Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԶԻՆՎՈՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՌՈՒՑԵԼԸ ՄԵՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆ Է»



«ԶԻՆՎՈՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՌՈՒՑԵԼԸ ՄԵՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆ Է»Զրույց կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ, ՔՀԾ 2-րդ դասի պետական խորհրդական ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

 

-Պարոն Գրիգորյան, ավարտին է մոտենում 2017 թվականը: Անցնող տարին Ձեր ղեկավարած վարչության համար իսկապես հագեցած էր: Եթե ամփոփեք, հատկապես ո՞ր ձեռքբերումները կառանձնացնեք:

-Թվեր ներկայացնեմ, որովհետև դրանք խոսուն են: 2017 թվականին  զինծառայողներին ենք հանձնել բնակելի երկու շենք՝ 95 բնակարանով: Օրերս կշահագործվի Երեւանում կառուցված 14-հարկանի շենքը՝ 71 ծառայողական բնակարանով: Նշված ժամանակահատվածում հյուսիսային, կենտրոնական, հարավային ուղղություններում սկսել ենք մի քանի ծառայողական բնակելի շենքերի շինարարական աշխատանքները: Դրանք շահագործման կհանձնենք գալիք տարվա մայիսին: Բարեկարգել ենք 6 զինավան, կառուցել ենք 7 զորանոց, շահագործման ենք հանձնել 2 ճաշարան, տեխնիկայի լվացման կետ, շտաբի  մասնաշենք, բուժկետ, պահակային ավան, պահակատուն, հսկիչ անցագրային, տեխսպասարկման ու լիցքավորման կետ, երկու պահեստային  տնտեսություն, կառուցել ենք երեք կաթսայատուն: Հիմնովին վերանորոգել ենք երկու զորանոց, մեկ ակումբ: Մեծ ծավալի ասֆալտապատման աշխատանքներ ենք իրականացրել:

Մեզ էր վստահված նաեւ Մոնթե  Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տեղափոխման եւ բնակավորման հարցը: Կատարել ենք հատակագծային փոփոխություններ՝ հարմարեցնելով շինությունը որպես դպրոց: Շինարարական աշխատանքներն իրականացրել են տարբեր գերատեսչություններ, սակայն նախարարի ցուցումով ամբողջ ընթացքը մեր վերահսկողության ներքո էր:

Փոխգործակցության շրջանակներում մեծածավալ աշխատանք է կատարվել նաեւ պաշտպանության բանակում: Վերջնականապես վերանորոգվել են շենքերը եւ ուժեղացվել ենթակառուցվածքները: Որոշ պաշտպանական շրջաններում էլ նպատակահարմար էր ոչ թե վերականգնել, այլ կառուցել նոր շինություններ՝ ապահովելով զորքի ապակենտրոնացումը:

-Կենցաղային բարվոք պայմաններն ուղիղ համեմատական են մարտունակությանը: Ի՞նչ է արվել  զինվորի կոմունալ-կենցաղային պայմանները բարելավելու համար:

-Զինվորի համար կառուցելը մեր վարչության առաջնահերթությունն է: Ընթացիկ տարում վերանորոգել ենք մեծ թվով կենցաղային նշանակության շինություններ` զուգարաններ, լվացքատներ, այլ համակարգեր, ուշադրության կենտրոնում էր հատկապես ջեռուցման հարցը: Տեղադրել ենք նոր  կաթսաներ: Մեր ամենախոցելի կետը սանհանգույցներն են, քանի որ  շահագործման հետ կապված լուրջ խնդիր ունենք:  Երեսուն սանհանգույց ենք վերանորոգել: Մարտական հերթապահություն իրականացնող զինվորի կենցաղը բարելավելուն ուղղված մյուս քայլը մարտական հենակետերը էլեկտրաէներգիայով ապահովելն է: Որոշ հենակետերում խնդիրը լուծել ենք՝ գործարկելով արևային էներգիայով աշխատող համակարգեր: 2018թ. կշարունակենք աշխատանքներն այդ ուղղությամբ:

-Իմ դիտարկմամբ՝ սահմանամերձ զորամասերում այսօր խնդիրներից մեկն էլ խմելու ջուրն է: Ի՞նչ կասեք:

-Անշուշտ, որոշ տեղերում ջուրը սակավ է: Այս խնդիրը մեր առաջնահերթությունների ցանկում է: Մենք ուսումնասիրել ենք զինավանների տարածքում առկա աղբյուրները, հնարավորության դեպքում՝ դրանք կենտրոնացնում ենք մի ուղղությամբ՝ կարգավորելով ջրի որակը: Ընթացիկ տարում նմանատիպ խնդիր ենք լուծել Խաչիկ գյուղում: Կարգավորել ենք Սանասարավանում ծագած ջրահեռացման եւ ջրամատակարարման խնդիրը: Իսկ, օրինակ, Քարվաճառի ծառայողական շենքերի  ջրամատակարարման աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են: Նախատեսում ենք խորքային հորերի միջոցով լուծել Արմավիրում փլուզումների հետեւանքով առաջացած ջրամատակարարման հարցը:

Զինված ուժերի զարգացման ծրագրով նախատեսվում է ինքնահոս ջրով ապահովել այն հենակետերը, որոնք ունեն նման հնարավորություն: Սա թույլ կտա խուսափել ավելորդ տեղաշարժերից:

-Պիտի  խնդրեմ, որ անդրադառնաք  կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիճակին, քանի որ վերջերս համացանցում շրջանառվում էին շենքային ոչ բարվոք պայմանների մասին վկայող լուսանկարներ:

-Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալը յոթհարկանի շինություն է, որտեղ ստացիոնար պայմաններում բուժում են ստանում մեր զինծառայողները, ընդ որում՝  երեք հարկերում տարբեր վիրահատարաններ են տեղակայված:  Մեր առջեւ խնդիր է դրված կապիտալ վերանորոգել շենքը, բայց այնպես, որ բուժհաստատության գործունեությունը չխափանվի: Ավելի բարդ առաջադրանք դժվար է պատկերացնել: Աշխատանքներն ընթանում են համատեղման մեթոդով, ինչը շինարարական պրակտիկայում հազվադեպ է կիրառվում: Օրինակ՝ երկրորդ եւ երրորդ  հարկերում այս պահին ինտենսիվ վերանորոգում է, բայց եւ զուգահեռ բուժսպասարկում է իրականացվում: Ամբողջությամբ արդիականացնելու ենք հոսպիտալի ջեռուցման, օդափոխության, օդորակման համակարգերը, ինչպես նաեւ ենթակառուցվածքները: Յոթերորդ հարկն արդեն ամբողջովին նորոգված է, մնում է միայն տեղադրել բժշկական սարքավորումները: Ինչ վերաբերում է Երեւանի կայազորային հոսպիտալին, ապա  վիրահատական բլոկը հունվարին կհանձնվի շահագործման:

-Պարոն Գրիգորյան, հոկտեմբերի 1-ին լրացավ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության 25-ամյակը: Հոբելյանը լավ  առիթ է գնահատելու արդեն արվածն ու սահմանելու հեռանկարային խնդիրները:

-Անցած քսանհինգ տարիները կարելի է բաժանել երեք փուլի:  Մեր առաջին խնդիրը խորհրդային տարիներից ժառանգած շինությունների համապատասխանեցումն էր նոր ստեղծվող բանակի  պահանջներին ու գործունեությանը: Երկրորդ փուլում վարչությունը զարկ տվեց նորմատիվ շինարարությանը՝ կառուցելով  զինավաններ, շտաբային մասնաշենքեր, տարբեր նշանակության օբյեկտներ: Երրորդ փուլի գլխավոր խնդիրը օպտիմալացումն էր: Զուգահեռաբար անընդհատ կառուցում էինք բնակելի շենքեր: Անկեղծ ասած՝ ես օրագիր եմ պահում, գրառում եմ շինարարության այս կամ այն դրվագը: Հաճախ եմ թերթում եւ վերհիշում, թե ինչ ջանքերի շնորհիվ, օրինակ, կերտվեց պաշտպանության նախարարության վարչական համալիրը, որը ցրված ստորաբաժանումները կենտրոնացրեց մեկ վայրում` ավելի արդյունավետ դարձնելով կառավարումը: Կարեւորում եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի  շենքի կառուցումը, որն ամբողջացնում է սպաների պատրաստության գործընթացը: Բանակի շինարարության այս եւ այլ դրվագներ  կհրապարակենք վարչության 25 տարիների գործունեությունն ամփոփող գրքում: Այսօր կարող ենք արձանագրել. արժանապատիվ աշխատանք է իրականացվել զորքի բնակավորման եւ կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ: Բանակի շինարարական հաջողությունները վարչության ամբողջ անձնակազմի բազմամյա ու լարված աշխատանքի արդյունքն են: Ի վերջո, զարգացման  ամենապատկերավոր ցուցիչը շինարարությունն է:

Շինարարական աշխատանքի նոր ուղղությունների յուրացումը, նորարարական տեխնոլոգիաների, որակյալ նյութերի կիրառումը եւ ընդունվող որոշումների կշռադատվածությունն ու մտածվածությունը, համոզված եմ, զինված ուժերում ծառայության պայմանները դարձնելու են ավելի բարեկեցիկ ու հարմարավետ:

 

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #51 (1222) 27.12.2017 - 02.01.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


28/12/2017