ՊԱՇՏՊԱՆԵԼՈՎ ՀԱՅՐԵՆԻՔԴ` ԿՅԱՆՔԴ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԵՍ ԴԱՐՁՆՈՒՄ…
Պաշտպանության նախարարության «Ես եմ» ծրագիրը մեկնարկեց 2018թ. հունվարից: Արման Ներսիսյանն ու Տարոն Ներսիսյանը Արմավիրի մարզի տարբեր համայնքներից են: Ընտրելով «Ես եմ» ծրագիրը` երիտասարդները կմեկնեն առաջնագիծ: Ձեռք բերելով ռազմական հմտություններ` կպաշտպանեն հայրենիքի սահմանները:
Մայոր Մաթեւոս Ներսիսյանի որդին՝ Արմանը, Արմավիրի Գայ համայնքից է: Հայրը պատմում է, որ որդին, հասակ առնելով զինվորականի ընտանիքում, գիտակցում է Հայրենիք պաշտպանելու կարեւորությունը:
-Երեք տարի առաջնագծում ծառայելուց հետո ավելի ճիշտ կհասկանա՝ ինչ է ծառայությունը: Լավն ու վատը կտարբերի, երբ պոստում կանգնի, հայրենիքի սահմանը պահի,- ասում է մայոր Ներսիսյանը:
-Արմանս, կարելի է ասել, զորամասում է մեծացել: Տեսել է՝ ինչպես են քնում ու արթնանում զինվորները: Շուրջ 16 տարի ծառայել եմ, հայրենիք եմ պաշտպանել: Այդ շրջանում որդիներս դաստիարակվել են այն խոր համոզմունքով, որ զինվորականի գործը հարգանքի է արժանի: Միասին քննարկել, եկել ենք այն եզրակացության, որ պաշտպանության նախարարության այս ծրագիրը բավականին իրատեսական է: Մեր երիտասարդները հնարավորություն են ստանում այսօրվա բարդ ժամանակաշրջանում կառուցելու իրենց ապագան:
-Հորս հետ զորամասում շատ եմ եղել: Ինձ միշտ էլ գրավել է ծառայությունը, զինվորների առօրյան, ֆիզիկական պատրաստությունը: Բանակ գնալու մասին միշտ մեծ ոգեւորությամբ եմ խոսել: Երբ հեռուստացույցով լսեցի «Ես եմ» ծրագրի մասին, միանգամից հավանություն տվեցի: Շատ եմ ուզում օգնել ծնողներիս: Կյանքում իմ ճիշտ տեղը գտնելու համար լավ հնարավորություն է: Միգուցե` հետագայում ես էլ զինվորական դառնամ,- հպարտությամբ ասում է Արմենը:
Մայոր Մաթեւոս Ներսիսյանը 2008թ. զորացրվել է: Ինչպես ինքն է ասում` դրանից հետո որդիների կողքին լինելու, խրատելու, աջակցելու համար ավելի շատ ժամանակ ունի:
-Ես իմ գործը պատվով կատարել եմ: Հերթը տղերքինս է: Ավագ որդիս ծառայել է, Արմենս էլ կծառայի: Հպարտ եմ, որ նման որդիներ ունեմ: Արմենիս հետ քննարկեցինք ծրագիրը: Տղաս շատ էր ուզում ծառայել: Դե գեների մեջ կա: Ինձ է քաշել,- կատակի է տալիս Մաթեւոսը, ապա շարունակում.
-Որպես ծնող ցանկանում եմ, որ լավ տրամադրությամբ գնա, ծառայի,ինչ նպատակ ունի կարողանա իրականացնել: Դեռ չի որոշել ծառայությունն ավարտելուց հետո ինչ է անելու, բայց հաստատ մի բան պարզ է՝ Հայրենիքն է շենացնելու…
Տարոն Ներսիսյանը Արմավիրի Լուսագյուղ համայնքից է: Զորակոչվում է ժամկետային ծառայության «Ես եմ» ծրագրի շրջանակներում: Մեծ ծրագրեր ունի: Ապագան ավելի բարեկեցիկ, ապահովված ու լուսավոր է տեսնում:
-Զինկոմիսարիատում եմ ծանոթացել ծառայության նոր կարգին: Առաջարկը բավականին խոստումնալից էր: Ժամանակ չկորցրեցի, միանգամից համաձայնեցի: Սա շատ լավ հնարավորություն է կայանալու, քեզ ապահով զգալու: Պաշտպանության նախարարի այս առաջարկը կօգնի շատ երիտասարդների հաջողությունների հասնելու: Պաշտպանելով հայրենիքդ` կյանքդ բարեկեցիկ ես դարձնում,- ասում է Տարոնը:
Տարոնի մայրը՝ տիկին Մարիամը, որդու որոշման մասին իմացել է, երբ տղան ստորագրել է պայմանագիրը, իրենից գոհ վերադարձել տուն:
-Անակնկալի եկա: Մի պահ կորցրել էի խոսելու ունակությունը: Հավատս չէր գալիս: Ինքն է որոշել: Ոչ մեկից կարծիք չի հարցրել: Փոքր-ինչ անհանգիստ եմ: Երեք տարին կատակ բան չի, բայց ուսումնասիրելով ծրագրի կետերը՝ հասկանում եմ, որ նախարարը մտածում է ազգի, զինվորի, նրա ապագայի մասին: Հուսամ` լավ կլինի:
Տարոնը մեծ ոգեւորությամբ ու հպարտությամբ է կայացրել որոշումը:
-Շատերն են զարմանում, բայց ես վստահ եմ, որ նվիրվելով Հայրենիքին՝ կստանաս ավելի շատ: Արդյունքում կարող եմ նաեւ իմ երազանքների տունն ունենալ:
Տարոնը որոշել է ծառայությունից հետո բնակարան ձեռք բերել: Ասում է՝ լուծելով տան խնդիրը, կարող է մտածել կյանքը դասավորելու, իր ընտանիքն ունենալու, հայրենիքում մնալու, կայանալու մասին: Ցանկությունը մեկն է՝ խաղաղ ու անփորձանք ծառայություն բոլորին:
Արմենն ու Տարոնը հունվարի 15-ին Էջմիածնի զինկոմիսարիատից զորակոչվեցին բանակ՝ հայրենիքի առաջ պարտքը կատարելու: Բարի ծառայություն տղաներին…
ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ
Խորագիր՝ #02 (1224) 17.01.2018 - 23.01.2018, Բանակ և հասարակություն