ԱԶԳ-ԲԱՆԱԿ
Ազգ-բանակ գաղափարախոսությունը մեր պետականության ապագայի նկատմամբ հավատ սերմանող բարոյախոսական քարոզ չէ. այն միտված է ամրապնդելու դեռևս Մայիսյան հերոսամարտերով, Արցախյան ազատագրական պայքարով կերտած հայկական պետականությունը: Այն պետք է լինի նաև բանակի ու հայրենիքի հանդեպ պատվախնդրություն ու հայրենասիրություն սերմանող արժեհամակարգ։
Ողջունելի է «Ազգ-բանակը» կյանքի կոչող ցանկացած դրական քայլ. գնահատելի է վերջերս զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրների լուծման համար Հիմնադրամի ստեղծումը և այդ գործում հասարակության ներգրավումը:
«Ազգ-բանակը» գալիս է անքակտելի ու պողպատյա դարձնելու այն, ինչը երազել և ինչի համար կռվել են դարեր շարունակ մեր ժողովրդի լավագույն զավակները։
ՍՈՒՐԵՆ ՆԱՎՈՅԱՆ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ
♦♦♦
«Ազգ-բանակը» կարող է և պետք է դառնա ՀՀ առավել արժանապատիվ, հզոր ապագայի երաշխիքը: Վաղուց ժամանակն էր ամրագրելու գաղափարախոսություն, որ անխափան շարժիչը կդառնա ամեն հայի կենսագործունեության, երազանքների: Աշխարհագրական, քաղաքական մարտահրավերներին մեր պատասխանը պետք է լինի միասնությունը՝ բոլորս բանակի համար, բանակը՝ բոլորիս: Գաղափարախոսութան այս շղթան պիտի ամրանա յուրաքնչյուրիս ներդրմամբ: Այսուհետ բանակ զորակոչվող զինվորների հետ զորակոչվելու են նաև ՀՀ բոլոր քաղաքացիները՝ իրենց ամենօրյա պատասխանատու աշխատանքով, կրթությամբ, ազնիվ մոտեցումներով, արդարության համար պայքարով,առողջ և ուժեղ սկզբունքներով, սիրելով ու հարգելով միմյանց, ի վերջո՝ ամրացնելով թիկունքը եւ անխոցելի դարձնելով Ազգ-բանակը:
ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողուհի
♦♦♦
Կարծում եմ՝ «Ազգ-բանակ» հայեցակարգը տեղին է և ժամանակին համահունչ։ Համոզված եմ, որ հայեցակարգի սկզբնադրույթները ամեն հայ կրում է ի ծնե: Կարծում եմ նաեւ, որ որևէ հայ չի կարող չաջակցել այս արժեհամակարգին, քանի որ ունենալ կայացած Ազգ-բանակ, նշանակում է ունենալ արդարության, հայրենասիրության, բարոյական հզոր չափանիշների վրա հենված զորեղ պաշտպան՝ Ազգային բանակ։
ԳԱԳԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Տոնավաճառներ» հասարակական կազմակերպության նախագահ
♦♦♦
«Ազգ-բանակը» ոչ միայն կրում է հայեցակարգային բնույթ, այլև համակարգային գործողությունների և փոխազդեցությունների ամբողջություն է, որի համար անհրաժեշտ են ոչ միայն պետական-քաղաքական համակարգային վերափոխումներ, այլև սկզբունքային վերաիմաստավորումներ՝ հասարակության անդամների մտածողության, ընկալումների և վերաբերմունքի մեջ։
«Ազգ-բանակը» ներառում է հանրության բոլոր շերտերը, ինստիտուցիոնալ բոլոր մարմինները, որոնց յուրաքանչյուր միավորն ու բջիջը պետք է կարողանա իր դերն ու նշանակությունը ունենալ և արդյունավետորեն նպաստել ընդհանուր կոնցեպտի զարգացմանը։
Հայ ժողովրդի պատմությունը ցույց է տվել, որ մեր ժողովուրդը մշտապես բախվելով բազմաբնույթ արտաքին մարտահրավերների, մշտապես կանգնած լինելով գոյության պահպանման խնդրի առջև, կարողացել է ինքնակազմակերպվել նաև մեծամասամբ հենց «Ազգ-բանակ» գաղափարի առարկայացման եղանակով։ Մեր ժողովուրդը կարողացել է դիմագրավել սպառնալիքներին, միասնական պայքարի և համազգային համախմբման արդյունքում մեր ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ ունեցել է իր անփոխարինելի դերակատարությունը: «Ազգ-բանակ» հայեցակարգն իր հիմքում նույնպես նման համազգային համախմբում է ենթադրում, որտեղ յուրաքանչյուրը իր յուրահատուկ ներդրումը պետք է ունենա։
«Ազգ-բանակ» հայեցակարգը կարևոր նշանակություն պետք է ունենա երիտասարդության շրջանում աշխարհայացքի, քաղաքացիական գիտակցության ձևավորման համատեքստում։
2016թ. ապրիլյան պատերազմի սկսվելուն պես հատկանշական էր, թե ինչպես երիտասարդությունը միավորվեց հանուն բանակին հնարավորինս աջակցելու և թեկուզ նվազագույն, բայց սեփական ներդրումն ունենալու գաղափարի շուրջ։ Այդ օրերին Երևանի պետական համալսարանում կամավորների հավաքագրում իրականացրինք, որի արդյունքում ձևավորվեց երիտասարդ ուսանողներից կազմված ԵՊՀ կամավորական ջոկատը, իսկ երբ առաջնագծում հանդիպեցինք դիրքապահ զինվորներին, իրենց կյանքը բանակին նվիրած սպայակազմին, ավագ սերնդի կամավորներին և ազատամարտիկներին, այդ ժամանակ զգացինք և գիտակցեցինք «Ազգ-բանակ» հայեցակարգի ոչ միայն խիստ անհրաժեշտությունն, այլև դրա կիրառական անգնահատելի նշանակությունը։
ԱՐՄԵՆ ԽԱՉԻԿՅԱՆ
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ, 2016թ. ԵՊՀ կամավորական ջոկատի հրամանատար
Պատրաստեց ԼԵՎՈՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Խորագիր՝ #02 (1224) 17.01.2018 - 23.01.2018, Բանակ և հասարակություն