Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԶ ԳՐՈՒՄ ԵՆ



ՄԵԶ ԳՐՈՒՄ ԵՆՀարգելի՛ «Հայ զինվոր», կփորձեմ  ներկայացնել, թե ինչու միացա ՀՀ զինված ուժերին:

Իրականում ցանկությունս` հայոց բանակում ծառայելու, ձեւավորվել է 12-13 տարեկանում, երբ իմացա Ցեղասպանության մասին:

Բայց սա չէ միակ պատճառը. ընտանիքիս պատմությունը, իմ կյանքը, այն դաստիարակությունը, որն ստացել եմ, հիմք դարձան ընտրելու այս ուղին:

Ասեմ, որ ես ծնվել-մեծացել եմ Պարսկաստանի մի շրջանում, որտեղ չկային հայեր, եւ հայրենիքի կարոտն ինձ կանչում էր:

Եղել են պահեր, որ մեղադրել եմ ծնողներիս՝ Պարսկաստանում ծնվելու համար: Կար իմ հայրենիքը, իսկ ես հեռվում էի. այդ միտքն ինձ տանջում էր ամեն րոպե, ամեն ժամ:

Երբ առաջին անգամ 2015 թվականին այցելեցի Հայաստան, հասկացա, թե ինչ մեծ բերկրանք է հայրենիք ունենալը, երբ բոլորը խոսում են մի լեզվով եւ հասկանում մեկմեկու:

Հաճելի է, որ դու քո հայրենիքում ես, անկախ ամեն ինչից: Ճիշտ է` շատերը կարծում են, թե չափազանցնում եմ, չեն գիտակցում իմ սիրո չափը: Ես եկել եմ իմ հայրենիք, զգացել նրա արժեքը, որը աշխարհի ոչ մի հարստության հետ չեմ փոխի:

…Հայոց բանակին զինվորագրվելու համար պատճառ դարձան նաեւ ապրիլյան դեպքերը` անմեղ զոհերը, մեր հերոսների սխրագործությունները: Մեծ հպարտությամբ եմ հիշում բոլորին Քյարամ Սլոյանին, Ռոբերտ Աբաջյանին եւ շատ ուրիշների: Նրանք մեր հայրենիքի հզոր զավակներն էին: Չէի ցանկանա այս դեպքերին ծանոթ լինել որպես հանդիսատես, այլ կցանկանայի լինել նրանց կողքին, բայց հանգամանքները թույլ չտվեցին: Բարկությունս շատ էր, որ չկարողացա մեկնել եւ մասնակից լինել…  Ինձ համար արդարացի չէր, որ 19-20 տարեկան երիտասարդ տղաները զոհվեցին, իսկ ես, լինելով 28 տարեկան, նստեի եւ ուղղակի հեռուստացույցով հաղորդակից դառնայի իրադարձություններին:

Այս դիրքորոշմամբ էլ ցանկացա զինվորագրվել հայոց բանակին, որ մեր տղաները հասկանան, որ սփյուռքը իրենց կողքին է, որ ես նրանց կողքին եմ՝ որպես ընկեր, որպես եղբայր: Եվ ինքս ինձ խոստացա, լինի զենքով թե խելքով, պետք է ապացուցեմ հայոց բանակի հզորությունը:

Շատ ուրախ եմ, որ այս քայլը կատարել եմ. ես էլ այս երկրի զավակն եմ եւ հույս ունեմ, որ ինձ կընդունեն որպես հարազատի, եղբոր, ընկերոջ:

ԱՐԹԻՆ ՍԵԹՅԱՆ

Խորագիր՝ #50 (1221) 20.12.2017 – 26.12. 2017, Բանակ և հասարակություն


20/12/2017