Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ



Բերդավանցի երեխաների նամակները հայ զինվորին

 

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆՍիրելի՛ զինվոր. ես գիտեմ, որ դու անքուն հսկում ես մեր սահմանները, եւ դրա համար քեզ շնորհակալ ենք: Ես գիտեմ, որ հայրենասիրությունն այն է, երբ տանը թողած ամեն ինչ` եկել եւ հսկում ես մեր սահմանները: Հայրենասեր զինվոր, կուզեմ, որ միշտ այդպես հպարտ ու խիզախ կռվես թշնամու դեմ եւ ճակատդ պարզ տուն վերադառնաս: Ամբողջ սրտով ուզում եմ, որ երբեք չհուսահատվես եւ լավ դաս տաս թշնամուն: Առյուծի պես կռվես ու հաղթես:

 ՔՆԱՐ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ 

7-րդ դասարան

 

♦♦♦

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆՈղջույն, զինվորներ: Շնորհավորում ենք ձեր Ամանորը եւ Սուրբ Ծնունդը: Մենք հպարտանում ենք, որ ձեր նման քաջ զինվորներ ունենք սահմանին, եւ ամեն օր աղոթում ենք ձեզ համար: Ես նաեւ գիտեմ, որ գիշեր-ցերեկ արթուն հսկում եք հենց մեր գյուղի սահմանները: Ցանկանում եմ, որ 2018թ. բոլորիդ բերի խաղաղություն եւ երջանկություն:

Իմացեք, որ տանը ձեզ սպասող կա:

 ԱՍՏՂԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

7-րդ դասարան

 ♦♦♦

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ

Ողջույն սիրելի զինվորներ. սրտանց շնորհավորում եմ ձեր Ամանորը եւ Սուրբ Ծնունդը: Ես գիտեմ, որ դուք հանուն մեր ապագայի կանգնած եք սահմանին եւ կատարում եք ձեր պարտքը: Ես ձեզ ցանկանում եմ առողջություն, երջանկություն եւ համբերություն: Հեշտ է, իհարկե, բարձր պաշտոններ վարել եւ հրամաններ տալ, սակայն հայրենասիրությունը դա չէ. հայրենասիրությունն այն է, որ մարդ, արհամարհելով ամեն տեսակ վտանգ, գնա առաջին շարքում կռվելու: Ես գիտեմ, որ դուք անքուն պաշտպանում եք մեր սահմանները` այստեղ թողած տուն, ընտանիք` մայր, հայր, քույր եւ եղբայր, բայց այդ ամենը հանուն մեզ եւ հաջորդ սերունդների: Ես ուզում եմ ասել, որ կյանքը շարունակվում է, եւ այսօրվա ձեր կռիվը նաեւ մեր լուսավոր ապագայի համար է…

 ՀԵՂԻՆԵ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ 

7-րդ դասարան

♦♦♦

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ

Սիրելի զինվոր, ցանկանում եմ, որ գալիք տարին բոլորիս խաղաղություն բերի: Այն փորձությունները, որ ունեցել ես, չունենաս էլ երբեք: Մեր ամբողջ ազգը ապրում է, շնչում է միայն քո շնորհիվ, խիզա՛խ զինվոր: Այնքա~ն եմ ցանկանում, որ գամ ու քեզ հետ, քո կողքին քեզ նման հերոսաբար կռվեմ ոսոխի դեմ: Եվ ցանկանում եմ ամենաշատը, որ ողջ ու առողջ տուն վերադառնաս, որովհետեւ քո ընտանիքը ամեն վայրկյան երազում է այն օրը, երբ իր որդին շուտ տուն կհասնի:

 ՎԱՐԴԱՆ ՆԻԱԶՅԱՆ 

7-րդ դասարան

Խորագիր՝ #02 (1224) 17.01.2018 - 23.01.2018, Բանակ և հասարակություն


17/01/2018