Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱՓՈԽԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է



ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱՓՈԽԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԷՎաղ առավոտից չի դադարում մարդկանց հոսքը զինկոմիսարիատի բակ: Մի օր է, երբ զորակոչիկ ունեցող հարազատների բոլոր զգացմունքները միախառնվել են՝ մի կողմից հպարտությունը, որ իրենց զավակն այսօրվանից հայրենիքի պաշտպան է դառնալու, մյուս կողմից այն, որ երկար ժամանակով տղաների հետ անմիջական շփման հնարավորություն չեն ունենալու: Զորակոչիկները սպասում են, թե երբ իրենց ներս կկանչեն: Մոտենում եմ: 

Մի շատ լուրջ, հավասարակշիռ, հաղթանդամ երիտասարդ՝ զորակոչիկ Հովհաննես Աբրահամյանը, հրաժարվում է իր մասին խոսել:

– Մորն ու քրոջը թույլ չտվեց, որ գան ճանապարհելու` կանացի հուզումնալից պահերից խուսափում է, – նրա փոխարեն խոսում է հայրը՝ Սարգիսը: Պարզվեց՝ որդին հմուտ հրաձիգ է: Երկու տարի անընդմեջ Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի «վազող թիրախ» մրցումներում երիտասարդը Հայաստանի մասշտաբով երկրորդ տեղն է զբաղեցրել: Իսկ երևանյան մրցումներին 2017թ.` առաջին պատվավոր տեղը: 

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱՓՈԽԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է-Մի խոսքով` իսկական «վոյին է»,- հպարտությամբ ասում է հայրը:

-Պետք է հզոր բանակ ունենանք: Սա է ամենակարևորը,- ասում է զորակոչիկ Սմբատի պապը՝ Վալերի Բոյախջյանը: -Տարեցտարի ավելի ու ավելի արհեստավարժ, ավելի զորեղ է  դառնում  մեր զինուժը: 20 տարի առաջվա բանակի հետ չես համեմատի:

Սմբատը մանկուց ֆուտբոլով է զբաղվել. Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի առաջին կուրսում է:

Սաֆարյան Պարթևին ճանապարհելու են եկել «ախպերները»` ինչպես իրենք են ասում: «Այս բոլորից ո՞վ է հարազատ եղբայրդ» հարցիս պատասխանում է` «Ոչ մեկը և բոլորը: Ինձ համար բոլորն էլ հարազատ եղբոր պես են»: Մայրը` Վարդանյան Մարինեն, վստահ իր որդու ուժին, հուզմունքը զսպելով, ասում է. «Ութ տարի շարունակ որդիս ըմբշամարտով է զբաղվել: Բանակ է գնում մեծ սիրով: Ապրիլյան քառօրյային հենց այս ընկերներով վեր էին կացել, թե՝ «Գնում ենք կռվելու»: Տարիքները չէր լրացել, ետ դարձրին: Արմատներով մշեցի է: Հորեղբայրը մասնակցել է Շուշիի ազատագրմանը»:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱՓՈԽԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԷՉգիտեմ՝ զուգադիպությո՞ւն է, զորակոչիկներից ում էլ մոտենում եմ, որևէ սպորտաձևով է զբաղվել: Գոռ Պապիկյանը 7 տարի բռնցքամարտ է պարապել: «Բանակից վերադառնալուց հետո շարունակելու եմ, ուզում եմ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ դառնալ»,- ասում է: Ալվրցյան Գևորգը նույնպես նախընտրում է այս սպորտաձևը, 4 տարի էլ նա է պարապել:

 Զինկոմիսարիատի շեմքից ներս, մինչև տղաների հավաքակայան մեկնելը, ստուգվում է անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, նախնական բժշկական քննություն են անցնում, զինվորական կոմիսարի պաշտոնակատար փոխգնդապետ Սուրեն Օհանյանը ցուցումներ է տալիս տղաներին և հրահանգավորում:

Բակում կանգնած ավտոբուսը շուտով շարժվում է տեղից, և այստեղ տիրող հուզումը հասնում է գագաթնակետին: Ընկերներին մեքենաների ազդանշաններով ճանապարհ դնելն արդեն արարողություն է դարձել. մինչև հավաքակայան մեզ մի քանի մեքենաներ են ուղեկցում:  Կապիտան Դավիթ Բախշյանը ավտոբուսում զորակոչիկներին փուլ առ փուլ ներկայացնում է կենտրոնական հավաքակայանի միջոցառումների կարգը, հերթականությունն ու նպատակը, ծառայողական կյանքի վերաբերյալ խորհուրդներ տալիս: «Կարևորը, տղանե՛ր,- ասում է կապիտանը,- զորամաս հասնելուց հետո ձեր ամեն մի քայլը անելիս հիշեք ձեր ծնողներին, որոնց այսօրվանից միայն  հետաքրքրելու է` ինչպե՞ս եք զգում, ո՞նց եք ձեզ դրսևորում»:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱՓՈԽԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԷՀավաքակայանում առաջին գործողությունը զորակոչիկների առողջական վիճակի վերջնական ստուգումն է: Բժշկական հանձնաժողովի նախագահ Վադիմ Էլիզբարյանը նշում է. «Դեպքեր են լինում, երբ վերջին պահին զորակոչիկը ինչ-որ հիվանդություններ է ձեռք բերում, օրինակ՝ սուր շնչառական, որ այս շրջանում շատ տարածված է: Պետք է բացառել հիվանդի մուտքը զորքեր: Տեղեկանում ենք ինքնազգացողությանը, չափում ջերմությունը, կրծքավանդակի ռենտգեն-հետազոտություն անցկացնում և այլն: Այս պահին սուր շնչառական հիվանդությունների դեպքեր չունենք: Սրա պատճառներից մեկն էլ ժամանակին արված պատվաստումներն են: Իսկ սուր աղիքային ինֆեկցիաներից խուսափելու համար թույլ չենք տալիս տնից բերված սնունդ օգտագործել: Մեր ճաշարանում են զորակոչիկները սնվում. ամեն ինչ թարմ է ու համեղ: 

Ռենտգեն-հետազոտության լավ ջեռուցվող տարածքում տղաներին դիմավորում և հետազոտում է բաժանմունքի լաբորանտ, ավագ ենթասպա Հրայր Ասլանյանը: Քսան տարի է՝ Հրայրը բանակում է, մասնակցում է բոլոր զորակոչերին: Հազարավոր տղաների է բանակ  ճանապարհել, իսկ մի օր անց իր որդի Խորենին է ճանապարհելու:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱՓՈԽԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԷԲժիշկ-ռենտգենոլոգ, բուժծառայության կապիտաններ Անահիտ Գրիգորյանն ու բժիշկ-ֆտիզիատոր (պալարախտաբան) Լարիսա Բարեղամյանը մանրամասն զննում են կրծքավանդակի ռենտգենյան պատկերները:

-Եթե կասկածելի «ստվեր» ենք նկատում,- ասում է Անահիտը,- նորից ենք նկարում: Ախտանիշը կրկնվելու դեպքում զորակոչիկին ուղարկում ենք լրացուցիչ ստուգման կամ էլ ֆտիզիատորի հետ խորհրդակցելուց հետո համապատասխան բուժհաստատություններ՝ բուժման: Այս փուլում հնարավոր է բացահայտել նաև ողնաշարի, սրտի հետ կապված որոշ խնդիրներ:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱՓՈԽԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԷՀավաքակայանի տարբեր սրահներում զորակոչիկներին անհատական թվապիտակներ են տալիս, հանձնաժողովները ծառայության պայմանների ճշգրտման նպատակով քննության են առնում նրանց ընտանեկան դրությունը, պարզում մասնագիտական ուղղվածությունը, ինչի հիման վրա այնուհետև թվապիտակներին ամրացվում են  համապատասխան տարբերանշանները:

Սենյակներից մեկում բաժնի պետ, փոխգնդապետ Սամվել Բարոյանը զորակոչիկներին ներկայացնում է «Ես եմ» ծրագրի առավելությունները:  «Մեր այսօրվա աշխատանքների պտուղները, կարծում եմ, միայն երեք տարի հետո կտեսնենք, երբ ծառայությունից կվերադառնա «Ես եմ»-ով անցած զինծառայողների առաջին սերունդը:-նշում է փոխգնդապետը,- Իսկ առայժմ միայն այն կարող եմ ասել, որ այս ծրագրի հաջող իրականացման գործում մեծ դեր է վերապահված համապատասխան զորամասերի հրամանատարությանը»:

Տղաները մեկ-մեկ դուրս են գալիս հանդերձավորման կետից.  նոր հագուստը նրանց ավելի առնական, գեղեցիկ ու ձիգ տեսք է տվել: Շատերի դեմքը լուսավորում է հպարտ ժպիտը: 

-Չեք պատկերացնի, թե ոնց եմ շոգում, շատ տաք հագուստ է,- ասում է Ռաֆայելը:  Նա տղաներից ամենաբարձրահասակն է: Քիչ առաջ` սրահներից մեկում հանձնաժողովը քննարկում էր նրան որպես պատվո պահակ ընդունելու տարբերակը, սակայն երբ հասակը չափեցին, մտավախություն առաջացավ, թե նրա նման երկրորդ զինվորին դժվար կլինի գտնել: Ռաֆայելն ստացավ «ՈՒՏ»՝ «ուսումնական տեխնիկական» գրությամբ տարբերանշանը: Ավարտել է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը: «Ծրագրավորող եմ,- ասում է նա,- բայց ուրիշ նախասիրություն էլ ունեմ՝ երգում եմ: Ծառայելուց հետո, որոշել եմ կոնսերվատորիա ընդունվել: Բասը հազվագյուտ ձայն է, այնպես որ առաջին իսկ փորձից կոնսերվատորիա ընդունվելու հնարավորությունը, կարծում եմ՝ մեծ է: 2017թ. փետրվարից մինչև զորակոչվելս երգում էի «Հայ մյուզիք բենդ» խմբում»:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱՓՈԽԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԷՀիշեցի, որ այս խմբի երկու հրաշալի կատարում լսել եմ 2017թ. դեկտեմբերի 8-ին Երևանի Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում տեղի ունեցած ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության 20-ամյակին նվիրված միջոցառմանը:

Ռաֆայելն այս ընթացքում անբաժան է ընկերոջից՝ Էդգարից, որի հետ նույն քոլեջում են ուսանել: Էդգարը մարզվում է. որոշել է բանակից հետո լրջորեն զբաղվել ծանրամարտով, ծանրորդ դառնալ: «Ի՞նչ խորհուրդներ եք իրար տվել, տղանե՛ր»,- հարցնում եմ: «Հին ասացվածքի համաձայն՝ «Յոթը չափիր, մեկը՝ կտրիր»,- ասում է Ռաֆայելը: «Համբերություն, զգոնություն ու զգուշություն»,- լրացնում է Էդգարը:

Դուրս գալով շենքից` տղաները հերթով մոտենում են մեր լուսանկարչին` Արեգին ու խնդրում իրենց զինվորական համազգեստով լուսանկարել` մենակ, զույգ-զույգ, խմբերով:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱՓՈԽԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԷԱհա, տղանե՛ր, պատրաստ է «արաբկիրցիների» խմբային լուսանկարը եկեղեցու ֆոնին: Եվ թող Աստծո աջը միշտ ձեզ պահապան լինի:

Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը ճաշարան գնալու իրենց հերթին սպասող տղաների կողքից չկարողացավ անտարբեր անցնել, ասաց բարեմաղթանքի իր խոսքը. «Կեցցե՛ Արաբկիրը. հրաշալի զինվորներ է տվել` բոյով, բարետես, հաղթանդամ, ամրակազմ: Բարի ծառայություն ձեզ, տղանե՛ր:

Ճաշարանում ախորժելի բուրմունք է տարածվել. խոհարարուհին ժպիտով ծանուցում է ճաշացանկը. «Մսեղեն է` տապակած խոզի, հավի միս, երկու տեսակի ապուր, աղցաններ, փլավներ, տոմատով ու սոխով խյուս: Թան, մասուրի հյութ… Պատրաստված է սիրով` մեր զինվորի համար»:

Տղաներն այնքան հաճույքով են ուտում, որ ինքս էլ հաճույքով կփորձեի, բայց նաև մտածում եմ` ամեն դեպքում զինվորի բաժինն է:  

Զորակոչիկներն արդեն հրահանգիչների օգնությամբ իրենց առաջին զինվորական շարքն են կազմել և ուղղվում են դեպի այն սրահը, որտեղ վիճակահանությունը որոշելու  է նրանց ծառայության վայրը: Ծնողներն իրենց համար նախատեսված հարմարավետ  ու տաք սրահում սրտատրոփ սպասում են որդիների տեղաբաշխմանը:

 Ամբողջ օրը տղաների հետ զինկոմիսարիատում և հավաքակայանում շրջելով` նրանց արդեն հարազատացել եմ: Ծնողների կողքին նստած` անհամբեր սպասում եմ վիճակահանության արդյունքներին: Ծնողները սովորաբար առաջնորդվում են` «հնարավորինս մոտիկ զորամաս, լավ զորամաս» սկզբունքով, բայց հայտնի փաստ է. որքան մոտիկ ես լինում տանդ, այնքան ավելի դժվար, դանդաղ ես հարմարվում: Որոշիչն այս հարցում զորակոչիկի տրամադրվածությունն է, հրամանատարության ուշադրությունն ու մի շարք այլ գործոններ, որ այնքան էլ կապ չունեն ծառայության տեղի հեռու կամ մոտ լինելու հետ: Այդուհանդերձ, ուշի-ուշով հետևում եմ, ուրախանում կամ մտքերի մեջ եմ ընկնում ծնողների հետ:  Բոլորն էլ պայծառ ու հրաշալի տղաներ են. նրանց մեջ հայացքով գտնում եմ «մերոնց»:

Ահա Ռաֆայելը. դեմքի հանդարտ արտահայտությամբ մոտենում է վիճակահանության «թմբուկին»: Երբ կարդում է զորամասի անվանումը, հայացքը մի պահ փոխվում է. համեմատաբար մոտիկ զորամասերից մեկն է  ընկել:

Հովհաննեսն է. իր հաղթ կերպարանքով ու դեմքի անհողդողդ արտահայտությամբ մոտենում է «թմբուկին» ու նույն հանգստությամբ կարդում է մեր երկրի հեռավոր սահմանապահ զորամասերից մեկի թիվն ու վերադառնում տեղը. ակնհայտորեն գոհ է իր ընտրությունից:

Թմբուկին հերթով մոտենում են ինձ ծանոթ ու անծանոթ զորակոչիկները: Բոլորիս շուրթերին բարի մաղթանքներն ու աղոթքն է՝ մեր տղաների անփորձանք ծառայության ու բարի վերադարձի համար: 

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱՓՈԽԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԷՎիճակահանությունից հետո զինվորները վերադառնում են ծնողների մոտ` հրաժեշտ տալու: Տեսնում եմ մոր հետ ողջագուրվող Պարթևին: Վերջին պահին Մարիամը չի դիմացել, հուզվել է: Նրան հիշեցնում եմ այսօր բազմիցս հնչած հորդորը` «Չոր աչքերով  պետք է ճանապարհել որդիներին»:

Սրահի մի այլ հատվածում ուրախ ու խանդավառ Ռաֆայելն է զրուցում մոր հետ, մյուսում հարազատներով շրջապատված Գոռն ու Գևորգն են:

Հովհաննեսը նստած է հոր և հորաքրոջ՝ Սաթենիկ Աբրահամյանի միջև, որ նույնպես զինվորական է, ինժեներական զորքերի ավագ սերժանտ:

-Վստահ եմ. զարմիկս «ունիվերսալ» զինվոր կլինի,- ասում է` հպարտությամբ իր զինվորին նայելով: -Թե՛ վարորդ է, թե՛ խոհարար և թե՛ լավ հրաձիգ: Ասում էր` «Ուզում եմ վիճակահանությամբ ինձ սահմանամերձ զորամաս ընկնի. եթե մեկը քաշեց, ձեռքից վերցնելու եմ»: Առաջ Աստված, խաղաղություն, առողջություն և բարի վերադարձ մեր բոլոր նորակոչիկներին:

♦♦♦ 

Ամբողջ օրվա ընթացքում հետևում էի, թե ինչպես էին միմյանց հետ շփվում մեր տղաները, արագ ու հեշտությամբ ներգրավվում խմբում, ինչպես էին օգնում միմյանց, լսեցի նոր ծանոթացած տղաների ընկերական զրույցները: Անվերապահ վստահություն էի զգում, որ նրանք բոլորն էլ շատ արագ կհարմարվեն նոր կյանքին, հեշտությամբ կհաղթահարեն, սիրով կկիսեն ծառայողական առօրյայի ուրախություններն ու դժվարությունները: Հենց այսպես էլ պատկերացնում եմ, ինչպես մեր խրոխտ «արաբկիրցիներին», այնպես էլ այս օրերին Հայոց բանակի կուռ  շարքերը համալրող մեր մյուս  տղաներին:

 Բարի ճանապարհ ու բարի վերադարձ քեզ, զինվո՛ր:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս. ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #02 (1224) 17.01.2018 - 23.01.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


17/01/2018