ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՐԴԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Բավական չէ իր Ազգի զավակը լինել, պետք է նաեւ նրա հրաշունչ զինվորը լինել:
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
Հայկական տարբեր ժամանակների բանակները միշտ էլ կոչված են եղել օտարի ոտնձգություններից ազգն ու հայրենիքը պաշտպանելուն, այլ ոչ՝ օտարին ու նրա հողին տիրանալուն: Այս սկզբունքը խնամքով պահպանվել է նաև այսօր: Եվ լինելով խաղաղասեր՝ այսօր Հայոց բանակը, որպես հայ ժողովրդի ու հայկական պետությունների անվտանգության երաշխավոր, խաղաղության ու կայունության պահպանման գործոն է, ոչ միայն հայրենիքում, այլև տարածաշրջանում:
Բանակաշինության գործընթացը թեև հին արմատներ ունի, սակայն մեր անկախ Հայաստանի երիտասարդ զինված ուժերը կազմավորման օրվանից ևեթ տարբեր իրավիճակներում դրսևորել են ազգ-բանակ միակամության անուրանալի առավելությունները. Դրա փայլուն դրսևորումներից էր Վազգեն Սարգսյանի «Արծիվ մահապարտների» գումարտակների ստեղծումը, որոնց գործողությունները եղան ճակատագրական ու բեկումնային Արցախյան հերոսամարտում, առավել թարմ օրինակը Ապրիլյան դեպքերն էին, երբ ճակատում գտնվող զինվորին օգնության հասավ ավագ սերունդը: «Գնում ենք մեր երեխեքի կողքը կանգնենք»-, հնչում էր նրանց շուրթերից: Օրինակները շատ են, սակայն պատմությունը փաստում է, որ մենք, որպես ազգ և պետություն, սկսել ենք թուլանալ և զիջել մեր դիրքերը այն ժամանակ, երբ դադարել ենք լինել ազգ-բանակ, և հակառակը՝ հաջողել ենք հաղթանակներ տոնել, երբ ապահովել ենք ազգ-բանակ միասնությունը: Այսօր էլ, ցավոք սրտի, դեռևս արդիական ու հրատապ է մեզանում ֆիզիկական անվտանգության պայքարին պատրաստ լինելու հրամայականը, քանի դեռ ունենք չավարտված պատերազմ: Այս իրավիճակում պետք է միշտ պատրաստ լինել իրավիճակի վատթարագույն զարգացման ցանկացած սցենարի, որի համար ամենակայուն ճանապարհը բանակի զարգացածության, սպառազինության դինամիկ արդիականացման, ինչպես նաև մարդկային հարուստ ու որակյալ ներուժը նպատակին բանեցնելու մեջ է: Ուստի, այս տեսանկյունից զինված ուժերի զարգացման, բարեփոխման գործում կարևոր դեր է խաղում բանակի համալրման սկզբունքի ճիշտ ընտրությունը:
Բանակի համալրումը, ընդհանրապես, տվյալ պետության կողմից ընդունված խաղաղ և պատերազմական շրջանում զինված ուժերի կարիքների ապահովումն է անձնակազմով: Ավելի լայն առումով՝ այն կարող է ընդգրկել նաև զինված ուժերի ապահովումն անհրաժեշտ սպառազինությամբ:
Զինված ուժերի համալրման տարբեր սկզբունքներ կիրառող 140 պետությունների դիտարկումն, ըստ մայրցամաքների հարաբերակցության, ցույց է տալիս, որ դրանց 39%-ն իր զինված ուժերի համալրումը կատարում է կամավոր սկզբունքով, 54%-ը՝ զորակոչով և 7%-ը՝ խառը (ոստիկանական, կադրային-ոստիկանական, կադրային-զորակոչային) սկզբունքով:
Ներկայում արհեստավարժ բանակներ ունեն աշխարհի ավելի քան հարյուր պետություններ: Առավել մեծ և հզոր բանակ ունի ԱՄՆ-ը: Զինված ուժերի կամավոր սկզբունքով համալրումն ամերիկյան հին ավանդույթ է, որ սկիզբ է առել դեռ 18-րդ դարի վերջից: 1973 թ. հուլիսի 1-ին ընդունված օրենքի համաձայն՝ ամերիկյան զինված ուժերը համալրվում են կամավորներով, որոնք ծառայություն են տանում պայմանագրային հիմունքներով: Այսինքն՝ այդ ծառայության համար նրանք վճարվում են և ստանում են մի շարք առավելություններ՝ անվճար կամ մասնակի վճարվող կրթություն ԱՄՆ ցանկացած համալսարանում, 50-100 հազար դոլարի չափ նպաստ ստանալու հնարավորություն, ինչպես նաև բնակարան և պետության հաշվին սնվելու հնարավորություն: Այսինքն՝ կառավարությունը մեծ գումարներ է ծախսում բանակի կարիքների համար:
Կամավորական սկզբունքը կիրարկելի է նաև եվրոպական շատ երկրներում՝ Գերմանիայում, որը ընդհանուր զինապարտության սկզբունքը դադարեցրել է 2011թ. հուլիսի 1-ից, Ֆրանսիայում և Իսպանիայում՝ 2001-ից, Մեծ Բրիտանիայում պայմանագրային սկզբունքը գործում է դեռևս 1963թ., Բելգիան պայմանագրային սկզբունքին անցել է 1994թ., Նիդերլանդները՝ 1996թ., Իտալիան վերջնականապես անցում կատարեց 2005թ., Պորտուգալիան, Հունգարիան և Չեխիան՝ 2004թ., Սլովակիան, Բոսնիա-Հերցեգովինան, Մակեդոնիան, Չեռնոգորիան, Ռումինիան՝ 2006թ. և այլն:
Չնայած նրան, որ Ռուսաստանում այժմ գործում է զինուժի անձնակազմի համալրման ընդհանուր զինապարտության սկզբունքը, սակայն արդեն տարբեր շրջանակներում քննարկվում է կամավորական բանակ ունենալու հնարավորությունը:
Այժմ պետությունների մեծ մասը զինված ուժերի համալրումը կատարում է ընդհանուր զինապարտության սկզբունքով: Այդ պետությունների թվին են դասվում ԱՊՀ բոլոր երկրները (ներառյալ Հայաստանը), Իսրայելը, ՆԱՏՕ-ի անդամ 4 պետություններ՝ Հունաստանը, Թուրքիան, Էստոնիան և Նորվեգիան:
Իսրայելական բանակում (Ցախալ), ըստ գործող օրենքի, 18 տարին լրացած բոլոր քաղաքացիները, այդ թվում նաև երկքաղաքացիություն ունեցողները, որոնք ապրում են այլ երկրներում, ինչպես նաև պետության մշտական բնակիչները զինապարտ են: Տղամարդկանց համար ծառայությունը բանակում 32, իսկ կանանց համար՝ 24 ամիս է:
ՀՀ բանակի համալրման զորակոչային սկզբունքն ամրագրված է ՀՀ Սահմանադրության, «Զինապարտության մասին», ինչպես նաև վերջերս ընդունված «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքներում:
Նշենք, որ 2017թ. նոյեմբերի 15-ին Ազգային ժողովը ձայների մեծամասությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը. այն այլևս օրենք է: Չնայած օրենքը միանշանակ չընկալվեց, ու քննադատությունների հիմնական թիրախ էր, ոչ թե օրենքն ինքնին, այլ օրենքում տարկետման ձևափոխման դրույթը, ինչը շատերն ընկալեցին որպես «տարկետման սահմանափակում»:
Չնայած օրենքի ընդունման շուրջ ստեղծված քաղաքացիական բողոքին, պետք է նշենք, որ օրենքը բանակում բարեփոխումներ իրականացնելու կարևորագույն հիմքն է, ինչպես նաև այն կարևորագույն սկզբունքի, որ ՀՀ 18 տարին լրացած արական սեռի բոլոր քաղաքացիները իրենց մասնակցությունն են ունենալու երկրի անվտանգության պաշտպանության գործում: Բացի այն, որ օրենքով կարգավորվում են բանակի ու բանակի հետ կապված որոշ կնճռոտ խնդիրներ, այն նաև առանձնահատուկ է իր՝ համալրման սկզբունքի ընդհանրականությամբ: Այսինքն՝ օրենքի համաձայն պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 24 ամիս, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Պետք է իրականացվի զինվորական ծառայության երեք տեսակ՝ ժամկետային, պահեստազորային և զորահավաքային: Օրենքով սահմանվում են նաև «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ իրավական հիմքերը: ՀՀ Սահմանադրության փոփոխությունները հաշվի առնելով՝ զորակոչ հայտարարելու իրավասությունը օրենքով այսուհետ կիրականացնի ՀՀ կառավարությունը:
Փոփոխություններ են կրել զորակոչից տարկետում տալու հիմքերը՝ փոխարինվելով բովանդակային արտոնություններով: Մասնավորապես, ըստ օրենքի, բարձրագույն կրթություն ստացողը կարող է տարկետումից օգտվել, եթե այնուհետև պատրաստ է ծառայելու որպես սպա՝ ստանալով սպայի աշխատավարձ և ուսման վարձի փոխհատուցում:
Վերը բերվածը ուղղակիորեն չի սահմանափակում տարկետման ինստիտուտը, այլ որոշակի տրանսֆորմացիայի է ենթարկում նախկինը և առաջարկում է այլընտրանքային տարբերակներ: Այդ տարբերակների գործառնման պարագայում միայն կարելի է չափել դրանց արդյունավետությունն ու օգտակարությունը: Ինչ վերաբերում է Օրենքի՝ տարկետման դրույթների վերաբերյալ քաղաքացիական անհամաձայնության ակցիաների ժամանակ ակտիվիստ ուսանողների հնչեցրած փաստարկներին, ապա դրանք ոչ միայն լսելի են դարձել, այլ նաև քննարկվել են կառավարական մակարդակով: Սա խոսում է գոյություն ունեցող խնդրի շուրջ կոմպրոմիսային լուծումներ գտնելու պատրաստակամության մասին, ինչպես նաև քաղաքական և քաղաքացիական մշակույթի բարձր մակարդակի մասին:
Ինչ վերաբերում է կրթության շարունակականության խախտման, կամ գիտության զարգացումը որոշակիորեն սահմանափակելու վերաբերյալ հնչող թեզերին, ապա պետք է նշել, որ գիտության զարգացումը ավելի շատ դանդաղում է ոչ թե բանակում ծառայության, այլ գիտական թեզերը պաշտպանելուց հետո գիտական տարբեր ոլորտները ուղղակիորեն լքելու պարագայում: Այդ մասին է վկայում ԿԳ նախարարի ներկայացրած պաշտոնական վիճակագրությունը:
Վերջին 10 տարվա ընթացքում պաշտպանվել է 445 դոկտորական և 5032 թեկնածուական ատենախոսություն, արդյունքում 2017թ. դրությամբ փաստացի գիտության ոլորտում մնացել է 191 դոկտոր (42.9%) և 646 գիտ.թեկնածու (12.8%), ընդհանուր առմամբ պաշտպանելուց հետո գիտության մեջ մնում է 15.3%-ը:
Իհարկե վերը բերված թվերը նաև ներառում են գիտական տարբեր ծրագրերով երկրից բացակայողներին, ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց, ինչպես նաև բանակից հետո ատենախոսություններ պաշտպանածներին:
Սա խոսում է մի պարզ տրամաբանության մասին, որ գիտության զարգացմանը բանակը ոչ թե խոչընդոտում է, այլ կարող է մոտիվացնել. 18 տարին լրացած պատանին դեռևս չգիտի գիտնական է դառնալու, պետական աշխատող, թե բիզնեսմեն: Նա առաջին հերթին մասնակցելու է երկրի անվտանգության պահպանության գործողություններին, այնուհետև կերտելու է իր ապագան:
Ի վերջո, գիտության զարգացումը ֆիզիկական անվտանգության ապահովման արդի հրամայականի պայմաններում նշված օրենքով փոխլրացնում և մոտիվացնում է և ոչ՝ հակառակը:
ՎԱՀԱԳՆ ՍԱՐՈՅԱՆ
վերլուծաբան
Խորագիր՝ #01 (1223) 10.01.2018 – 16.01. 2018, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում