և քո զինակից ընկերների վրա է դրվում հայրենիքի սահմանի մի հատվածի պաշտպանությունը: Իմ կարծիքով՝ յուրաքանչյուր զինվոր պետք է լավ գիտակցի իր ծառայության անհրաժեշտությունն ու իր բաժին մասնակցությունը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում»:
Սուրենի զույգ եղբայրը՝ Հրաչյա Բաբայանը, ծառայում է նույն զորամասի մեկ այլ ստորաբաժանումում: Ասում է՝ զորամասում եղբոր ներկայությունն իրեն օգնում է, միաժամանակ պարտավորեցնում էլ ավելի լավ ծառայելու:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ
շարքային
Խորագիր՝ #50 (1221) 20.12.2017 – 26.12. 2017, Ազգային բանակ