Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՆԿՈՒՆ ՄԱՐԴՆ ՈՒ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ. ՇԱՀԵՆ ՄԵՂՐՅԱՆ



ՇԱՀԵՆ ՄԵՂՐՅԱՆՀունվարի 2-ին Շահեն Մեղրյանը կդառնար 66 տարեկան

«Տղա՛ ջան, մեջքդ պի՞նդ ա»

 Շահեն Մեղրյանի ավագ եղբայր Արտուշ Մեղրյանը պատմում է. «Մենք ծնվել ենք մեծ ընտանիքում. 11 երեխա էինք` 7 եղբայր, 4 քույր: Պատերազմին մասնակցել են չորս եղբայրներս` Շահենը, Պողոսը, Պետրոսը, Թավարը: Շահենը 9-րդ երեխան էր: Ծնվել է 1952 թ., Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում: 1975 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, վերադարձել հայրենի գյուղ, աշխատանքի անցել շրջկենտրոնում` որպես տնտեսագետ: 1981-88 թթ. եղել է շրջանի պահածոների գործարանի տնօրենը: Այդ ժամանակ արդեն Ադրբեջանի ՆԳՆ-ն հետաքրքրվում էր նրանով, անգամ փորձել են ձերբակալել, սակայն գործարանի աշխատողները ոտքի են կանգնել եւ թույլ չեն տվել: 1988-91 թթ. Շահենը շրջանի ագրոարդյունաբերության վարչության պետն էր, իսկ 1991-92 թթ.` շրջանի գործկոմի նախագահը: Շահենի մուտքը ազատագրական պայքար տեղի ունեցավ 1990թ. հունվարի 7-ին: Ադրբեջանցիները Մարտունաշենում դանակահարել էին ագարակի պահակին: Հունվարի 9-ին Շահումյանից 19 մարդ ճանապարհվում է Մարտունաշեն, որպեսզի մասնակցի հուղարկավորությանը: Ոստիկանությունը եւ տեղի զինվորականները ձերբակալում են շրջանի ղեկավարությանը` Շահենին, Վլադիմիր Աղաջանյանին, շրջանի դատախազ Գենադի Ստեփանյանին: Խոստումը, թե՝ հայերին վնաս չեն տա եւ թույլ կտան մասնակցելու հանգուցյալի հուղարկավորությանը, սուտ էր: Մեկ ամիս պահելուց հետո Շահենը եւ եւս մի քանի հոգի ազատ արձակվեցին: (Գետաշենի ջոկատի մարտիկները գերել էին Սարիսու գյուղի նախագահի որդուն, իսկ Էրքեջում հայերը շուրջկալել էին ադրբեջանցիների ավտոբուսը` 18 ուղեւորով ու փոխանակել գերյալների հետ): Շահենին չէին փոխանակի: Հորս` Զինավորի ծանոթները Շահենին ազատեցին: Հայրս հեղինակություն էր ամբողջ գյուղում եւ գավառի սահմաններում, նրա խորհուրդները օրենքի ազդեցություն ունեին ազգատոհմի համար: Շահենը առաջնորդվում էր հորս առաջադրած բարոյախրատական սկզբունքներով: Հայրս ասում էր` պաշտոնը դեռ ամենը չէ, այն կարող է ե՛ւ բարիք բերել, ե՛ւ չարիք: Մարդը կարող է բարձր պաշտոններ զբաղեցնել, սակայն մարդ չլինել: Մարդու կոչումը հարատեւ է, իսկ պաշտոնը` ժամանակավոր: Եվ այդ կոչումը կորցնողը ամեն ինչ է կորցնում: Հայրս կրկնում էր, եթե մեր ազգին թիկունքից չխփեին, թուրքը դիմացից չէր կարող: Շահենին էլ ասում էր. «Տղա՛ ջան, անում ես, լավ ես անում, բայց, տե՛ս, մեջքդ պի՞նդ ա, ամրացրու, նոր արա»: Պատերազմի ժամանակ մենք կորցրել ենք հայրական եւ մայրական կողմից 7 ամենամոտ ազգականների»:

 

Նա պայքարում էր Ստեփանակերտը Շահումյանից բաժանող «պատի» դեմ

 Շահեն Մեղրյանի կնքահայր և ընկեր Լեւոն Մելիք-Շահնազարյանի հուշերից. «1989թ., երբ Իգոր Մուրադյանի հետ եկանք Շահումյան, առաջին անգամ տեսա Շահենին: Տպավորությունս այս էր` գյուղացի տղա, բայց բարձր ինտելեկտի եւ խելքի տեր: Շահենը պայքարում էր Խորհրդային Միության ներքին զորքերի դեմ, Ադրբեջանի դեմ, նաեւ պայքարում էր այն «պատի» դեմ, որ բաժանում էր Ստեփանակերտը Շահումյանից: Նրա կարեւոր ձեռքբերումներից էր նաեւ, որ սեպտեմբերի 2-ին, երբ հռչակվեց Արցախի անկախությունը, հռչակվեց Շահումյանի շրջանի հետ միասին: Ես ուզում եմ նրա հեղինակության մասին մի դեպք պատմել: Կային մարդիկ, որոնք դիտավորյալ լուր չտվեցին Շահումյանում սեպտեմբերի 2-ին կայանալիք նիստի մասին, ուզում էին, որ Արցախը հռչակի իր անկախությունը առանց Շահումյանի: Սեպտեմբերի 1-ին իմացա, որ Շահումյանի պատգամավորները տեղյակ չեն, եւ իսկույն ճանապարհ ընկա: Տեղ հասա գիշերվա ժամը 11-ին: Մտա շտաբ, հարցրի` որտե՞ղ է Շահենը, ասացին՝ երեք օր չի քնել, շատ հոգնած է, տասը րոպե առաջ մեկնեց Գյուլիստան՝ հանգստանալու, առավոտյան կգա: Կապ հաստատեցի նրա հետ եւ ասացի, որ կարեւոր գործ կա, թող շտապ գա: Եկավ, տեղեկացրի, որ Ստեփանակերտում տեղի է ունենալու պատգամավորական նիստ, եւ պետք է Շահումյանից էլ պատգամավորների ստորագրություններով հայտարարություն ներկայացնել: Ընդամենը մի քանի ժամ ունեինք: Նա մինչեւ գիշերվա ժամը 4-ը հավաքեց պատգամավորներին` ոմանց խրամատից, ոմանց տներից, ոմանք էլ վիրավոր էին: Ժողով արեցինք: Առավոտյան հասանք նիստին` չուշացանք, եւ ամեն ինչ արեցինք օրենքի տառին համապատասխան: Նրա համար անհաղթահարելի արգելք չկար: Ես Շահենի կորուստը համեմատում եմ 1139 թ. Շահումյանի շրջանի մերձակայքում փլուզված այն սարի հետ, որի փլուզումից, նախ՝ առաջացել է գետ, ապա նաեւ` 49 լճեր, որոնք սնուցում էին ամբողջ շրջանը: Նա չկա, բայց նրա շնորհիվ է նաև, որ ունենք Մարտակերտի ազատագրված տարածքի ներկայիս հատվածը և Քարվաճառը»:

 

Մեղրյանի ղեկավարած ջոկատը իսկական պատիժ էր թշնամու համար

 Ջանունց Մամիկը 1989թ.-ին է ծանոթացել Շահեն Մեղրյանի հետ: Կռվում էր նրա պարտիզանական ջոկատում. «Շահումյանի շրջանը 1992 թ. հունիսի 12-ին ենթարկվեց ադրբեջանական բանակի հարձակմանը: Շահումյանում երկար դիմադրել չկարողացանք, ստիպված էինք թողնել պաշտպանական դիրքերը եւ ապահովել խաղաղ բնակչության արտագաղթը: Միաժամանակ թիկունքում պարտիզանական ջոկատ էր ձեւավորվում, որը ղեկավարում էր Շահեն Մեղրյանը: Ռադիոկապով ջոկատի տղաների ազդականչն էր «Եղնիկներ», որովհետեւ կռիվներում հայտնվում էին արագ ու աննկատ, մագլցում սարերը: Շահեն Մեղրյանի ղեկավարած ջոկատը իսկական պատիժ էր թշնամու համար, ռազմական ցանկացած գործողության ժամանակ մեկ էլ անսպասելի թիկունքից հարվածում էինք: Պայքարը հեշտ չէր: Մեզ համար Շահենը համառության օրինակ էր, իսկական առաջնորդ, նրա համար կարեւոր էր ամեն մի զինվորը: Շահեն Մեղրյանն իր կողքին՝ ռմբակոծությունների գոտում էր պահում ընտանիքը, մանկահասակ երեք երեխաներին, որպեսզի մյուսներն էլ մնային ու դիմադրեին: Ուրախացնում է այն, որ երկու տասնամյակ անց «Եղնիկները» նորից հյուսիսային Արցախի սահմանին են` մի ամբողջ պաշտպանական շրջանի տեսքով»:

 

ՇԱՀԵՆ ՄԵՂՐՅԱՆ«Հիշում եմ` ինչպես հայրս ինձ ամուր գրկեց ու համբուրեց»

 Շահեն Մեղրյանի որդին` Զինավոր Մեղրյանն ասում է, որ հոր կերպարն իր մեջ ամբողջացավ նրա զոհվելուց հետո, երբ մեծացավ եւ սկսեց ուսումնասիրել փաստագրական նյութերը. «Ամենահիշվող դեպքը տեղի ունեցավ 1992 թ. հունիսի 13-ին` Շահումյանից արտագաղթելու ժամանակ: Ես կորել էի, 7 ժամ ինձ փնտրել ու չեն գտել: Որսորդը որսից վերադառնալով՝ տեսնում է, որ Շահումյանը դատարկված է: Նա հետ է դառնում եւ ճանապարհին, կածաններով անցնելիս, տեսնում է քնած մի փոքրիկի՝ ինձ, ու վերադարձնում է ընտանիք: Հայրիկիս ուրախությունն եմ հիշում, ինչպես ինձ ամուր գրկեց ու համբուրեց: Հայրս Արտատափից մեզ ուղարկված վերջին նամակում գրել է. «Բարեւ ձեզ, սիրելի բալիկներ: Հայրիկը իրեն լավ է զգում, միայն թե շատ է կարոտում ձեզ: Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, շուտով կսկսենք աշխատել Հայրենիքի ազատագրման ուղղությամբ, հիմա գործում ենք Մարտակերտի շրջանում: Գարնանն անպայման դպրոց եք հաճախելու, դրա համար պետք են ամենօրյա պարապմունքներ: Լուսինե, Լիլիթ ջան, օգնեցեք Զինավորին, մամային լսեք, պապային մի մոռացեք, շուտով կհանդիպենք»:

 

Էս մարդկանց հնարավո՞ր է հաղթել

 Խորհրդային բանակի փոխգնդապետ Ալեքսանդր Վլադիմիրովիչ Կուրեպինը 1992թ. միացավ Շահեն Մեղրյանի ջոկատին` կռվելու Շահումյանի շրջանի ազատագրման համար. «1993թ. փետրվարին ջոկատը պետք է առաջ ընթանար Սարսանգի ջրամբարի հարավային ափից: Ավարտվում էր Մարտակերտի շրջանի ազատագրումը: Մեղրյանին հանձնարարված էր ադրբեջանցիներին դուրս շպրտել Հաթերք եւ Ումուդլու գյուղերից: Հետախույզներ ուղարկեցինք: Երկու օր անց տղաները վերադարձան, զեկուցեցին` ադրբեջանցիներն ունեն Դ-30 մարտկոց, 5-6 զրահապատ մեքենա, բազմաթիվ մեքենաներ եւ 400 մարդ: Մենք ընդամենը 25 հոգով էինք: Շահենը նյարդայնացավ, բայց, ինչպես ասում են, հրամանը հրաման է: Սկսեցինք մտածել` ինչպես գործել: Որոշեցինք հատել ճանապարհը, որը մարտավարական նշանակություն ուներ` իրար էր կապում Գերանբոյի, Մարտակերտի եւ Քարվաճառի շրջանները: Հիշում եմ մեր առաջին ճանապարհ դուրս գալը. ամբողջ գումարտակը պահուստային զինամթերքը տեղափոխում էր մարտադաշտի մերձակայք: 36 կիլոմետրը հաղթահարեցինք 40 ժամում: Քայլում էինք լեռներով` մինչեւ գոտկատեղ ձյան մեջ մխրճված: Վերադարձանք հաջորդ խմբաքանակի համար, այս անգամ ճանապարհը հաղթահարեցինք 12 ժամում: Երրորդ անգամ` 10 ժամում: Գիշերը հանգստացանք: Առավոտյան երկու հակատանկային ական տեղադրեցինք: Հողը այնքան էր սառել, որ հազիվ փորեցինք: Անդրեյը առաջարկեց քողարկել դրանք սպիտակ վերնաշապիկով` ինչպես ձյան ծածկույթը: Շուտով «Զիլ-131»-ի տակ ականը պայթեց, վարորդը գերի ընկավ: Երկրորդ մեքենան «բռնացրի» «ՎՈսþՑՍՈ»-ով: Երեկոյան ադրբեջանցիները Ումուդլու ուղարկեցին հետեւակայինների եւ սակրավորների: Այնուհետեւ հիմնական ջոկատը իջավ մարտադաշտ, մենք տեղակայվել էինք բլրի վրա` ընդամենը 15 հոգի: Կրակ բացեցինք: Ադրբեջանցիները 70 զոհ տվեցին: Հետո իմացանք, որ զոհվածները Ադրբեջանի ազգային բանակի Գերանբոյի գումարտակի զինյալներն էին: Ամբողջ գիշերը անցկացրինք մեր դիրքերում: Սարսանգի ջրամբարի հակառակ կողմից ադրբեջանցիները հրետակոծում էին: Առավոտյան կասկածելի լռություն տիրեց: Հետախուզական գործողություններ իրականացրինք, եւ պարզվեց, որ ադրբեջանցիները տեխնիկան թողել եւ փախել են: Մենք կապ հաստատեցինք Մարտակերտի շրջանի հետ եւ տեղեկացրինք, որ գյուղերն ազատագրված են: Մտածեցին` կատակում ենք:

Պարզվեց նաեւ` գործողությունների ամբողջ ընթացքը նկարահանում էր Ալեքսանդր Նեւզորովը: Նա ադրբեջանական կողմում էր: Նրա «թպՐՈվոՏռրՍՌռ ոՈՑՈսՖՏվ» վերնագրված ռեպորտաժում նույնիսկ արձանագրվել է, թե ինչպես է գեներալ Սադիկովը ադրբեջանական գումարտակի հրամանատարի դեմքին հարվածում եւ գոռում, թե նա գիտեր, որ դիրքերում հարյուր հայ կար, վերջինս պատասխանում է` ո՛չ: Բայց մենք ընդամենը 15 հոգով էինք: Միայն այդ օպերացիաների համար Շահենը արժանի է ամենաբարձր պարգեւների:

Գիտեք` պատերազմի մասին պատմելիս չպետք է շեշտը դնես իրադարձությունների վրա, պիտի պատմես` ինչ կար այդ պատերազմի ներսում: Բորիկ Բաբաջանյանն ապրում էր Շահումյանի շրջանում, շրջանի լավագույն մեխանիկն էր, երկու աղջիկ ու մի տղա ուներ: Մեծ աղջիկը Շահումյանի ամենագեղեցիկ հարսնացուն էր: Նա 17 տարեկան էր: Փոքր աղջիկն էլ` 13 տարեկան: Գրադով խփում են Շահումյանին՝ ուղիղ Բորիկենց բակ: Դիանան չկար, Մարինկայի ձեռքերը կտրվեցին: Երբ լրագրողը հարցնում է` «Աստծուց ի՞նչ ես ուզում», ձեռքերը կորցրած երեխան պատասխանում է` թող Շահումյանը վերադարձնի: Էս մարդկանց հնարավո՞ր է հաղթել: Մարինկան հիմա Սվերդլովսկում է ապրում, ամուսնացել է:

Ինձ բախտ է վիճակվել կռվելու երկու լեգենդար հրամանատարների` Մոնթեի ու Շահեն Մեղրյանի կողքին»:

2014 թվականի հոկտեմբերի 24-ին Շահեն Մեղրյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը:

 ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #51 (1222) 27.12.2017 - 02.01.2018, Ճակատագրեր


28/12/2017