«ԱՄԵՆ ՄԵԿԻԴ ՄԵՋ ԱՊՐՈՒՄ Է ՍԽՐԱԳՈՐԾԸ»
Մայոր Սարգիս Ստեփանյանը ծառայողական պարտականությունները կատարելիս` ականապատված դաշտից զինակից ընկերոջը դուրս բերելու ժամանակ վիրավորվեց ականապայթյունից ու կորցրեց չորս վերջույթներից երեքը: Դա տարիներ առաջ էր:
Այս հրապարակումը հերոսի մեկ ուրիշ սխրանքի մասին է: Օրերս մայոր Սարգիս Ստեփանյանը մասնակցեց բազկամարտի աշխարհի առաջնությանը եւ Լեհաստանի Ռումիա քաղաքից վերադարձավ աշխարհի չեմպիոնի տիտղոսով` երկու ոսկե եւ մեկ արծաթե մեդալով:
-Սարգի՛ս, վաղուց չենք հանդիպել, բայց ես համացանցով ուշիուշով հետեւում եմ քո հաջողություններին:
-Վերջին անգամ զրուցեցինք իմ վիրավորվելուց մի քանի ամիս անց, երբ բարձրացա Թեժ լեռը` 1600 մետր:
-Այն ժամանակ, երբ դու խոսում էիր քո ծրագրերի մասին, դրանք ինձ անհավանական էին թվում, հեքիաթ, ու ես ջանում էի, որ հոգուս, մտքիս մեջ ծնված կասկածները չարտացոլվեն աչքերիս մեջ, ես փախցնում էի հայացքս, որ դու չնկատես թերահավատությունս…
-Չեմ նկատել: Ընդհակառակը, դու ինձ ոգևորում էիր, ու ես մտածում էի, որ դու հավատում ես իմ ուժին, կամքին ու կենսունակությանը….Դա էլ է երեւի լրագրողական վարպետության բաղադրիչ՝ խանդավառել մարդկանց, առաջ մղել….
-Հիմա պատմիր, թե ոնց ծնվեց մեկ ձեռքով աշխարհը նվաճելու անհավանական միտքը: Նրանք, որոնց հետ չափվում էիր, մի ձեռքով կառչում էին ինչ-որ հենարանի: Նրանք ոտքեր ունեին եւ հենվում էին դրանց վրա:
-Այո՛, բազկամարտի աշխարհի առաջնությանը մասնակցողների մեջ չկար մեկը, որը միայն մեկ ձեռք ունենար և առանց երեք վերջույթների լիներ….
-Մենք ընկերներով նայում էինք անհավանական կադրերը, թե դու ոնց էիր առանց որեւէ հենարանի, թեթեւ հպումով ծալում մի ձեռքով կամ ոտքերով հենարաններին կառչած աժդահա տղամարդկանց ձեռքը: Ու արտասվում էինք հպարտությունից:
-Թեթեւ հպումով` լավ ասացիր: Սպասիր, հերթով պատմեմ:
-Ու առանց համեստության:
-Պայմանավորվեցինք: Ես մանկուց սիրել եմ չափվել, մրցել ու հաղթել: Ես չունեի ու հիմա էլ չունեմ հանգիստ վիճակ: Ես ապրել ու ապրում եմ հաղթահարելով: Հետո սիրում եմ «չեմպիոն» վիճակը, դպրոցական տարիներին, բանակում, երբ զինվոր էի, ծառայության ընթացքում ես միշտ ռեկորդներ էի սահմանում: Ծանրամարտի սպորտի վարպետ եմ, Հայաստանի առաջնության հաղթող, համաբանակային ուժային եռամարտում ռեկորդ եմ սահմանել, կշռաքարերի համաբանակային մրցույթում դարձել եմ չեմպիոն… Բոլորը չթվեմ:
-Բայց ճակատագրական դեպքից հետո…
-Ինչո՞ւ ճակատագրական: Գայանե՛, ես ողջ եմ: Ուղղակի հիմա մի քիչ ավելի դժվար է, ավելի շատ պիտի մարզվեմ: Երբ դու ականապատված դաշտ ես մտնում, գիտես, որ ամեն պահի ականը կարող է պայթել, եւ ապահովագրված չես մահից, ամենածանր հաշմանդամությունից: Իսկ ես քեզ պատմել եմ, որ ինքս եմ խնդրել, որ ծառայակցիս ականապատված դաշտից հանելու թույլտվություն ստանամ:
-Այսինքն` ճակատագրին մարտահրավերը նետված էր հենց սկզբից, երբ դու ընտրեցիր հետախույզի մասնագիտությունը:
-Մնացածը դառնում է քո առօրյան, քո կյանքը: Մի խոսքով, երբ ոտքի կանգնեցի, սկսեցի մարզվել: Ես չէի կարող վազել, չէի կարող ծանրամարտով զբաղվել. մեկ ձեռքը թույլ էր տալիս միայն զբաղվել բազկամարտով: Ու ինձ այլ բան չէր մնում, քան բազկամարտի աշխարհի առաջնությանը հաղթելու հնարավորությունը:
-Դու ծիծաղելով պատմում ես, իսկ ես հիշում եմ, թե դու ինչ գերմարդկային ջանքերով էիր մարզվում:
-Ես ամեն ինչ այս մի ձեռքով եմ անում, կենցաղային բոլոր հոգսերը այս մի ձեռքիս հույսին են, ու ձեռքս առանց այդ էլ ծանրաբեռնված է, լրացուցիչ մարզումներից ձեռքս օրերով ցավում էր: Սա՞ ես ուզում լսել…Հա ցավում է, բայց ես դիմանում եմ ցավին: Ֆիզիկական ցավը ոչինչ է հոգու ցավի առաջ:
-Ե՞րբ է ցավում մարդու հոգին….
-Երբ քեզ թույլ ու անճարակ ես զգում: Ինձ շատ օգնեց մարզիչս` Արտավազդ Նալբանդյանը: Ես սովորական մարզիկ չեմ, չեմ կարող ինքնուրույն մարզվել, անհրաժեշտ է, որ ամեն պահի աջակցեն ինձ, մոտեցնեն կշռաքարերը, օգնեն տարբեր ձգումների ժամանակ: Արտավազդը անմնացորդ նվիրումով ինձ հետ անցավ այդ ճանապարհը:
2016 թ. աշխարհի առաջնությանը գրավեցի չորրորդ տեղը: Դա իմ առաջին փորձն էր: Վերադարձա ու շարունակեցի մարզվել:
-Դու պիտի մասնակցեիր բազկամարտ առանց հենման մրցույթին, ես այդպես գիտեի, բայց հետագայում պարզվեց, որ դու մրցել ես նաեւ բազկամարտ հենումով ձեւաչափում, այն դեպքում, երբ դու հենվելու հնարավորություն չունես…
-Նախքան հարցին պատասխանելը, ուզում եմ շնորհակալություն հայտնել «Հայ վիրավոր հերոսների հիմնադրամին»՝ աջակցության համար եւ պատմել, թե ինչպես ինձ օդանավակայանում դիմավորեցին Լեհաստանի Ռումիա քաղաքում ապրող հայերը: Նրանք եկել էին հայկական դրոշներով ու չափազանց խանդավառված էին: Նրանք մեզ պարզապես ձեռքից ձեռք էին խլում, հյուրընկալում էին իրենց տանը, այնտեղ մենք մեզ զգում էին ինչպես սեփական ընտանիքում: Դու սիրում ես հարցնել` ինչի՞ համար է այդ ամենը, այդ տանջանքը, այդ զոհողությունները… Գիտեմ, որ հարցնելու ես:
Էդ մարդկանց համար` Վարշավայից 400 կմ ճանապարհ կտրած ու Ռումիա հասած իմ հայրենակիցների համար: Նրանց համար, ովքեր Հայաստանում սպասում էին իմ հաղթանակին: Նրանց հաղթած ու խանդավառ տեսնելու համար: Վերջապես՝ ինձ համար: Ես չեմ կարող ապրել առանց հաղթելու: Հաղթելը օդ է, որ ես շնչում եմ: Պարտադիր շաբաթական երեք օր ես մարզվում եմ ուժասպառ լինելու աստիճան, ձեռքս նվվում է մկանների ցավից… Երբ առանց հենման բազկամարտում նվաճեցի ոսկե մեդալը, որոշեցի, որ պիտի մրցեմ նաեւ հենումով ձեւաչափում:
-Ու հաղթեցիր երկու հնդիկների, ռուսների, ամերիկացու, ուզբեկի, ղազախի, ուկրաինացու, որոնք մի ձեռքով ու ոտքերով կառչել էին հենարանին…
-Ես հաղթեցի գործող չեմպիոնին, որը նույնպես հայ էր, մասնակցում էր Ուկրաինայի դրոշի ներքո: Նիկոլայ Թադեւոսյանը ուժեղ մարզիկ էր, ու նրա ձեռքը ծալելը, իսկապես, դժվար էր: Ես նվաճեցի երկրորդ ոսկին: Ու դրանից հետո որոշեցի պայքարել բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար:
-Տղաները պատմեցին, որ Գեւորգ անունով Լեհաստանում հայտնի մի ըմբիշ մրցույթից առաջ իր գավաթը նվիրել է քեզ:
-Այո՛: Ի դեպ, Գեւորգը ծառայել է հայկական բանակում: Նա հայտնի մարզիկ է:
-Երբ դու պայքարում էիր բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար, ծալեցիր բոլոր մրցակիցներիդ ձեռքերը, բայց չեմպիոն դարձավ ռուս մարզիկը: Քեզ արծաթե մեդալ տվեցին: Ինչո՞ւ:
Ես տեսա, որ դու երկու անգամ էդ ռուսի ձեռքը ծալեցիր:
-Ի դեպ, նա հրաշալի մարդ էր ու շատ ուժեղ մարզիկ: Այո՛, ես ծալեցի նրա ձեռքը, բայց արմունկս դուրս եկավ բարձիկից: Դա կոչվում է տեխնիկական պարտություն: Եվ դա արդար է:
-Աչքերիս առաջ է, թե ինչ փառքով, պատիվներով դիմավորեցին քեզ ծառայակից ընկերներդ, ծանոթ-անծանոթ հայ մարդիկ… Ակամա հիշեցի դյուցազնագրքում գրանցված ռեկորդը, երբ 13-րդ անգամ բարձրացրիր 32 կիլոգրամանոց կշռաքարը ու… բառերով անհնար է նկարագրել, թե ինչ կատարվեց:
-Իմ կյանքը մի հաղթանակից մյուսն ընկած ճանապարհ է: Եթե չլինեն հաղթանակները, իմ ճանապարհը կընդհատվի:
-Աշխարհի չեմպիոնի կոչումն էլ նվաճեցիր: Հետո՞… Ի՞նչ է լինելու հետո:
-Հետո՞… Ես ուզում եմ ապացուցել, որ ես գերմարդ չեմ:
-Այո՞: Իսկ ես ճիշտ հակառակն եմ մտածել:
-Դա շատ եսասիրական մղում կլիներ եւ շատ փոքր խթան՝ առաջ գնալու համար: Ես ուզում եմ ապացուցել, որ սովորական մարդ եմ, ու իմ կողքին կան տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք կարող են կրկնել իմ արածը, պարզապես, պետք է խանդավառել նրանց, ներշնչել հավատ ու հաղթելու կամք: Ես ուզում եմ ասել` ամեն մեկիդ մեջ ապրում է սխրագործը: Երազում եմ, ավելի ճիշտ՝ որոշել եմ հաշմանդամություն ունեցող մարզիկների սպորտի ֆեդերացիա հիմնել: Դա կփոխի հարյուրավոր մարդկանց ճակատագրերը: Նրանց կվերադարձնի կյանք: Ու նրանք իրենց սխրանքով կվարակեն, ուժ կտան հազարավոր մարդկանց:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ
Նվիրվում է Սարգիս Ստեփանյանին
Հայրենատրոփ արմատներ ունես, պտուղը ծառից հեռու չի ընկնում,
Հզոր առյուծից կորյուն է ծնվում, իսկ շնագայլից՝ միայն շնագայլ,
Կյանքդ սխրանք է և անվերջ պայքար, կամքդ՝ պողպատե, խոհերդ՝ պայծառ,
Քայլող լեգենդ ես, սուրբ Հայրենիքի ուխտյալ զինվոր ես, զորեղ կաղնի ծառ:
Ապացուցեցիր այս հին աշխարհին, որ մենք հավերժի ճամփորդ ենք արի,
Խաղաղասեր ենք, նաև կռվազան, ճարտարագործ ենք և հոգով բարի,
Օ՛, հազարամյա առեղծված հայի, որ մեր թշնամուն հանելուկ մնաց,
Օ՜, խորխորատներ հայության հոգու, իսկ ազգի ոգին՝ միշտ վերասլաց …
Թեկուզ մարմնիդ մի մասը չկա, բայց դու յոթ մարդու զորություն ունես,
Ահռելի ուժդ ուրկի՞ց ես առնում, դյուցազուն դառնում, սարի պես հառնում՝
Հայրենի հողի՞ց, լեռների ոգո՞ւց, Մայր Հայաստանի անմար փառքերի՞ց,
Ահռելի ուժդ գուցե առնում ես Արցախ աշխարհի հին-հին ասքերից…
Հոգով՝ լեռնապաշտ, դու՝ բազկամարտի աշխարհի չեմպիոն, այն էլ… ձախ ձեռքով,
Զույգ ոտքերից զուրկ, քո կամքին հենված, դեռ չսպիացած քո հոգու վերքով…
Այդ ո՜նց լուծեցիր մեր մարտիրոսված, զոհված քաջերի վրեժը ահեղ,
Հաղթեցիր մահին, վրեժ լուծեցիր քո կյանքով՝ սխրանք, վարքով՝ փառահեղ,
Հայը հպա՛րտ է, հայը անպա՛րտ է՝ քո նժդեհական վառ կյանքը վկա,
Հային ա՛հ չկա, հային մա՛հ չկա՝ եղեռնված-հառնած մեր ազգը վկա…
ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Խորագիր՝ #51 (1222) 27.12.2017 - 02.01.2018, Ազգային բանակ