Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԶՈՐ ԵՎ ԱՌՈՂՋ ԲԱՆԱԿԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԹԻԿՈՒՆՔԻՑ»



«ՀԶՈՐ ԵՎ ԱՌՈՂՋ ԲԱՆԱԿԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԹԻԿՈՒՆՔԻՑ»Գնդապետ Արամ Պողոսյանը 2016թ.՝ բանակի ստեղծման 24-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: 

Ավարտել է ՌԴ ռազմական ակադեմիան:

2013թ.-ից զորամիավորման հրամանատարի տեղակալն է:

Արժանացել է մի շարք կառավարական եւ գերատեսչական պարգեւների:

Ամուսնացած է, ունի չորս զավակ:

 

-Պարոն գնդապետ, ինչո՞ւ որոշեցիք դառնալ զինվորական:

-Որոշմանս համար կային մի շարք նախադրյալներ: Ես ծնվել ու մեծացել եմ զինծառայողների, Արցախյան պատերազմի մասնակիցների գերդաստանում՝ հայրս, հորեղբայրներս, որոնցից մեկը՝ բոլորին քաջ հայտնի գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը, հորաքույրս ու նրա երկու որդիները, բոլորն էլ զինվորականներ են եղել:

Նրանց միջոցով ճանաչեցի բանակը, սիրեցի զինծառայողի կերպարը: Հայոց բանակը դարձավ հարազատ տուն, որի հանդեպ սերը մանկուց էր ձևավորվել:

Ինչու եմ ասում մանկուց, քանզի ես ծնվել ու հասակ եմ առել Նուբարաշենում, որտեղ տեղակայված էր ռուսական զորամաս: Եվ մանկապարտեզ ու դպրոց հաճախելիս  ամեն օր հանդիպում էի նրանց: Երբ ավարտական դասարաններում էի, սկսեցի ավելի ակնածանքով նայել նրանց հանդերձանքին ու շքանշաններին: Որպես գաղտնիք ասեմ՝ ինձ ավելի շատ գրավել եւ հուզել են հայոց բանակի  հիմնադիր նվիրյալների գաղափարները, կառույցի հանդեպ նրանց սերն ու հարգանքը: Նաեւ այս հանգամանքը պատճառ դարձավ, որ զինվորական դառնալու որոշումս մնա անբեկանելի:

Բուհն ավարտելուց հետո էլ չցանկացա մասնագիտությամբ աշխատել: Արդեն ընտրել էի իմ կյանքի ուղին…

Հետագայում ծառայելով ԶՈՒ տարբեր զորամասերում, ստանալով նախնական և բարձրագույն  զինվորական կրթություն և ձեռք բերելով կազմակերպչական հմտություններ` լիովին ամրապնդվեց համոզմունքս. ես ճիշտ եմ ընտրել զինվորականի դժվար ու պատվավոր ճանապարհը:

Առաջին քայլերս սկսեցի որպես շարքային զինվոր՝ տքնաջան, երկարատև ուղի: Այսօրվա պես հիշում եմ առաջին խրախուսանքս՝ հրամանատարիս կողմից տրված պատվոգիրը, «Գարեգին Նժդեհ» մեդալս, որով պարգևատրվեցի մեծ հայորդու անվան զորամասում ծառայելիս:

Յուրաքանչյուր պարգև համարում եմ գնահատական կատարվածի և պարտավորվածություն հետագայում ավելի մեծ եռանդով ու պատասխանատվությամբ կատարելու պարտականություններս: Իսկ այս վերջին պարգեւը, որ ստացա զինված ուժերի գերագույն գլխավոր հարամանատարի կողմից, թերեւս ամենահիշվողն է ու պարտավորեցնողը:

Ռազմական ակադեմիան ավարտելուց հետո նշանակվեցի ԶՈՒ հարավային զորամասերից մեկի հրամանատարի տեղակալ:

«ՀԶՈՐ ԵՎ ԱՌՈՂՋ ԲԱՆԱԿԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԹԻԿՈՒՆՔԻՑ»-Չորս զավակների հայր եք, Աստված պահապան: Խոստովանենք, մեր օրերում, ցավոք, ոչ այնքան տարածված երևույթ: Կարծում եմ` ոչ պակաս մեծ հայրենասիրություն է:

-Պետք է ասել՝ միակը չեմ իմ գերդաստանում, շատ զավակներ ունենալը մեր գերդաստանի գեղեցիկ ավանդույթն է` պապից պապ եկած պատվիրանով: Կարծում եմ` Արա, Արմեն, Աննա ու Մելս զավակներիս կողքին գուցե դեռ ծնվեն Տիգրան ու Հայկ, Նաիրի ու Լուսինե:

-Լինելով թիկունքի ծառայության մեջ, ինչպե՞ս եք գնահատում դրա դերը զինված ուժերում:

-Թիկունքն իր ուրույն դերն ու նշանակությունն ունի բանակում, որի գործառույթներն իրենց մեջ ներառում են անձնակազմին որակյալ սննդով, վառելիքաքսուքային նյութերով և կենցաղային պայմաններով ապահովման հարցերը:

Կարծում եմ` առանց որակյալ սննդի, լիարժեք հանդերձավորման և նորմալ կենցաղի, դժվար կլինի պահպանել կարգապահության սահմանված մակարդակը և կատարել մարտական պատրաստության պլանով նախատեսված միջոցառումները:

Աշնան ամիսներին բարձր պատասխանատվությամբ իրականացվեցին նախօրոք պլանավորված ձմեռային մթերման, կարտոֆիլի և բանջարեղենի պաշարների մատակարարման և երկարատև պահպանման աշխատանքները,  որոնք մշտապես եղել են ինչպես զորամասերի, այնպես էլ  հրամանատարության մշտական հսկողության ներքո:

Ընդհանուր առմամբ, մթերման աշխատանքներն, ինչպես միշտ, ընթացան սահուն`  հաստատված պլանի համաձայն:

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի  անմիջական վերահսկողությամբ և իմ աչալուրջ մասնակցությամբ իրականացվող մթերման աշխատանքները սահուն ընթացքով դեռ շարունակվում են, և միայն դեկտեմբերի վերջին կարող ենք վստահաբար հայտնել վերջնական արդյունքների մասին: Համոզված եմ՝ արդյունքները գոհացուցիչ կլինեն:

-Պարոն գնդապետ, ի՞նչ կարող եք ասել դաշտային պայմաններում անձնակազմի սնունդը պատշաճ մակարդակով  կազմակերպելու մասին:

-Դաշտային պայմաններում անձնակազմի կերակրումը կազմակերպելու համար  գործի են դրվում ենթակա զորամասերում առկա դաշտային խոհանոցները, որոնք բավարար չափով վերանորոգված են:

Վերջերս միացյալ զորախմբի լայնամասշտաբ և բնույթով աննախադեպ զորավարժությունների թիկունքային ապահովման անխափան և ժամանակին իրականացման հարցերում անմիջական օգնություն և օժանդակություն ցուցաբերեցին  ԶՈՒ գլխավոր շտաբը, զորամիավորման հրամանատարությունը, ԶՈՒ թիկունքի վարչությունը:

Համալրելով և նորով փոխարինելով թիկունքի ծառայությունների դաշտային տեխնիկական միջոցները` հնարավոր եղավ բարձր մակարդակով ապահովել զինծառայողների կենցաղը, հանգիստը, սնունդը:

Միայն լիարժեք սնված, մաքուր, տաք հագնված զինվորը կարող է իր սարքին ու մարտունակ տեխնիկայով անմնացորդ կատարել առաջադրված մարտական խնդիրը:

Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում՝ ստեղծվել է պլանավորման բաժանմունք, ապահովման ստորաբաժանում՝ համապատասխան տրանսպորտային և տեխնիկական միջոցներով, կազմավորվել են պարենամթերքի և իրային ունեցվածքի կենտրոնական պահեստներ:

Նյութատեխնիկական միջոցների այսպիսի ծավալներով ապահովվածությունը բնականաբար ենթադրում է առաջընթաց, թույլ է տալիս լիարժեք և ժամանակին կատարել ցանկացած առաջադրանք:

Սակայն, անելիքներ և խնդիրներ դեռևս կան ու միշտ էլ լինելու են…

Ճիշտ է, բոլոր խնդիրներն էլ բանակում առաջնային են, բայց և այնպես, հզոր և առողջ բանակը սկսվում է թիկունքից:

 

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

1-ին զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ #50 (1221) 20.12.2017 – 26.12. 2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


20/12/2017