Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՆ ՀԱՅԵՐԻ ՆՈՐ ՏԱՐՎԱ ՏՈՆԸ



ՀԻՆ ՀԱՅԵՐԻ ՆՈՐ ՏԱՐՎԱ ՏՈՆԸՀեթանոսական շրջանում Նոր տարվա Նավասարդի» տոնը հայերը նշել են Հունձքի տոնի հետ միաժամանակ։ Ըստ Մ. Խորենացու՝ դա կատարվել է հայոց Վաղարշ թագավորի կամոք, իսկ նա գահակալել է առաջին դարում։ Նկատենք, որ սա այն շրջանն է, երբ Նոր տարին դեռեւս լիարժեք չէր ձեւավորվել որպես տոն, եւ նրա առանձին դրսեւորումները կամա-ակամա միաձուլվում էին աշնանային բերքահավաքի «հունձքի» հետ կապված տոնախմբություններին։ 

Ազգագրագետները Նավասարդի տոնը համարում են  Նոր տարվա տոնի երկրորդ փուլը։ Առաջինը, ըստ նրանց,  Ամանորն էր, որ նշվում էր գարնանը եւ կապված էր բնության զարթոնքը խորհրդանշող Բարեկենդանի տոնի հետ։

Ստացվում է, որ հեթանոս հայերը Նոր տարին նշել են նախ գարնանը «Ամանոր», ապա, հայկական տոմարի զարգացման հաջորդ փուլին զուգընթաց, նշել աշնանը «Նավասարդ»։ Այսպես շարունակվել է նաեւ քրիստոնեության շրջանում, մինչեւ որ 18-րդ դարում, Սիմեոն կաթողիկոսի տոմարով, հայերը նույնպես հունվարի 1-ն ընդունեցին որպես տարվա սկիզբ եւ Ամանորի տոն։ Այն կոչվել է նաեւ Կաղանդ, Տարեմուտ, Տարեգլուխ։

Հայագիտությունն զբաղվել է այն հարցերով, թե հատկապես որ աստվածներին են նվիրված եղել ամանորյա կամ նավասարդյան տոները։ Ֆրանսիացի հայագետ Լանգլուան «19-րդ դար» այն կարծիքն է հայտնել, թե հեթանոս հայերն ունեցել են Ամանոր անունով աստված, եւ  տոնը նվիրված է եղել հենց նրան։ Նա ելնում է Ագաթանգեղոսի «դիցն ամանորայ» «Ամանորի աստված» արտահայտությունից։ Այլ  կարծիքի է եվրոպացի հայագետ Գելցերը, որը կարծում էր, որ տոնը նվիրված է եղել Վանատուրին՝ հյուրընկալության աստծուն։ Ալիշանը կարծում էր, որ Ամանորը եւ Վանատուրը նույն աստվածն են տարբեր անուններով, թեեւ իր իսկ պնդումը համարել է կասկածելի։ Ալիշանին պաշտպանել է Մկրտիչ Էմինը։ Եղել են նաեւ այլ կարծիքներ, ընդհուպ այն, որ Վանատուր անունով աստված չի եղել, այդ անունը պարզապես վերագիր է «մականուն»։ Գերակշռող կարծիքը, այնուամենայնիվ, այն է, որ Ամանորի կամ Նավասարդյան տոները նվիրված են եղել Արամազդին եւ Անահիտին, ոգեկոչել Նոյ նահապետի եւ Ջրհեղեղի հիշատակները։ Ժողովուրդը երկրի տարբեր ծայրերից հոծ խմբերով ձգվել է Տարոն եւ Բագրեւանդ գավառների սահմանագլուխ, հավաքվել սրբազան Արածանի գետի եւ Նպատ լեռան շուրջը, եւ սկսվել է մեծ տոնախմբություն, որը տեւել է 6 օր։ Մասնակցել են բոլոր խավերի ներկայացուցիչները՝ արքայից մինչեւ շինական։ Կենտրոնահավաքատեղին եղել է Բագավան կամ Դիցավան գյուղաքաղաքը, որի հրաշակերտ տաճարը թնդացել է ուրախ գոչյուններից, երգ-երաժշտությունից։

Հանդեսներն ուղեկցվել են փոխադարձ նվիրատվություններով, ռազմախաղերով եւ թատերախաղերով եւ, իհարկե, ճոխ խրախճանքներով։

Տեղի են ունեցել նաեւ զոհաբերություններ։ Սովորաբար աստվածներին նվիրաբերվում էին երինջներ, ցուլեր, ու նրանց արյունով, ի նշան մաքրության եւ նոր կյանքի սկզբնավորման, ներկվում էին բոլոր հավատացյալները։ Պատմաբան Ստ. Պալասանյանը գրում է. «Ամեն տեսակ սպիտակ կենդանիներ էին զոհում Արամազդին եւ նրանց արյունը ոսկի եւ արծաթի ամանների մեջ  ընդունում»։

Հայերի զոհաբերությունների մասին վկայություն ունի հույն մեծ պատմագիր Ստրաբոնը, որը եղել է Հայաստանում։ Նա վկայում է, որ այդ ծիսական օրերին հայ ազնվականուհիները հաճախ զոհաբերում էին նաեւ իրենց կուսությունը սիրեցյալ երիտասարդներին՝ դրանով սրբագործելով արգասավորումը։

Տոնախմբության օրերին մեծ հետաքրքրություն էին առաջացնում այսպես կոչված «նավասարդյան զբոսանքները»՝ որսորդությունը եւ մրցախաղերը։ Պատմիչները, ցավոք, չեն նկարագրել դրանք, սակայն կա կարծիք, որ խմբային որսորդությունը եւ մրցումները նման են եղել Հելլադայի օլիմպիական խաղերին եւ ներառել դրանց հատուկ մարզաձեւեր՝  նետաձգություն, մականախաղ, ըմբշամարտ, լող,  թռիչք-երկարություն ու բարձրություն, վազք եւ ձիարշավ։

Ժողովուրդը սիրել է Նոր տարվա տոնը, որովհետեւ այն հիրավի եղել է ժողովրդական տոն։ Եվ պատահական չէ, որ նրա մասին ստեղծվել են գեղեցիկ ավանդապատումներ։ Դրանցից մեկն այս է. հայոց աստվածները տոնի  օրերին լոգանք են ընդունել Եփրատ եւ Արածանի գետերում, ապա բարձրացել մոտակա լեռների գագաթները եւ այնտեղից հետեւել տոնահանդեսներին, հովանավորել դրանց մասնակիցներին։

Ահա այսքան հին է Նոր տարին որպես տոն, որը հետագա դարերում, իհարկե, նոր երանգներ ստացավ։

 Պատրաստեց Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

Խորագիր՝ #51 (1222) 27.12.2017 - 02.01.2018, Հոգևոր-մշակութային, Պատմության էջերից


28/12/2017