Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՇԽԱՐՀԻ»



Սեպտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի բռնցքամարտի միջազգային մրցաշար՝ «Հայաստանն ընդդեմ աշխարհի» խորագրով։ Տեղի է ունենալու հինգ մրցամարտ, հինգ հայազգի մարզիկներ ուժերը չափելու են աշխարհում մեծ հեղինակություն վայելող բռնցքամարտիկների հետ։ Հայաստանը ներկայացնելու է IBO թեթեւագույն քաշային կարգի աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը, մրցաշարին մասնակցելու են նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Ազատ Հովհաննիսյանը, Գաբրիել Տոլմաջյանը, Հովհաննես Ժամկոչյանը եւ Ագնեսա Բոժան։

– «Հայաստանն ընդդեմ աշխարհի»՝ շատ բարձրագոչ չէ՞, Վիկ, եթե հիշենք, որ Հայաստանը մի փոքրիկ կետ է աշխարհի քարտեզին։

– Երկրի ուժը նրա տարածքի մեծությամբ չի չափվում, ազգը հզոր է, երբ նրա զավակները հաղթում են գիտության ասպարեզում, արվեստի, սպորտի… Ես իմ ուժերը չափել եմ տարբեր մայրցամաքներից եկած, աշխարհի գերտերությունները ներկայացնող մարզիկների հետ ու, թեեւ տարածքով փոքր երկրի զավակ եմ, թեեւ իմ հայրենիքը այսօր մի կետ է աշխարհի քարտեզին, ես կարողացել եմ հաղթել:
«Հայաստանն ընդդեմ աշխարհի» կարգախոսը նետված ձեռնոց է ռինգում, իսկ ընդհանրապես «ընդդեմ» բառը հատուկ չէ մեր ժողովրդին, քանի որ հայ ազգը խաղաղասեր է: Նա ապրում է հանուն, ոչ թե ընդդեմ:

– Մրցաշարը Դուք եք նախաձեռնել: Ինչպե՞ս ծնվեց մտահղացումը, և ի՞նչ նպատակ է հետապնդում:

– Հայաստանը սպորտային երկիր է եւ կարող է կազմակերպել նման մասշտաբային միջոցառումներ: Հայաստանը կարող է եւ պետք է ակտիվորեն ընդգրկվի համաշխարհային սպորտային կյանքում: Ասեմ, որ այս մրցաշարը Հայաստանում կազմակերպելու համար ստիպված էինք բազմաթիվ դժվարություններ հաղթահարել, բազմաթիվ խնդիրներ լուծել, որովհետեւ կան նման մրցաշարերի կազմակերպման միջազգային նորմեր, որոնք սահմանում են յուրաքանչյուր մանրուք, սկսած տարրական հարմարավետությունից մինչ մասնակիցների անվտանգության ապահովումը:
Այս մրցաշարը լրացուցիչ առիթ էր հնչեցնելու Հայաստանի անունը, աշխարհի ուշադրությունը սեւեռելու Հայաստանի վրա: Մրցաշարը կհեռարձակվի աշխարհի տարբեր երկրներում: Կգան բազմաթիվ լրագրողներ, որոնք հնարավորություն կունենան ոչ միայն լուսաբանելու մրցամարտերը, այլեւ կտեսնեն մեր չքնաղ երկիրը, հետո իրենց տպավորությունները կտարածեն աշխարհով մեկ: Մրցամարտերը Հայաստանում դիտելու են մի շարք աշխարհահռչակ մարզիկներ` իմ ընկերները, նրանց թվում` Նիկոլայ Վալուեւը, Կարո Մուրադը եւ այլք: Հայաստանում կլինի նաեւ Արթուր Աբրահամը:

– Դուք առաջին անգամ եք պրոֆեսիոնալ ռինգ դուրս գալու Հայաստանում: Հայրենիքը, հարազատ ժողովուրդը, հայոց հողը քեզ կօգնե՞ն, թե լրացուցիչ հուզմունքը, պատասխանատվությունը լարվածություն կստեղծեն:

– Ես պրոֆեսիոնալ մարզիկ եմ եւ պարտավոր եմ վեր կանգնել ապրումներից, լարվածությունից: Ֆիլիպիններում ես մրցեցի տեղացի ուժեղագույն մարզիկներից մեկի հետ: Յուրայինների աջակցությունը ֆիլիպինցուն եւ ատելությունը իմ հանդեպ չխանգարեցին, որ ես հաղթանակած դուրս գամ ռինգից: Ինչպես տեսանք` ոչ 80-100 միլիոնանոց ազգը, ոչ էլ հայրենի հողը չօգնեցին ֆիլիպինցուն: Անշուշտ, Հայաստանում ռինգ դուրս գալը մեծ պատասխանատվություն է ինձ համար: Ես ամեն քայլափոխի զգում եմ այն մեծ սերը, որ տածում են հայրենակիցներս իմ հանդեպ, զգում եմ նրանց վստահությունը, տեսնում եմ, թե նրանք ինչպես են ոգեւորվում իմ հաղթանակով, եւ այս ամենը ավելի է մեծացնում հաղթելու վճռականությունս: Բայց ռինգում ես մոռանալու եմ ամեն ինչ, չեմ լսելու ոչինչ, ոչ մեկին: Ռինգում մնալու ենք ես եւ մրցակիցս ու մի միտք` ես ուժեղ եմ նրանից ու պիտի հաղթեմ:

– Դուք արդեն երկու տիտղոս եք վաստակել` Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո մրցելով: Ինչու՞ որոշեցիք ռինգ դուրս գալ Հայաստանի Հանրապետության կողմից:

– Իմ մրցամարտերի ժամանակ միշտ էլ Հայաստանի Հանրապետության դրոշը ինձ հետ է եղել: Բայց Հայաստանը ներկայացնելը սկզբունքային հարց էր ինձ համար, ու մի օր ես որոշեցի, որ պիտի եռագույնի ներքո մրցեմ, պիտի իմ ազգի դրոշը բարձրացնեմ: Ի վերջո, դա իմ որդիական պարտքն է հայրենիքիս ու ժողովրդիս:

– Ինչպե՞ս են ընտրվել մրցաշարին մասնակցող հինգ մարզիկները: Եվ ի՞նչ կտա այս մրցաշարը նրանց:

– Նրանք ապագա ունեցող մարզիկներ են, բարձր վարկանիշ ունեն: Ես վստահ եմ, որ երեւանյան մրցաշարը նրանց նոր հաղթանակ եւ հեղինակություն կբերի: Այն կլինի նոր բարձունքներ նվաճելու սկիզբ: Կմեծանա ճանաչումը, վստահությունը:

– Խորհրդային Միության եւ Հայաստանի վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանը ասաց, որ Դուք շատ լավ մարզավիճակում եք, որ ծաղկաձորյան մարզումները անցնում են շատ արդյունավետ, իսկ Ձեր ֆիզպատրաստության հարցերով զբաղվող Ջամալը շատ հակիրճ ու բազմախոստում պատասխան տվեց. «Վիկը չեմպիոն է ի ծնե ու միշտ էլ չեմպիոն է լինելու»:

– Ե՛վ Վազգեն Բադալյանը, ե՛ւ Ջամալը հավատում են իմ ուժերին ու իմ հաղթանակին: Ես, իրոք, արել եմ հնարավորը, որ սեպտեմբերի 3-ին գեղեցիկ խաղ ցույց տամ: Հաղթելը գործի կեսն է, ես ցանկանում եմ գեղեցիկ հաղթել: Ասեմ, որ Էվանս Մբամբան բարձրակարգ մարզիկ է, սիրում է խաղն ավարտել նոկաուտով, ագրեսիվ է: Կռվող մարզիկ է, չի փախչում ռինգից: Եվ դա ինձ դուր է գալիս: Ստիպված չեմ լինի «բռնոցի» խաղալ: Կարծում եմ` գեղեցիկ խաղ կպարգեւենք բռնցքամարտի սիրահարներին:

– Փաստորեն, Դուք հաղթել եք նրան, ում Մբամբան պարտվել է:

– Այո՛, բայց դա ոչինչ չի նշանակում: Պատահել է` ես պարտվել եմ մի մարզիկի, որի հաղթողին հաղթել էի: Ես չեմ սիրում թերագնահատել մրցակիցներիս, մանավանդ` ինձ միշտ էլ վիճակվել է չափվել ուժեղ մրցակիցների հետ:

– Բայց արդյունքը գերազանց է` 40 մարտ, 37 հաղթանակ, 28-ը` նոկաուտով: Վիկ, ապրիլի 24-ին տարած հաղթանակը նվիրեցիք Եղեռնի հիշատակին: Ես առաջին անգամ եմ տեսնում, որ մարզիկը իր ազգի պարտությանը հաղթանակ նվիրի:

– Բոլորի, անգամ ամենահայտնիների կյանքում լինում են ժամանակավոր պարտություններ: Մենք պիտի եղեռնի վերքերը հաղթանակներով բուժենք, միայն հաղթանակներով: Մեր ամենօրյա հաղթանակներն են ճանապարհ բացելու մեզ համար դեպի բոլորիս երազած մեծ ու միավորված Հայաստան: Ես ցանկանում եմ, որ մենք եղեռնի մասին խոսենք առանց արցունքի, առանց օտարների խղճահարությանը սպասելու, որովհետեւ այն մեզ ոչինչ չի տալու: Մենք դրա օրինակը ունենք: Արցախը` մեր պատմական հայրենիքը, ոչ ոք «չնվիրեց» մեզ: Ոչ ոք չխճաց իրենց պատմական հայրենիքից տեղահանված հայերին: Մե՛նք կռվեցինք ու հաղթեցինք, մե՛նք ազատագրեցինք մեր պատմական հայրենիքը:

– Վիկ, ցանկանում եմ, որ նաեւ այս զրույցի ընթացքում Արթուր Աբրահամին անդրադառնանք, մեր վերջին զրույցի ժամանակ նա ասաց, որ ինքը կգտնի ռինգից հեռանալու ճիշտ պահը եւ պրոֆեսիոնալ ռինգը կլքի առանց պարտության: Այսօր ռինգի արքան պարտվում է:

– Արթուրը դեռ երիտասարդ է ռինգից հեռանալու համար: Այսինքն` նրա պարտությունները պայմանավորված չէին ռինգից հեռանալու ճիշտ պահը չգտնելու հետ: Ես արդեն 35 տարեկան եմ, բայց շարունակելու եմ մարզական կարիերաս: Արթուրի ոգին բարձր է, եւ դա ամենակարեւորն է: Նա ասում է, որ հետ է բերելու կորցրածը: Ես հավատում եմ նրան: Արթուրը մեծ ներուժ ունի: Մենք դեռ առիթներ կունենանք հիանալու ռինգի արքայի ելույթներով:

– Որոշե՞լ եք` ինչո՞վ եք զբաղվելու, երբ հեռանաք մեծ սպորտից:

– Դեռ վաղ է դրա մասին խոսել, բայց մի բան հաստատ է, որ ռինգը թողնելուց հետո նվիրվելու եմ Հայաստանում պրոֆեսիոնալ բոքսի զարգացման գործին: Հայաստանը բռնցքամարտի երկիր է, մեր տղաները բնատուր օժտվածություն ունեն, եւ Հայաստանը դեռ կասի իր խոսքը համաշխարհային բռնցքամարտի պատմության մեջ:

– Վիկ, Ձեր որդին արդեն 4 տարեկան է: Կարողանո՞ւմ եք օտար երկրում ապրելով` հայ տղա մեծացնել: Ի դեպ` նա սիրո՞ւմ է Ձեր խաղերը, սիրո՞ւմ է բոքս:

– Ես ժամանակ չեմ ունենում հաճախ շփվելու որդուս հետ, այդ պատճառով էլ երեխայի դաստիարակության առումով շատ բան ձեռքից բաց եմ թողնում: Ես տղայիս հետ հայերեն եմ խոսում: Նա հասկանում է, բայց առայժմ հայերեն լավ չի խոսում ու հաճախ անգլերեն է պատասխանում ինձ: Սակայն տղաս հայ է էությամբ, հայ է արյամբ, հոգով, ժառանգական նկարագրով եւ առանց իմ ջանքերի էլ իսկական հայ տղա է մեծանում: Նա ընդամենը 4 տարեկան է, դեռ առիթ կունենա զգալու իր արմատները, մոտենալու իր երկրին, իր ազգին: Շուտով ընտանիքս կգա Հայաստան, որ աջակցի ինձ: Երբ տղաս ավելի փոքր էր, նայում էր մարտերս, մոտենում էր հեռուստացույցին եւ բռունցքով հարվածում էր մրցակցիս: Հիմա թույլ չեմ տալիս դիտել իմ մարտերը: Մտածում եմ` կազդի հոգեբանության վրա:

– Մարզի՞կ է դառնալու:

– Դեռ ոչինչ չեմ կարող ասել, բայց պինդ տղա է, ագրեսիվ:

– Վիկ, Դուք իրականացրե՞լ եք Ձեր բոլոր պրոֆեսիոնալ երազանքները:

– Հերթով իրականացնում եմ: Ես դարձել եմ աշխարհի չեմպիոն, աշխարհի բացարձակ չեմպիոն: Միտք ունեմ սահմանելու ռեկորդ համաշխարհային բոքսի պատմության մեջ, իսկ դրա համար նոր հաղթանակներ են պետք:

– Սեպտեմբերի 21-ին կտոնենք Հայաստանի անկախության 20-ամյակը: Դուք հայտարարել եք, որ Էվանս Մբամբայի հետ մրցամարտը նվիրել եք անկախության տոնին: Ի՞նչ արժեք ունի անկախությունը Ձեզ համար:

– Ես Հայաստանի 20-ամյա անկախությանն եմ նվիրել ոչ թե մրցամարտը, այլ իմ հաղթանակը այդ մարտում: Ինչ վերաբերում է անկախության արժեքին, դրանից բարձր արժեք չեմ էլ պատկերացնում: Իրականացել է մեր ազգի երազանքը` լինել անկախ պետություն, ունենալ իր դրոշը, օրհներգը: Անկախությունը ազգի հզորությունն է եւ յուրաքանչյուր անհատի հպարտությունը: Անկախության հակառակը ստրկությունն է: Անկախություն չունենալը կլիներ ամենամեծ պարտությունը:

– Վիկ, հաջողություն Ձեզ գալիք մրցամարտում: Մեր սերը, մեր աղոթքները կբազմապատկեն Ձեր ուժը, սեպտեմբերի 3-ը յուրահատուկ հաղթանակ ու տոն կդառնա յուրաքանչյուր հայի համար:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
մայոր
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ

Խորագիր՝ #32 (897) 17.08.2011 - 24.08.2011, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


24/08/2011