Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴՈՒՔ ՄԵՆԱԿ ՉԵՔ, ՄԵՆՔ ՁԵՐ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ…



ԴՈՒՔ ՄԵՆԱԿ ՉԵՔ, ՄԵՆՔ ՁԵՐ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ...Ամանորի նախաշեմին  «Դուք մենակ չեք» ծրագրի շրջանակներում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի և Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտներն այցելեցին հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված  քաջորդիների՝ մերօրյա հերոսների  ընտանիքներին:

Ծրագիրն իրականացվում է 2016թ.  ապրիլյան դեպքերից հետո  եւ շարունակական  է. նման այցելություններ կազմակերպվում են տարվա ընթացքում մի քանի անգամ՝ ՀՀ անկախության օրը, Հունվարի 28-ին, Մայիսյան եռատոնին… Նախաձեռնության նպատակը սատարելն է, զորավիգ լինելը, հոգեպես աջակցելը զոհված տղաների հարազատներին, եւս մեկ անգամ հավաստելը, որ բանակը, հասարակությունն իրենց կողքին են:

Կուրսանտներից շատերն արդեն մի քանի անգամ  եղել են նրանց օջախներում, հասցրել մտերմանալ, նրանց այնտեղ հարազատ զավակի պես են ընդունում, սպասում, իրենց զինվոր զավակի կարոտն առնում:  

Ա. Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարանի  առաջին կուրսի կուրսանտ  Պարույր Ավանեսյանն առաջին  անգամ է մասնակցում այսօրինակ նախաձեռնությանը. «Գնում եմ Արցախ, Մարտունի,  այցելելու եմ  պայմանագրային սերժանտ Կարեն ՈՒլուբաբյանենց տուն: Կարենը 2016թ.  հունվարին  է զոհվել, գիտեմ, որ նա  մասնակցել  է 2014թ. օգոստոսյան դիվերսիան կանխելու գործողություններին, գիտեմ նաեւ, որ նրան անվանակոչել էին  Արցախյան ազատամարտում զոհված հորեղբոր՝ Կարեն Ուլուբաբյանի անունով:  Մի փոքր հուզված եմ, մտքումս պտտվող բոլոր բառերն անզոր են արտահայտելու զգացողություններս: Հայրս, հորեղբայրներս Արցախյան պատերազմի  մասնակից  են, հայրս ծանր վիրավորվել է, առաջին  կարգի հաշմանդամ  է:  Ես  պարտավորվում եմ առավել նվիրումով ու պատվախնդրորեն ծառայել, շարունակել Կարենի,  հորեղբայրներիս, հորս  գործը»:

ԴՈՒՔ ՄԵՆԱԿ ՉԵՔ, ՄԵՆՔ ՁԵՐ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ...Ավիացիոն համալսարանի երրորդ կուրսի կուրսանտ Գառնիկ Հովհաննիսյանն էլ  այցելելու է 2016թ. ապրիլյան քառօրյայի ժամանակ հերոսաբար զոհված սերժանտ Ադամ Սահակյանի տուն. «Անձամբ չեմ ճանաչել Ադամին, բայց այնպես եմ մտերմացել նրանց ընտանիքին, հարազատի պես ենք. թե այս միջոցառման շրջանակներում, թե շրջանակից դուրս ցանկացած առիթի դեպքում սիրով գնում եմ նրանց տուն: Ինձ հոգեհարազատ մարդիկ են դարձել: Սկզբում, ըստ իս, ծնողների համար չափազանց դժվար էր, երբ զինվորական համազգեստով մտնում էի իրենց տուն… Հիմա  ինձ իրենց ընտանիքի լիիրավ անդամ  եմ համարում, իրենք էլ նույնը… Ասում են՝ բնավորության  որոշ գծերով նույնիսկ նման եմ Ադամին՝ նպատակասլացությամբ, հումորով. ինձ համար մեծ պատիվ է եւ միաժամանակ՝ մեծ  պատասխանատվություն»:

Գառնիկի հետ Կենտրոնի զինկոմիսարիատի աշխատակցի ուղեկցությամբ  ուղեւորվում ենք Ադամենց տուն: Քաղաքի կենտրոնում՝  երեւանյան հին բակերից մեկում է հերոսի տունը,  այստեղ  բոլորն իրար ճանաչում են, հարևանները Գառնիկին մտերմիկ ժպտում են,  ջերմ բարեւում, Ադամենց  տանը գրկաբաց  են ընդունում կուրսանտին`  հազար տարվա հարազատի պես:

Տան ամեն անկյունում խիզախ հայորդու նկարներն են՝  վառ, կենսուրախ, լուսավոր, պայծառ ժպիտով, տան ամեն անկյունից ասես լույս է կաթում… Կյանքով այդքան լի, կյանքն այդքան սիրող Ադամը կյանքը տվեց հայրենիքին…

ԴՈՒՔ ՄԵՆԱԿ ՉԵՔ, ՄԵՆՔ ՁԵՐ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ...Հայրը՝ Խաչատուրը, պատմում է հերոս Ադամից, հպարտություն, հուզմունք, ժպիտ ու արցունք խառնվել են… 

-Ասել էր՝ զորամասում եմ, ամեն ինչ կարգին է, ու բարձրացել էր պոստեր: 112 դիրքի ավագն էր: Ադամի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած խումբը հինգ ժամ կռվել էր թշնամու դեմ, զգալի կորուստ պատճառել  հակառակորդին, նրանց համառ դիմադրության շնորհիվ մեր ստորաբաժանումները նաեւ ժամանակ էին շահել  եւ կարողացել վերջնականապես հետ մղել թշնամու գրոհը….

Ադամը պատմական ֆիլմեր շատ էր սիրում դիտել, անսահման ոգեւորվում էր, 10 անգամ կարող էր նույն ֆիլմը նայել՝ «300 սպարտացիները», «Գլադիատորը», ինքը զինվոր էր էությամբ ու զինվորի նվիրումով էլ կռվեց մինչեւ մահ…

«Ադամն իսկական հերոս է»՝ ես հուզմունքս թաքցնելու համար  վերցրել եմ սեղանի վրա դրված  անթիվ-անհամար նամակներից մեկը… իսկ  սեղանին այսպիսի բազմաթիվ նամակներ  են,  նկարներ, բանաստեղծություններ՝ նվիրված խիզախ հայորդուն:

-Ամեն օր անծանոթ մարդիկ են գալիս մեր տուն,-ասում է հերոսի հայրը: -Դա է մեզ ապրեցնում, զգում ես, որ կորստի ցավը միայն քոնը  չէ, այլ ամբողջ ազգինը,  ու հասկանում ես՝ դու մենակ չես, ժողովրդի  սերն ես զգում, գնահատանքը,  դա է քեզ կյանք տալիս… Ադամին փնտրում ենք ներկաների մեջ, ամեն մեկի մեջ տղայիցս մի լույս մասնիկ կա…

 ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Խորագիր՝ #01 (1223) 10.01.2018 – 16.01. 2018, Բանակ և հասարակություն


10/01/2018