«ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԵՍ, ՃԱՆԱՉԵՍ, ՈՐ ՍԻՐԵՍ ՈՒ ՍԻՐՈՎ ՊԱՇՏՊԱՆԵՍ…»
Սերժանտ Մհեր Հովհաննիսյանն արդեն 1.5 տարի է, ինչ ծառայում է ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում: Ապագա տնտեսագետ է: Ուսումը կիսատ է թողել ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի կառավարում բաժնում: Այն կշարունակի հայրենիքի հանդեպ պարտքը տալուց հետո…
«Յուրաքանչյուրս պարտավոր ենք մասնակցել հայրենիքի պաշտպանության եւ հզորացման գործին: Միայն այդ գիտակցմամբ է հնարավոր ապահովել սահմանների անառիկությունը: Իմ կարծիքով` հայոց բանակին պետք են այնպիսի զինվորներ, ովքեր ունակ կլինեն առավել բարձրացնելու բանակի մարտունակությունը եւ իրենց նորանոր ձեռնարկումներով առավել հետաքրքիր դարձնելու բանակայինի կյանքը»,- ասում է սերժանտ Հովհաննիսյանը:
Մեր հերոսն իր ծառայության հիմնական մասն անցկացրել է զորամասի առավել բարդ եւ վտանգավոր մարտական դիրքերից մեկում: «Մարտական հենակետում խորապես գիտակցում ես, որ պետական սահմանի՝ քեզ բաժին ընկած հատվածի պաշտպանությունը անմիջականորեն քո եւ քո մարտական ընկերների պարտականությունն է: Այդ խնդիրը կատարում ենք մեծ պատասխանատվությամբ՝ ջանք ու եռանդ չխնայելով, որ կանխենք հակառակորդի ցանկացած սադրիչ գործողություն»:
Մհերն անկեղծանում է՝ կան շատ նախադրյալներ, որոնք ծառայությունը կարող են դարձնել բովանդակալից եւ հետաքրքիր: Նրա ակտիվությունն ու նախաձեռնողականությունը նկատել են նաեւ զորամասում՝ ընտրելով գումարտակի սերժանտական խորհրդի նախագահ. «Սերժանտական խորհրդի հետ պարբերաբար անցկացվում են հանդիպում-քննարկումներ՝ զորամասում եւ մարտական դիրքերում առկա խնդիրների, միջանձնային հարաբերությունների, զինվորների ժամանցի կազմակերպման եւ այլ թեմաների շուրջ: Մեր հետեւողական աշխատանքի արդյունքում խնդիրների մեծ մասը լուծում է ստանում: Մեծ ծրագրեր կան, ափսոս՝ ժամանակն է քիչ»:
Սերժանտ Հովհաննիսյանն ասում է, որ թեեւ դժվարությամբ է կարողանալու բանակային կյանքից անցնել քաղաքացիական կյանքին, այնուամենայնիվ, ձգտելու է տնտեսագիտության ոլորտում անել հնարավորը՝ լավ եւ բանիմաց մասնագետ դառնալու համար. «Տնտեսության հզորացման դեպքում կունենանք հզոր բանակ, հզոր պետություն: Առաջնորդվում եմ այս կարգախոսով: Համոզված եմ՝ այն ինձ կօգնի իրագործելու երազանքներս»:
Գյումրեցի երիտասարդը զրույցի ավարտին ապագա զինվորներին հետեւյալ խորհուրդն է տալիս. «Հայրենիքը պետք է ճանաչես, ճանաչես, որ սիրես ու սիրով պաշտպանես…»:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ,
շարքային
Խորագիր՝ #51 (1222) 27.12.2017 - 02.01.2018, Ազգային բանակ