ՄԻՇՏ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ
«Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպությունը նոր է բոլորել գործունեության մեկ տարին: Այս ընթացքում ՀԿ-ն տարբեր ծրագրերով մշտապես աջակցել ու հայ զինվորի կողքին է եղել։
«Ազգ-բանակ» ծրագրի շրջանակում ՀԿ անդամները օրերս Արցախում էին։ Արդեն երկրորդ անգամ էին նրանք այցելում Արցախի Հանրապետության ՊԲ ենթակայության զորամասեր։
-Նմանատիպ այցերի ընթացքում խրախուսական նվերներ ենք տալիս զինվորներին, անձնական օգտագործման պարագաներ ենք տրամադրում ու փորձում օգնել զորամասերին այն ամենով, ինչի կարիքն ունենում են,-ասում է կազմակերպության նախագահ Դավիթ Թորոսյանը։
Այցի ընթացքում կազմակերպության ներկայացուցիչները եղան տարբեր զորամասերում, նաև դիրքերում, ծանոթացան զինվորի առօրյային, հանդես եկան զինվորների համար պատրաստած համերգային ծրագրով: Վերջում ծառայության ընթացքում աչքի ընկած զինվորներին հանձնեցին շնորհակալագրեր։
«Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպությունը մինչև տարեվերջ նորից կլինի Արցախում։ Իսկ 2018 թվականին կունենա հագեցած ծրագիր՝ այցեր բոլոր պաշտպանական շրջաններ, կրակային պարապմունքներ ու սեմինարներ։
ԼԻԱՆԱ ԲՐՅԱՆ
Խորագիր՝ #50 (1221) 20.12.2017 – 26.12. 2017, Բանակ և հասարակություն