ՔՆՆԱՐԿԵԼ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼ ԻՐԱՎԱՉԱՓ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է 2017թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով, որի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: Զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության եւ օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում եւ բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ստեղծված հանձնաժողովի կազմում են բժիշկներ, իրավաբաններ, հասարակական խորհրդի անդամներ:
Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում` ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի աշխատավայրում երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 10:00-ին: Առաջին նիստը կայացել է դեկտեմբերի 20-ին: Ինչպես նշեց Գեղամ Հարությունյանը, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքը որոշակի շտկումներ է մտցրել իրենց աշխատանքում: Նախկինում շատ էին երկու և ավելի եղբայրների՝ նույն զորամասում ծառայելու, ինչպես նաև բնակավայրին մոտ զորամասում ծառայելու վերաբերյալ դիմումները: Բոլոր այդ դեպքերը հստակ կարգավորվում են նոր օրենքով: Այժմ դիմում-բողոքներն առավելապես զորակոչիկների առողջական խնդիրների, նրանց զորակոչելու նպատակահարմարության շուրջ են:
2009թ. սկսած` հանձնաժողովը գործում է յուրաքանչյուր զորակոչի ժամանակ: Արդեն կուտակված է բավական մեծ փորձ` համապատասխան գործառույթները պատշաճ մակարդակով իրականացնելու համար: Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս փորձելու են օպերատիվ արձագանքել բոլոր դիմումներին, քննարկել բոլորին հուզող հարցերը և ընդունել իրավաչափ որոշումներ: Քաղաքացիների հետ հարաբերություններում պահանջվում է առավել համբերատարություն, նրբանկատություն, իսկ զորակոչային մարմինների հետ աշխատելիս` նաև սկզբունքայնություն, հետևողականություն, որի շնորհիվ հնարավոր կլինի հասնել որոշակի դրական արդյունքների:
Առաջին դիմումատուն Երևանի բնակիչ Սաթենիկ Նիկողոսյանն էր: Նշեց, որ որդուն՝ 1996 թ. ծնված Արման Նիկողոսյանին 2014 թվականի ձմեռային զորակոչին տրվել է տարկետում երեք տարի ժամկետով` երկրորդ աստիճանի սկոլիոզի պատճառով: Ընթացիկ զորակոչին հետազոտվել է թիվ 2 բժշկական կենտրոնում, որտեղ ախտորոշվել է կրծքագոտկային հատվածի առաջին աստիճանի սկոլիոզ, կրծքավանդակի առաջնային պատի հետռախիտիկ դեֆորմացիա: ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմամբ՝ Արմանը ճանաչվել է պիտանի զինվորական ծառայությանը՝ սահմանափակումով: Դիմողը խնդրեց կատարել ևս մեկ ռենտգեն հետազոտություն` սկոլիոզի աստիճանը ստույգ որոշելու համար: Կրկնակի հետազոտության անհրաժեշտությունը նա հիմնավորեց «Աստղիկ» բժշկական կենտրոնում 13.12.2017թ. մասնավոր կարգով կատարված հետազոտությամբ, որով արձանագրվել է երկրորդ աստիճանի սկոլիոզ: Այդ ախտորոշումը զինվորական ծառայության հետ համատեղելի չէ:
Բոլոր կարծիքները լսելուց, լրացուցիչ բժշկական փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո հանձնաժողովը որոշեց միջնորդել ՀՀ զինկոմին կատարելու ստուգիչ հետազոտություն՝ հաշվի առնելով միմյանց հակասող և տարբեր փորձաքննական եզրակացությունների և զինծառայության պիտանիության կարգավիճակների բերող հետազոտական տվյալների առկայությունը:
Քաղաքացի Էդուարդ Պողոսյանի դիմումի համաձայն՝ նրա որդուն՝ Ժիրայր Պողոսյանին, 2014թ. ամառային և ձմեռային զորակոչերի ժամանակ սրտի ռիթմի խանգարման պատճառով տրվել է համապատասխանաբար հինգ ամսվա և երեք տարվա տարկետում: Այս զորակոչի ժամանակ Ժիրայրը հետազոտվել է Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտում, որտեղ ախտորոշվել է սրտի ռիթմի խանգարում, միտրալ անբավարարություն: Ժիրայրը ծառայության համար ճանաչվել է պիտանի՝ սահմանափակումով:
Հայրն այս որոշման հետ համաձայն չէր և խնդրեց կատարել լրացուցիչ հետազոտություն: Երիտասարդն ունի առողջական այլ խնդիրներ եւս՝ լյարդի և փայծաղի մեծացում, սննդային ալերգիա, քթի միջնապատի դեֆորմացիա, սակայն ստացիոնար հետազոտությունների չի ուղեգրվել: Ժիրայր Պողոսյանն իր հերթին ասաց, որ սննդակարգից ցանկացած շեղման դեպքում դեմքի և մարմնի վրա ցան է առաջանում, ճնշման բարձրանալու դեպքում էլ քթից արյուն է հոսում և երկար ժամանակ չի կտրվում:
Հանձնաժողովի անդամները նկատեցին, որ վերոնշյալ փաստերը ԿԲՀ-ի կողմից անտեսվել են: Արդյունքում` հանձնաժողովը միջնորդեց կատարելու որովայնի օրգանների սոնոգրաֆիա՝ լյարդի, փայծաղի և երիկամների չափսերը որոշելու նպատակով՝ հիմք ընդունելով առողջության անձնագրում առկա նշումները հեպատոմեգալիայի և սպլենոմեգալիայի վերաբերյալ:
Զորակոչիկ Ավետ Վարդանյանը համարում էր, որ իր առողջական խնդիրները հանիրավի անտեսվել են, ինքը թերի է հետազոտվել: Նշեց, որ ունենում է ուշաթափություններ, ձեռքերն ու ոտքերը փայտանում են: Շտապօգնության ծառայության՝ 04.12.2017թ. տրամադրած տեղեկանքում նշվել է «Նևրոտիկ ռեակցիա»: Հետազոտվել է «Նուբարաշեն» հոգեբուժարանում և «Ս. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, ախտորոշվել է թեթև արտահայտված նևրասթենիա և կրծքավանդակի առաջնային պատի ռախիտիկ դեֆորմացիա առանց շնչառական ֆունկցիայի խանգարման, նաև ողնաշարի սկոլիոզ առանց ֆունկցիայի խանգարման: Ծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչվելը Ավետին չի գոհացնում: Ցանկանում է զորակոչվել առողջական վիճակը բարելավելուց հետո: Նա մասնավոր կարգով բուժզննում է անցել «Նաիրի» բժշկական կենտրոնում: Էխոսրտագրությամբ հայտնաբերվել է միտրալ փականի պրոլապս (2մմ), միտրալ անբավարարություն առաջին աստիճանի, աորտալ անբավարարություն 1-2-րդ աստիճանի, տրիկուսպիդալ անբավարարություն և թոքային զարկերակի անբավարարություն:
Հանձնաժողովի անդամները որպես հիմք ընդունեցին զորակոչիկի՝ մասնավոր կարգով կատարված հետազոտության արդյունքները և միջնորդեցին ՀՀ զինկոմին կատարելու սրտաբանական լրացուցիչ հետազոտություններ:
Առաջին օրվա համար հանձնաժողովն ստացել էր ավելի քան 50 դիմում-բողոք: Բոլոր դեպքերում անհրաժեշտ փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո էր միայն կայացվում համապատասխան որոշում: Հատկապես կարևոր էր, որ բոլոր դիմումներն ու բողոքները քննարկվում էին դիմումատուի և զորակոչիկի ներկայությամբ: Նրանց հնարավորինս մատչելի պարզաբանվում էր որոշման իրավական հիմնավորումը, որպեսզի բոլորն էլ վստահ լինեն՝ իրենց իրավունքներն ու շահերը չեն ոտնահարվում:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները՝ Արեգ Վարդանյանի
Խորագիր՝ #51 (1222) 27.12.2017 - 02.01.2018, Ազգային բանակ