Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԻ ՕՐԱԳԻՐ



ԶԻՆՎՈՐԻ ՕՐԱԳԻՐԱմբողջ ճշմարտությունը զինվորական ճաշարանների մասին, 

Քամյուն, քաղցրավենիքն ու օրապահը

 Բանակում շատ անեկդոտներ սովորեցի՝ ծիծաղելի ու ծիծաղեցնող: Այդ առումով անտաղանդ եմ, հումոր անել հազվադեպ է ստացվում: Ընկերներս ծիծաղում էին՝ չնեղացնելու համար, մինչդեռ իրենք գործի իրական վարպետ էին, այնպես էին վերարտադրում հրամանատարի ու տեղակալների շարժուձևը, կարծես հենց նրանք էին դիմացս: Հարուստ զորանոց ունեինք` կողքիս դերասան էր քնում, մյուս կողմում՝ երգիչ, երաժիշտ: Զարմացա, երբ տեսա, որ տղաներից մեկը Նիցշե է կարդում, Բախ է լսում, ավելի ճիշտ՝ վայելում: Ինձ թվում էր՝ բանակում միայն ռաբիս է հնչում:

– Քայլ առ առաջ, քայլերդ շիտակ…

Դասականից զինվորական մեկ քայլ չէ, սակայն իմանալը պարտադիր է: Շարահրապարակում, ճաշարանի ճանապարհին մեր վաշտն իր երգն ուներ, համատարած բաղաձայն էինք, բայց լավ էինք երգում, լսել էր պետք: Առաջին օրերին բերանս բացում փակում էի, չէի համակերպվում, որ պիտի հրամայեն, ու ես երգեմ: Հետո անտեղի հպարտությունս վերացավ, ու ինքս էի ոգևորում անձնակազմին: Երգում էինք նույնիսկ ազատ ժամանակ, ինքնաբուխ, ուս ուսի: Սա միջավայրը ջերմացնելու ամենաօգտակար միջոցն էր:

Ճաշարանում.

-Ահավոր հոտ է:

-Միջից ճանճեր ենք հանել կամ էլ կերել:

-Ամանները պարզաջրում են, չեն լվանում:

-Էնքան քիչա, չենք էլ ուտում, դրսից ենք առնում:

Առաջին օրերին ճաշարան մտա հազարավոր պատմություններ հիշելով: Նախկինում ծառայածների ինքնավստահ պատմությունները հիասթափեցրել էին: Նախապաշարումով մոտեցա սեղանին, կարծես հոտ էի առնում, մի տեսակ զզվանքով նայում շուրջ բոլորս: Նստարանը սեղանի տակ էր, տասը հոգով հետ քաշեցինք, գլխարկներս կախեցինք ու սկսեցինք: Բոլորն ակտիվ սնվում էին: Քաշված էի, ցամաք հաց կերա, չնայեցի ճաշին ու մյուս ափսեներին: Հացի խմորը 30 րոպե պտտեցի, պլաստիլինի պես քանդակեցի, մինչև ժամանակը սպառվեց: Դուրս եկա բոլորի հետ ու կարծես բոլորից գոհ: Մեկ շաբաթ անց, երբ վերջնականապես քաղցած մտա ճաշարան, արդեն մոռացել էի և՛ հոտերը, և՛ հին պատմությունները: Մի լավ ճաշեցի: Չգիտեմ՝ զորացրվածների պատմածները որ զորամասին կամ որ տարիներին էին վերաբերում, բայց, պարզվեց՝ մեր զորամասում ամեն ինչ մաքուր էր ու խնամված, համեղ էր ու տնական, շատ էր ու կշտացնող: Համոզվեցի՝ պիտի քո աչքով տեսնես, որ գնահատես:

Երկու ամիս անց զգում էի, ինչպես ձուկը ջրում, զինվորների հետ ընկերական էինք, սպաների հետ` շատ լավ: Շուրջս նախանձելի համերաշխություն էր, մինչև սկսվեցին իմ զորակոչի տղաներից մեկի արկածները` պարապմունքներից ուշանալ, ժամանակավոր անհետանալ: Պարզվում է՝ Ռոմենը տարածքում էր, բայց մոտակայքում չէր, առանձնանում էր ու ինքնուրույն մարզվում: Մինչև գտնում էինք, գործը հասնում էր բոլորիս շարելուն, նախատելուն:

Կարոտը խեղդում էր: Երբ ամեն ինչ կարգին էր, ուշք ու միտքս տունն էր, ծնողներս, Հռիփսիմեն: Բանակում կարոտը կրկնապատկվում է, դառնում ես ավելի զգացմունքային ու թախծոտ: Հետո սովորում ես: Զորամասում հատուկ հեռախոս կար, սպային խնդրում էինք, զանգահարում, կարոտներս առնում:

Ընկերներս պատմում են, որ իրենց զորամասերում ավելի ծայրահեղ դեպքեր են գրանցվել, երբ զինվորը կարոտից արտասվել էր: Հատկապես, երբ իրենց տանը քեֆ էր, կամ ընկերուհուն, քրոջն ինչ-որ մեկը նեղացրել էր, ու ինքն անկարող էր տուն գնալ: Բանակն այդպիսին է՝ օրենքով ու կարգով: Չես ենթարկվում՝ պատժվում ես, ենթարկվում ես՝ պիտի որոշ ժամանակ կտրվես արտաքին աշխարհից:

Շարքային Դավթյանս

-Պարոն փոխգնդապետ, թույլ կտա՞ք զեկուցել, զորամասի հերթապահի օգնական, շարքային Դավթյան:

Վերակարգում էի, առաջին անգամ պիտի փոխարինեի հերթապահին, պատասխանեի հեռախոսազանգերին և զեկուցեի յուրաքանչյուր դեպքի մասին: Ինձ թվում էր՝ ամեն րոպե կարող է ինչ-որ բան պատահել: Մի քանի ժամից լարվածությունն անցավ, հետո վերակարգի ծառայությունը դարձավ սովորական, զինվորական առօրյայի մի մասը:

Զորամասում յուրաքանչյուրն իր պարտականություններն ունի, զբաղվածությունն ու առաջադրանքը` ճաշարանը կարգի բերող անձնակազմից մինչև զորամասի տարածքը կանաչապատողներ, ընդ որում՝ այս ամենը վոլեյբոլի պես է, շրջանաձև, մի օր մի խումբն է, հետո՝ մյուսը, այսինքն՝ հերթով բոլորը:

Ծխարանում մտորում էի, մի քանի սիգարետը բավական էր լինում մտովի տուն գնալու, վերադառնալու, խորհելու ու սթափվելու համար: Առաջին շաբաթները շատ էի ծխում, հետո քչացրի, հետո չէի հասցնում ծխել. ծառայությունն ընկել էր հունի մեջ, ու նաև բանակում այնքան գումար չես ստանում, որ ամեն օր 20 գլանակ ոչնչացնես, ոչ էլ այն տարիքում ես, որ զանգես տուն կամ ընկերոջդ խնդրես: Ի դեպ, շարքայինի «պալուչկա»-ն 3600 դրամ էր, սերժանտներն ավելին էին ստանում՝ որպես կրտսեր հրամանատարներ: Այդ գումարով մեկ շաբաթ քեֆ էինք անում, օրը երկու զինվորի գումարով քաղցրավենիք էինք գնում, վայելում: Այդ ժամանակ հասկացա՝ ինչ էին ասում ընկերներս, որ բանակում քաղցրը գնահատում ես: Հիշում եմ, որքան էինք ուրախացել, երբ ավագ ընկերս երեք տոպրակ շոկոլադ էր բերել, լցրեցինք մահճակալի վրա, լուսանկարեցինք ու պահեցինք: Մինչև շաբաթվա վերջ դարձել էի սենյակի պահեստապետը, օրական փաթեթներից մի քանիսը բաժանում էի, մնացածը խնամքով դարսում, որ շուտ չվերջանար:

Ծառայության երրորդ ամսին վերսկսեցի կարդալը: Գրադարանի մասին այնքան էլ բարձր կարծիք չունեի: Գրադարանավարուհին քաղաքացիական հագուստով 40-անց կին էր: Խնդրեցի, որ մի քիչ շրջեմ շարքերով: Երկու գրքով վերադարձա ննջարան` ԶՈՒ ներքին ծառայության կանոնագիրք և Ալբեր Քամյուի «Օտարը»: Տարբեր ժանրի ու բովանդակության գրքեր էին, մեկը շատ զինվորական ու օրենսդրական, չոր ու սահմանումներով, մյուսը շատ զգացմունքային ու նկարագրումներով: Դրանից հետո զինվորական ձեռնարկներն ուսումնասիրում էի կեսօրին, ազատ ժամերին, որ իրավունքներս ու պարտականություններս տեսականորեն սերտեի: Գեղարվեստական գրքերը կարդում էի երեկոյան, քնելուց առաջ, որ կտրվեի ծառայողական անցուդարձից: Ննջում էի հենց այդ պատկերացումներով՝ կիսատ թողած պատմվածքն ու վեպը շարունակելով երազում:

Օրապահը կանգնում էր մեր շինության մուտքի ներսում, հեռախոսի կողքին: Յուրաքանչյուր ազդանշանի, զանգի դեպքում կամ բարձրաստիճան սպայի մտնելուն պես պիտի գոռար, կանչեր հերթապահին: Այդ օրվանը խելոք, համեստ տղա էր: Քնել էր: Հրամկազմից եկան, տեսան ու բարկացան: Իրեն պատժեցին, մեզ էլ զգուշացրին: Ոչինչ անել չէինք կարող: Զինվորը գիտակցեց սխալը, մենք էլ քիչ անց գնացինք քնելու: Հետո սովորություն դարձավ կեսգիշերին օրապահին ստուգելը. տղա է, բոլորը քնած են, ինքն էլ պարապ կանգնած, հենվում է մի ոտքի վրա, հետո ձեռքով պահում գլուխն ու … աստիճանաբար աչքերը փակում: Դժվար էր, բայց այդ փուլն էլ անցանք, բացատրում էինք. «Համարիր, որ դու ոչ թե շենքում ես, այլ պոստում: Սահմանին քնես, կգան, մեզ կմորթեն, զենքը կտանեն, քո կասկային էլ կգրեն շնորհակալություն»:

Եղանակը փոխվեց, ճիշտ այս օրերի պես, ցրտերն ընկան: Հաջորդ առավոտ շարվեցինք: Ստանում էինք ձմեռային համազգեստը, երբ լսվեց տագնապի ազդանշանը: 

ԴԱՎԻԹ ԴԱՎԻԹՅԱՆ

Խորագիր՝ #50 (1221) 20.12.2017 – 26.12. 2017, Ազգային բանակ


20/12/2017