ՄԱՐՏՈՒՄ` ՓԱՅԼՈՒՆ ԶԻՆՎՈՐ ՈՒ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ, ԴԱԴԱՐԻ ՊԱՀԻՆ` ՆԿԱՐԻՉ ՈՒ ՊՈԵՏ
Արթուր Ղարիբյան։ Ծնվել է 1967թ. դեկտեմբերի 16-ին, Ստեփանավանում: Հայրը` Վլադիմիր Ղարիբյանը, ջավախքցի էր, հայտնի անտառագետ և շատ բան էր արել Հայաստանի բնության պահպանության համար, իսկ մայրը` Գոհար Կարապետյանը, կենսաբան էր և դասավանդում էր տեխնիկումում: Արթուրը 3 տարեկան էր, երբ նրանց ընտանիքը տեղափոխվեց Երևան: Նա շատ փոքր տարիքից սեր ուներ դեպի նկարչությունը: Աշխարհի գեղեցկությունը տեսնելու կարողությունը նրա մեջ նկարչի տաղանդ արթնացրեց: Քանդակագործությունը դարձավ նրա տարերքը:
Արթուրը սովորել է Երևանի թիվ 142 դպրոցում և զուգընթաց հաճախել Հ. Կոջոյանի անվան նկարչական դպրոց: 8-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, այնուհետև ուսանել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Արթուրը 2-րդ կուրսի ուսանող էր, երբ բռնկվեց Արցախյան շարժումը… Նա կյանքը պետք է նվիրեր արվեստին, բայց Արթուրի համար գլխավորը դարձավ հայրենիքի պաշտպանությունը: Նա դարձավ գաղափարի նվիրյալ: Արթուրի հոգում նկարչի տաղանդը զուգակցվեց մարտիկի բնատուր տաղանդին: Նա միայնակ չէր: Նրա կողքին էին նաև ուսանողական ընկերները` նույնպես տաղանդավոր, խոստումնալից ու անձնազոհ: Արցախի ազատության համար մղվող պայքարը նրանց համար դարձավ դեպի իրենց երազանքների իրականացում տանող ճանապարհի սկիզբը:
Արթուրը արդեն 1989թ. մասնակցեց Հայաստանի սահմանների պաշտպանության մարտերին: 1990թ.-ին Արթուրը, ինչպես և իր ընկերները, դաշնակցության շարքերն անցան, որի գաղափարներն ու կարգախոսները ավելի մոտ էին նրանց երիտասարդ ու տաք սրտերին: Արթուրին, որն այն ժամանակ ընդամենը 22 տարեկան էր, կուսակցությունը պատասխանատու հանձնարարություն էր տվել: Նա պետք է զենք ու զինամթերք հայթայթեր և հասցներ Ղարաբաղ: Նա այն առաջամարտիկներից էր, որ բարձր պատասխանատվությամբ ու նվիրումով ստեղծեց ինքնապաշտպանական խմբեր՝ սովորեցնելով մարտիկներին տիրապետել զենքի գաղտնիքներին: Դա կարևոր և կենսականորեն անհրաժեշտ աշխատանք էր: Բայց Արթուրը տենչում էր պայքարի և 1990թ. վերջերին ջոկատներից մեկի հետ մեկնեց Ղարաբաղ և մասնակցեց Շահումյանի և Գետաշենի հայկական գյուղերի պաշտպանությանը:
Մի անգամ Շահումյան տղային տեսակցության եկած Վլադիմիր Ղարիբյանը Երևան վերադարձավ հանգիստ սրտով: Նա իհարկե հասկանում էր, որ որդին պատերազմի դաշտում է, որտեղ ցանկացած պահի վտանգ է սպառնում: Բայց հայրն ու մայրը գիտեին, որ որդին զբաղված է կարևոր, թերևս կյանքում ամենակարևոր գործով. պաշտպանում է հայրենիքը, չէ՞ որ նրանք իրենց որդիներին սովորեցրել էին սիրել հայրենի հողը, իմանալ երկրի պատմությունը, լինել բարի ու գթասիրտ: Իսկ որոշ ժամանակ անց Վլադիմիր Ղարիբյանը Արթուրի մարտիկներին նվեր ուղարկեց իր միջոցներով ձեռք բերած իտալական երկու դիպուկահար հրացան: 1991թ. Արթուրը մասնակցել է արցախյան ռազմաճակատի գրեթե բոլոր նշանավոր ճակատամարտերին: «Օղակ» գործողության ընթացքում կանգնեցրել է խորհրդաադրբեջանական զորքերի հարձակումը Կարաչինարում և Վերին Շենում, եղել է Էրքեջի, Բուզլուխի և Մանաշիդի համար մղվող առաջին հաղթական մարտերում: Նրա մարտական հմտության, գործնականում զենքի բոլոր համակարգերի իմացության մասին լեգենդներ էին պատմում: Մինչդեռ նա նույնիսկ բանակում չէր ծառայել: Իզուր չէր, որ մարտական ընկերները նրան «Երկաթե մարդ» անունն էին տալիս: Մասնակցել է նաև Խոջալուի, Կրկժանի և Մարտակերտի գյուղերի ազատագրական մարտերին: 1992թ. գարնանը նա արդեն Շուշիի առանձնակի գումարտակի ուսանողներից կազմված գրոհային վաշտերից մեկի հրամանատարն էր և միաժամանակ Շուշիի գումարտակի զենք – զինամթերքի գլխավոր պատասխանատուն:
Եկել էր Շուշիի ազատագրման ժամանակը: Ինչպե՞ս կարող էր Արթուրին չուրախացնել Արցախի հինավուրց բերդաքաղաքի ազատագրումը: Իրականանում էր ամենանվիրական երազանքը: Շուշիի գումարտակը բացառիկ դեր խաղաց այդ գործողությունում՝ թույլ չտալով նահանջող հակառակորդին համախմբել ուժերը Լիսագորի ուղղությամբ: Արթուրը տեսավ ազատագրված Շուշին, ապա իր վաշտի հետ մասնակցեց Լաչինի ազատագրմանը, երբ հարթվեց Ղարաբաղը Մայր Հայաստանի հետ միացնող «Կյանքի Ճանապարհը»: 1992թ. ամռանը Արցախի համար հասավ ամենաահեղ փորձության ժամը: Հսկայական ուժեր հավաքած և Ղարաբաղի ամբողջ հյուսիսային հատվածը զավթած թշնամուն պետք էր կանգնեցնել ցանկացած գնով: Հարվածն ընդունողներից էր Շուշիի գումարտակը: Չլդրանի և Դրմբոնի մոտ մղված մարտերում հաջողվեց թուլացնել ադրբեջանցիների ճնշումը, իսկ Սրխավենդի և Կիչանի մոտ Շուշիի գումարտակի տղաները գրոհը կանգնեցրին կյանքի գնով: Նրանք պահում էին դիրքերը։ Թշնամուն կանգնեցրին, սակայն ծանր գին վճարեցին: 1992թ. հուլիսի 4-ին ականի վրա զոհվեց Արթուրի մարտական ընկերը` Վարդան Ստեփանյանը: Այս պատերազմում Արթուրը և Դուշման Վարդանը ընկերներ դարձան՝ երկուսն էլ երիտասարդ, տաղանդավոր, կրթված, Շուշիի գումարտակի լեգենդները… Արթուրը ծանր տարավ ընկերոջ մահը: Նույն թվականի նոյեմբերի 6-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սրխավենդ գյուղի համար մղված ինքնապաշտպանական մարտի ժամանակ ականի պայթյունից զոհվեց Արթուր Ղարիբյանը: Արթուրի կորուստը ցնցեց բոլորին: Ոչ ոք չէր ուզում հավատալ, որ այդ արտասովոր մարդու կյանքը կարող էր այդքան վաղ ընդհատվել: Ամեն անգամ խիստ ու բարի Արթուրը ապշեցնում էր մարտական ընկերներին իր անսպառ տաղանդի նոր եզրերով: Մարտում` փայլուն զինվոր և հրամանատար, դադարի պահին` նկարիչ և պոետ: Այո՛, մեծ էր նրա ներդրումը ազգային-ազատագրական պայքարի գործում:
Արթուրի զոհվելուց հետո նրա ընկերները մարտի գնալիս և հաղթելիս իրենց սրտում սրբորեն պահում էին նրա կերպարը: Իսկ Գրիգոր Ղարիբյանը կրտսեր եղբոր գործն ավարտին հասցնելու համար զենք վերցրեց և գնաց Արցախ մարտնչելու:
Արթուր Ղարիբյանը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով, «Շուշիի ազատագրման համար» մեդալով: Նրա անունով են կոչվել Մարտակերտի արվեստի ստուդիան, Ստեփանավանի արվեստի դպրոցը, Վրաստանի Ախալքալակի շրջանի Կուլիկամ գյուղի միջնակարգ դպրոցը: Երևանի Կոմիտասի պողոտայի 47 հասցեում գործում է քանդակագործ, միջազգային մրցանակների հետմահու դափնեկիր Արթուր Ղարիբյանի թանգարան-ցուցասրահը:
ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՊՆ «Մայր Հայաստան» ՌՊԹ ավագ գիտաշխատող-ֆոնդապահ
Խորագիր՝ #50 (1221) 20.12.2017 – 26.12. 2017, Ճակատագրեր