ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ. 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ, ԳՆԴԱՊԵՏ ՎԱԼԵՐԻ ՔՈՉԱՐՅԱՆ
Հարգելի՛ զինակից ընկերներ, սիրելի՛ հայ ժողովուրդ. իմ և 4-րդ զորամիավորման ամբողջ անձնակազմի անունից շնորհավորում եմ մեզ բոլորիս գալիք՝ 2018թ. առթիվ: Անշուշտ, 2017թ. կարելի է համարել ձեռքբերումների, առաջընթացի և բարեփոխումների տարի: Եվ այս ճանապարհին անգնահատելի էր մեր սպաների և քաջարի զինվորների դերը, իսկ բոլոր կարգի զորավարժությունները ապացույցն են, որ հզոր է մեր՝ արդեն կայացած բանակի մարտական ոգին: Յուրաքանչյուր օր ամենքս մեր ծառայողական և ֆունկցիոնալ պարտականությունների բարեխիղճ կատարմամբ նպաստում ենք բանակաշինության զարգացման գործընթացին՝ թիկունքում զգալով մեր ժողովրդի անմնացորդ աջակցությունը, ուստի և 2018թ. ցանկանում եմ մեր արի սպաներին, ենթասպաներին, պայմանագրային և ժամկետային զինծառայողներին քաջառողջություն, ուժ և կորով, մեզ վստահված պատվավոր գործում՝ անկոտրում կամք: Ուրեմն, միայն առաջ, քանզի իրավունք չունենք դանդաղելու, կանգ առնելու, քանի որ դեռևս ունենք բազում նպատակներ՝ ի նպաստ հայ ժողովրդի և հայոց պետականության:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Խորագիր՝ #51 (1222) 27.12.2017 - 02.01.2018, Ազգային բանակ