Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ



ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸՏաքսի նստելուն պես, սովորականի նման հարգանքով բարեւում եմ վարորդին, ժպտում ու ասում. 

-Պաշտպանության նախարարություն:

-Գիտեմ,- ասում է վարորդը ու շրջվելով մեկնում ձեռքը: Արագ հանում եմ կաշվե ձեռնոցս, երկու անգամ թափահարում եմ վարորդի ձեռքը եւ զարմանքս խնամքով քողարկած` դուրս եմ նայում մեքենայի պատուհանից: Տաքսին շարժվում է: Մի քանի րոպեից հեռվում նշմարվում է Դավթաշենի եկեղեցու խաչը: Ես ու վարորդը միաժամանակ խաչակնքում ենք, ու հանկարծ դիմապակու մեջ նկատում եմ վարորդի լացակումած հայացքը:

-Լա՞վ եք,- հարցնում եմ ամենայն սրտացավությամբ:

-Ձեզ տեսնելուց հետո` էլ ի՞նչ լավ…,- ասում է ու այնպիսի կարեկցանքով է նայում վրաս, ասես ուր որ է շունչս փչելու եմ:

Ես վախկոտ եմ: Պատկերավոր ասած` «պանիկյոր»: Դողացող մատներով բացում եմ պայուսակս, հանում հայելին: Տեր Աստված, որքան գունատ եմ: Սիրտս սկսում է թպրտալ: Արագ երկուսի փոխարեն չորս հատ «էքստրատ վալերիանա» եմ կուլ տալիս: Խմում եմ նաեւ ձեռքս ընկած «Նուրոֆեն ֆորտեն» ու բռնում զարկերակս:

-Ունեմ, չունեմ` էդ մի տղան ունեմ: …Եթե մազը ծռվի, ես կմեռնեմ:

Օդը չի հերիքում:

-Մի բանով կարո՞ղ եք օգնել,- հարցնում է վարորդը նույն տագնապած հայացքով, որով ասել էր` Ձեզ տեսնելուց հետո` էլ ի՞նչ լավ:

-Ես… ինչո՞վ օգնեմ,- ոչինչ չեմ հասկանում:

-Ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը` երես: Ես էլ կորած տղա չեմ: Մեծ ախպերս հայտնի սրտաբան է Լեհաստանում…

Մատներս սառն են ու խոնավ: Գուցե եղբայրը հասկանա, թե ինչից են այս անակնկալ սրտխփոցները:

-Եթե տուն սարքելու գործ լինի, փոքր ախպերս պատրաստ է: Մաստեր է, վիշի կլաս:

Մի կերպ ընկալում եմ լսածս: Աչքերիս առաջ հայտնվում է վաղեմի երազանքս` անտառամերձ փոքրիկ տնակ (բուխարիով), բակում` եղեւնիներ…

-Մենակ տղայիս ազատեք բանակից:

-Ա… զատե՞մ… Բա… նա… նա… կի՞ց,- արտասանում եմ ճիգով ու զգում, թե ինչպես զարկերակս կորչում մատներիս տակ:

-Երեխայիս բամբակի մեջ ենք պահել: Երբ Աշոտս քնած է լինում, մենք տանը ոտքի թաթերի վրա ենք ման գալիս: Որ հիշում եմ առավոտ ծեգին պիտի «վերկաց» տան ու էրեխիս քնահարամ անեն, սիրտս կտոր-կտոր է լինում: Որ մտածում եմ` պիտի բոլորի համար պատրաստված անհամ ճաշերը ուտի, որ պիտի ժիմ անի… Բա որ հանկարծ տաքությունը բարձրանա, ո՞վ պիտի փոխի քրտնած շորերը, ով պիտի ծածկի մեջքը, մոռով թեյ տա` մեջը ասպիրին տրորած: Բա որ հանկարծ հետ տա, ո՞վ պիտի շփի մեջքն ու քթարմատը…

-Քթարմա՞տը: Մի րոպե…

-Ձեզ տեսա, հիշեցի, սիրտս տակնուվրա եղավ: Բա որ պոստեր տանեն… վա~խ…

Ես արագ երկուսի փոխարեն 6 հատ «էքստրատ վալերիանա» եմ տալիս վարորդին: Լցնում է բերանը, կողքի նստատեղի տակից «կոլայի» շշով ջուր է հանում, խմում ու շարունակում:

-Ինձ ու կնոջս զորակոչեք, ես ու կինս անվճար կծառայենք բանակում: Կինս ճաշ կեփի, զինվորների շորերը կլվանա, ես էլ ամենավտանգավոր առաջնագծում պոստ կպահեմ:

-Քանի՞ տարի,- էս ի՞նչ հարցրի:

-Քանի տարի կուզեք, թեկուզ` մինչեւ կյանքիս վերջ: Մենակ տղայիս բանակ չտանեք:

Վարորդը լալիս է: Արցունքներն այտերով իջնում, կորչում են թավ մորուքի մեջ: Ես չեմ կարող լացող տղամարդ տեսնել, այդ պատաճռով էլ երկուսով ենք լալիս:

-Ո՞ր օրն են զորակոչել տղայիդ,- հարցնում եմ կերկերուն ձայնով: Կգնամ զորահավաքակայան, սիրտ կտամ, կգոտեպնդեմ` մտածում եմ:

-Տասը տարեկան է Աշոտս,- պատասխանում է վարորդը արցունքների միջից ու մեծ, վանդակավոր թաշկինակով մաքրում քիթը:

…Ես դեմ եմ բռնությանը: Ցանկացած բռնության: Այդ պատճառով էլ ձեռքերս ամուր խաչել եմ կրծքիս ու հաշվում եմ մտքիս մեջ… մեկ, երկու… քսանվեց…

 ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #02 (1224) 17.01.2018 - 23.01.2018, Հոգևոր-մշակութային


17/01/2018