ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ
Դեկտեմբերի 5-ից 9-ը 5-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվեցին հրամանատարական հավաքներ:
Նախապես կազմված պլանի համաձայն՝ պարապմունքների հիմնական մասը գործնական և ցուցադրական էր, հիմնական նպատակը հրամանատարական կազմի մարտ վարելու և որոշում կայացնելու ունակությունները զարգացնելն էր, ժամանակակից մարտական գործողությունների բնույթի և վարման եղանակների վերաբերյալ գիտելիքներ տալը:
Շարային ստուգատեսից հետո, պարապմունքները սկսվեցին 5-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Դավթյանի դասաժամով: Նա զորամասերի հրամկազմին մանրամասն ներկայացրեց ՀՀ ԶՈՒ իրականացվող բարեփոխումների տրամաբանությունը` շեշտելով, որ արդյունքում պետք է ունենալ օպտիմալացված ղեկավարման համակարգ:
Գեներալ-մայոր Ա. Դավթյանը նշեց, որ զինուժը, ինչպես ցանկացած համակարգ, ունի անընդհատ կատարելագործվելու խնդիր, և իր բարձրության վրա կլինի այն հրամանատարը, որը կկարողանա տրված խնդիրների և առաջադրանքների համար գտնել առավել արդյունավետ լուծման ուղիներ:
Հրամանատարական հավաքների ընթացքում հրամկազմն ընդունեց մարտական, ֆիզիկական և կրակային պատրաստությունից ստուգարքներ, եղան նաև թռուցկահավաք պարապմունքներ, որոնց ընթացքում արձանագրվեցին բարձր արդյունքներ: Հատկապես մարտավարական առաջադրանքների որոշման կայացման ընթացքում զգացվում էր, որ սպայակազմը մեծ ուշադրություն է դարձնում ինքնակրթության հարցերին:
Հաշվի առնելով կառավարման համակարգին ներկայացվող ժամանակակից պահանջները` հրամկազմի հետ անցկացվեց պարապմունք «Զինվորական առաջնորդությունը» թեմայով, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց ուսուցանվողների շրջանում:
Վերլուծելով արդյունքները` զորամիավորման հրամանատարը նշեց, որ անհրաժեշտ է ապահովել միայն լավ և գերազանց գնահատականներ, թերացող սպաներին տրվեց ժամանակ` բարձրացնելու անձնական ցուցանիշները:
Խորագիր՝ #50 (1221) 20.12.2017 – 26.12. 2017, Ազգային բանակ