ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼԸ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՐՏՔ Է
Գնդապետ Վահրամ Հարությունյանը շուրջ 20 տարի բանակում է: Իր գործին, կոչմանը նվիրված զինվորական է: Նրա բարեխիղճ եւ նվիրված ծառայությունը գնահատվել է բազմաթիվ պարգեւներով՝ «Մարտական ծառայության համար», «Դրաստամատ Կանայան», «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Անբասիր ծառայության համար»…
-Պարոն գնդապետ, մեր զրույցը սկսենք Ձեր կենսագրությունից, ինչ կպատմեք Ձեր մասին:
-Ծնվել-մեծացել եմ Եղեգնաձորում, ծառայողի ընտանիքում: Ծնողներս խստապահանջ էին, օրինապաշտ, կարգուկանոն էին սիրում: Ես դպրոցը գերազանց գնահատականներով ավարտեցի, բուհն էլ: Այնտեղ էլ զինվորական ամբիոն անցա և 1997թ. որպես երկտարեցի սպա զորակոչվեցի ծառայության Ազգային բանակ ու …մինչ օրս ծառայում եմ… Զինվորական դառնալու որոշումս ամենաշատը հորս էր ոգևորել, ինքը 3 տարի ծառայել էր խորհրդային բանակում, ու չեմ կարող բառերով բացատրել նրա հպարտությունը, ուրախությունը, երբ ինձ տեսավ հայկական բանակի զինվորական համազգեստով, այսօրվա պես պարզ հիշում եմ նրա խոսքերը՝ «Հայրենիքին ծառայելը ամենասրբազան պարտքն է»: Ազգային բանակի իրողությունը նրան շատ էր ոգևորել, շա՜տ-շա՜տ:
Ծառայել եմ տարբեր զորամասերում, ավարտել եմ նաեւ Մոսկվայի ռազմական համալսարանը: 2015թ. 4-րդ զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալն եմ:
-Վերջերս Ձեր բանակային զորամիավորումում ստուգումներ էին: Ամփոփման ժամանակ նշվեց, որ զորամիավորումն ունի լավ, համախմբված անձնակազմ, մարտական պատրաստության առումով ունակ է կատարելու իր առջև դրված ցանկացած առաջադրանք: Զինված ուժերի մարտունակությունն ու առաջադրված խնդիրների կատարման արդյունավետությունն առաջին հերթին կախված են մարդկային ներուժից՝ զինծառայողներից: Զինվորի հետ տարվող գաղափարադաստիարակչական, բարոյահոգեբանական աշխատանքը նույնչափ կարևոր է, որքան և մարտական պատրաստությունը:
-Համամիտ եմ: Տարբեր խառնվածքի, տարբեր դաստիարակության, տարբեր կրթական մակարդակի տղաներ են գալիս բանակ: Ամեն մեկը մի օջախից, ամեն մեկը մի օջախի սյուն: Հարկ է՝ ճիշտ ուղղորդել նրանց մտածելակերպն ու վարքը: Զինվորն ուշադրության կենտրոնում է հենց ծառայավայր մտնելու առաջին իսկ պահից. սրտացավ, ուշադիր մոտեցում ենք ցուցաբերում, որ նա շուտ ինտեգրվի նոր միջավայրին: Կարևորում ենք անհատական աշխատանքը: Ձգտում ենք, որ զինվորը մեզ ընդունի ավագ ընկերոջ պես, անկեղծ լինի, անձնական, ընտանեկան խնդիրները չթաքցնի ու վստահի… Վստահությունը մարդկային հարաբերությունների հիմքում ընկած կարևոր գործոններից է: Փոխադարձ վստահությունը ծնում է համերաշխ, առողջ մթնոլորտ: Միայն չոր պլանով նախատեսված պարապմունքները ոչինչ չեն փոխի զինվորի հոգեբանության, վարքագծի մեջ, եթե նրա նկատմամբ անհատական, տարբերակված մոտեցում չդրսեւորվի: Եղել է դեպք. նկատել ենք, որ զինվորը մտահոգ է, տխուր, պարզվել է՝ ծնողը չի կարողանում գալ որդուն տեսակցելու, այդ իսկ պատճառով մենք ենք մեր զինվորին արձակուրդ տրամադրել:
Գիտեք, երբ զինվորը տեսնում է, որ սպան, հրամանատարը ապրում են իր հոգսով, իր մտահոգություններով ու խնդիրներով, հավատացեք, նման զինվորը երբեք վատ չի ծառայի:
Մեր զորամիավորումում համակարգված, փոխկապակցված աշխատանք է տարվում. զորամասերի հրամանատարների ԱՀՏԱ գծով տեղակալները, գնդերեցները, հոգեբանները, իրավաբանները տարատեսակ մանկավարժական մեթոդներ, միջոցներ ու եղանակներ են կիրառում, բացատրական աշխատանքներ իրականացնում, զրուցում, պարզաբանում, ուղղորդում. բոլոր աշխատանքները նպատակաուղղված են անձնակազմի բարոյահոգեբանական կայուն վիճակի և բարձր մարտական ոգու պահպանմանը:
Զինվորի առօրյան պետք է բազմազան լինի, հագեցած, հանգիստն ու ժամանցն էլ բովանդակալից: Սերտորեն համագործակցում ենք տեղի մշակութային օջախների հետ, զորամասերում կան ինքնագործ խմբեր: Ունենք լավ գրադարաններ՝ համալրված բազմաժանր գրքերով: Հավատացնում եմ՝ այնպիսի կարդացած զինվորներ ունենք, որ հաճախ մեզ էլ են զարմացնում իրենց ինտելեկտուալ կարողություններով: Ուստի բնավ էլ պատահական չէ, որ «Հայ ասպետ» հեռուստաբանակային խաղին մշտապես լավ արդյունքներ ենք ունենում, իսկ 2017թ. խաղին կիսեցինք առաջին պատվավոր տեղը:
Ծառայության մեջ աչքի ընկածներին, առաջընթաց ունեցող զինծառայողներին պարբերաբար խրախուսում ենք արձակուրդով, շնորհակալագրերով, նամակներով, մարտական հերթապահության մեջ աչքի ընկածներին՝ «Քաջարի մարտիկ» կրծքանշանով: Նկատելի է մրցակցություն ստորաբաժանումների միջեւ: Զորամիավորման հրամանատարի ցուցումով, սակայն, պարգեւները չենք շռայլում, որ չարժեզրկվի, որ դրա արժեքը զինվորը տեսնի, զգա, գնահատի ու ձգտի, և այդպես էլ լինում է:
-Պարոն գնդապետ, արդեն 20 տարի զինվորական համազգեստով եք դիմավորում Ամանորը, կցանկանայի հիշեիք ամենատպավորիչը, ամենաանմոռացը..
-Ամենատպավորիչը, թերեւս, Օմարի գագաթին զինվորների հետ նշած Ամանորն էր, հայրենասիրական երգերով, բանաստեղծություններով, զինվորների ձեռքով պատրաստված ուտելիքներով, գեղեցիկ զարդարված կացարանով եւ այդ ամենը, բնականաբար, «համեմված» զգոնությամբ ՝ չմոռանալով նենգ հակառակորդին…
-Գաղտնիք չէ, ծառայությունը խլում է ժամանակի մեծ մասը: Հասցնո՞ւմ եք ընտանիքին ժամանակ տրամադրել:
-Ցավոք՝ ոչ միշտ: Ընտանիքս միշտ իմ թիկունքին է: Կինս մեր համակարգում է աշխատում, երկու աղջիկ ունենք և մեկ տղա: Տղաս՝ Հայկը, ուզում է շարունակել իմ ուղին: Անկեղծ լինեմ՝ ես էլ հորս պես միայն ու միայն ուրախ և հպարտ կլինեմ ՝ թող 2 տարին դառնա 20 և ավելի. չէ որ «Հայրենիքին ծառայելը ամենասրբազան պարտքն է»:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուս՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Խորագիր՝ #02 (1224) 17.01.2018 - 23.01.2018, Ազգային բանակ