ՄԻԱՅՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԵԼՈՎ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ
«Հայ զինվորի» զրույցը զորամասի հրամանատար, գնդապետ ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ
-Պարոն գնդապետ, Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը վերջերս այցելեց պետական սահմանի այս հատված, շրջայց կատարեց մարտական հենակետում, ծանոթացավ ծառայության պայմաններին, ինչպես նաև Ձեզ շնորհեց գնդապետի կոչում: Շնորհավորում ենք:
-Շնորհակալություն, ուսադիրին ավելացող ամեն աստղ լրացուցիչ պատասխանատվություն է: Զորամասի հրամանատարությունն ստանձնել եմ 2017 թվականին: Իհարկե, քաջատեղյակ եմ զորամասի մարտական ուղուն: Այստեղ հրամանատարներ են եղել մարդիկ, որոնք ծանրակշիռ ներդրում ունեն մեր բանակի ստեղծման գործում, ինչը պարտավորեցնում է արդարացնել իմ նկատմամբ դրսեւորած վստահությունը եւ հաստատուն դարձնել հաջողությունները:
-Չնայած Դուք նոր հրամանատար եք, այնուամենայնիվ, վեց ամիսն էլ քիչ ժամանակ չէ ինչ-որ բան փոխելու համար: Ի՞նչ եք հասցրել անել, որո՞նք են Ձեր առաջնահերթությունները:
-Մեր երկրի հյուսիսարևելյան սահմանի այս հատվածը բարդ ու դժվարին է. թիկունքում նշանառության տակ ապրող սահմանամերձ բնակավայրերն են, որոնց անվտանգությունը զորամասի առաջնահերթություններից է: Վերանայել ենք պաշտպանությունում մարտական դիրքերի դերը, փոփոխել ենք խնդիրներն ու մարտավարությունը, ներդրել ենք զորամասի տրամադրության տակ եղած ուժերի եւ միջոցների կիրառման նոր մտահղացումներ: Մարտական դիրքերում անձնակազմի անվտանգ ծառայությունն ապահովելու նպատակով պաշտպանական գծի ամբողջ երկայնքով վերակահավորել ենք դիրքերը: Կատարելագործել ենք բազմաթիվ խրամաբջիջներ, խրամուղիներ, ամրապնդել ենք հակառակորդի կողմից դիտարկվող եւ տեսանելի հատվածները: Ուշադրության կենտրոնում էր նաեւ թե հրամանատարական, թե ստորաբաժանումների, թե առանձին զինծառայողների մասնագիտական, մարտավարամասնագիտական պատրաստությունը: Անցկացվել են մարզումներ, որոնց հիմքում գործողությունների նոր ձեւեր են:
Զորամասը մշտական հոգատարություն է պահանջում, ուստի ինչքան աշխատես, էլի անելու բան կա:
-Ի դեպ, մենք քիչ առաջ ենք իջել նորակառույց դիրքից, որը համապատասխանում է ժամանակակից չափանիշներին՝ բաղնիք, հարմարավետ գետնատնակ, ֆիզիկական պատրաստության անկյուն, արդիական միջոցներ…
-Հավանեցի՞ք:
-Տպավորիչ է: Կարելի է ասել՝ ժայռի միջով խրամատ եք փորել:
-Այն կարեւոր նշանակություն ունի. հակառակորդին զրկում է միջդիրքային տարածությունն օգտագործելու հնարավորությունից:
-Անընդհատ խոսում ենք տեսադիտարկման նորագույն սարքերի մասին, որոնց շնորհիվ հնարավոր է հավաստանշել հակառակորդի տեղաշարժը: Կատարելագործվե՞լ է արդյոք դիտարկման համակարգը սահմանի այս հատվածում:
-Զորամասն առաջինն էր բանակային կորպուսում, որ հագեցվեց վերոնշյալ համակարգով: Սա թույլ է տալիս ավելի արդյունավետ իրականացնել մարտական հերթապահությունը, արագ որոշումներ ընդունել կանխարգելման եւ խոցման միջոցառումների իրականացման վերաբերյալ: Մենք այսօր հնարավորություն ունենք անհրաժեշտ խորությունում հետախուզություն իրականացնելու, տեղեկացված ենք, թե ինչով է զբաղված հակառակորդը:
-Իսկ քանի՞ կիլոմետր հեռավորության մասին է խոսքը:
-Թվեր չնշեմ:
-Անդրադառնանք նաեւ նյութատեխնիկական ապահովման խնդիրներին: Հայրենական ռազմարդյունաբերության ոլորտն անընդհատ զարգանում է, հետաքրքիր է՝ զորամասը համալրվե՞լ է հայկական արտադրության ժամանակակից միջոցներով:
-Այո, կիրառվող որոշ զինատեսակներ թարմացվել են եւ նոր մշակումների շնորհիվ ավելի հեռահար ու ճշգրիտ են: Համալրվել ենք նաեւ զրահատեխնիկայով:
-Մարտունակության կարեւոր պայմաններից մեկն էլ սնունդն ու հարմարավետ վաշտային տնտեսությունն է: Ինչպե՞ս է ապրում Ձեր զինվորը:
-Այդպիսի զորանոց չունենք, որ գոնե կոսմետիկ վերանորոգած չլինի: Սնունդն էլ որակյալ է, ճաշը՝ համով: Առանց չափազանցության եմ ասում՝ զինվորը ճաշարանում սնվում է ինչպես տանը: Եթե մթերքը հանկարծ չի համապատասխանում սահմանված պահանջներին, չենք ընդունում: Օրինակ՝ վերջերս կարտոֆիլ ենք վերադարձրել. տեսքը մեզ դուր չի եկել:
-Ինչի՞ շուրջ եք համախմբում Ձեր ենթականերին:
-Ազնվության, հարգանքի ու վստահության: Ես սպայակազմին միշտ ասում եմ. մենք վատ զինվոր չունենք, եթե նա սխալվում է, ուրեմն հրամանատարներս ենք մեղավոր, ուրեմն ինչ-որ տեղ թերացել ենք: Երբ որդիս զորակոչվեց բանակ, ես սկսեցի ավելի լավ հասկանալ զինվորի հոգեվիճակը, նրա պահանջները: Որքան էլ զինվորն իր մասնագիտության մեջ հմտանա, նա ինքնավստահ ու մարտունակ է միայն այն դեպքում, երբ հրամանատարը նրան հավատ է ներշնչում:
-Իսկ Դուք ինչպե՞ս եք նվաճում զինվորի հարգանքը:
-Իմ ամենօրյա գործունեությամբ: Օրինակ՝ սպորտային ավանում կատարում եմ ֆիզիկական պատրաստության համալիր վարժություններն ու միշտ ձգտում եմ գերազանց ստանալ:
-Զորամասը համալրված է ինչպես պարտադիր ժամկետային, այնպես էլ պայմանագրային զինծառայողներով: Կա՞ն արդյոք նրանց հետ աշխատելու դժվարություններ:
-Նախ ասեմ, որ առաջնագծի պաշտպանությունը կազմակերպվում է մեծապես պայմանագրայինների ուժերով, որոնք հիմնականում սահմանամերձ գյուղերի բնակիչներ են: Նրանք սոցիալ-կենցաղային հարցերը կարգավորելուց բացի պաշտպանում են իրենց տունը, ընտանիքը: Ծառայությունում ընդգրկվում են հատուկ ընտրությամբ: Իրենց մասնագիտությանը, զենքին լավ են տիրապետում, ինչպես նաեւ եռանդուն են, կարգապահ, հանդուրժող: Այնպես որ` որեւէ դժվարություն չի առաջանում: Նկատելի է պայմանագրային գումարտակների երիտասարդացում: Վերջերս ավելի հաճախ են բանակից զորացրված երիտասարդ տղաները, որոնք շատ լավ մարտական պատրաստություն ունեն, ցանկություն հայտնում անցնել պայմանագրային ծառայության:
-Պարոն հրամանատար, մեր ընթերցողին, անշուշտ, կհետաքրքրեն նաեւ Ձեր ծառայողական կենսագրության մանրամասները:
-Ծնվել եմ Երեւանում: Հայրս ջոկատի փոխհրամանատար էր, ուստի մասնագիտության ընտրության հարցում երկար չեմ մտածել: 1994թ. ընդունվել եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Առաջին շրջանավարտներից եմ: Սկսել եմ դասակի հրամանատարից, զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ: Ընդունվել եւ ավարտել եմ Մոսկվայի ռազմական ակադեմիան: Անկեղծ ասած՝ ես պահանջկոտ եմ ինքս իմ հանդեպ, երբեք չեմ գոհանում բավարար գնահատականով: Ես իմ առաջ ոչ թե պարզապես ինչ-որ բան անելու, այլ գերազանցությամբ անելու խնդիր եմ դնում: Միայն կատարելագործվելով է հնարավոր զարգացնել ձեռքբերումները:
Խորագիր՝ #02 (1224) 17.01.2018 - 23.01.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում