ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ, ՆԱԽՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ
1-ին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանով N զորամասում դեկտեմբերի 21-ին անցկացվեցին նորակոչիկների համալրման նախնական զինվորական պատրաստության ղեկավար կազմի հետ հրահանգչամեթոդական պարապմունքներ:
Քննարկվեցին նորակոչիկ զինծառայողների դիմավորման, ընդունման աշխատանքների կազմակերպման, զորանոցների կահավորման, անկողնային պարագաների թարմացման, կենցաղային պայմանների ապահովման, հոգևոր դաստիարակության, իրավական, թիկունքային, կրակային պատրաստության, համազորային կանոնադրությունների, առօրյա ծառայության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման, զինծառայողների անձնական ու հասարակական հիգիենայի, զենքի նշանակության և նրա բաղկացուցիչ մասերի ու մեխանիզմների կառուցվածքի ուսումնասիրման, զորքերի ծառայության կազմակերպման և ներքին կարգ ու կանոնի և այլ հարցեր:
Դասախոսությունները վարեցին պարապմունքների ղեկավար, զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Արթուր Թումանյանը, հրամանատարի թիկունքի և ԿՇԾ գծով տեղակալ, գնդապետ Արամ Պողոսյանը, ավագ իրավաբան, մայոր Տաճատ Էմինին, ռազմաբժշկական ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Սարգսյանը, ավագ սպա Գագիկ Մխիթարյանը, գնդերեց Դավիթ Հակոբյանը, վարչակազմի այլ սպաներ:
Պարապմունքներն անցան մասնակիցներին հուզող հարց ու պատասխանի մթնոլորտում:
Ամփոփմանը պարապմունքերի ղեկավար, գնդապետ Թումանյանը մեկ անգամ ևս կարևորեց նորակոչիկներին պատշաճ պատրաստվածությամբ ընդունումը:
Եղավ փոխադարձ հավաստիացում, որ ենթակա զորամասերը մարտական թե կարգապահական, կենցաղային և թե տնտեսական պատրաստվածության բոլոր մակարդակներով պատրաստ են դիմավորելու նորակոչիկներին, նրանց ծանոթացնելու զորամասի առօրյային` վարվեցողության կանոններից մինչև անձնական շփումներ, նպաստելու զինվորական միջավայրին հեշտ հարմարվելուն, զինվոր-հրամանատար փոխհարաբերությանը:
1-ին զորամիավորման լրատվական ծառայություն
Խորագիր՝ Ազգային բանակ