ԹՈՒՐՔ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
2017 թ. դեկտեմբերի 30-ին հանրածանոթ թուրք քաղաքագետ, լրագրող և գրող Չենգիզ Աքթարը հրապարակել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ անաչառ մի հոդված: «Անցյալի բռնության դիմակայումն ավելի մեծ բռնությամբ» խորագիրը կրող Աքթարի հոդվածը տեղադրված է Ahvalnews.com արտասահմանյան կայքէջում՝ թուրքական կառավարության ճնշող վարչակարգի հասանելիությունից դուրս։
Աքթարն իր հոդվածն սկսում է թուրք ժխտողականներին ուղղված խիստ զգուշացմամբ. «Եթե մենք՝ որպես հասարակություն, չենք առերեսվում մեր անցյալի զանգվածային հանցագործությանը, ինչպիսին 1915 թ. Հայոց ցեղասպանությունն է, և եթե պատշաճ փոխհատուցում չենք տալիս անմեղ զոհերի ժառանգներին, անպատժելիությունը կհետապնդի մեզ, և նույնիսկ ավելի մեծ չարիք կգա մեր գլխին։ Սա դարավոր բարոյական ծանր իրավիճակ է շատ խոր արմատներով»։ Աքթարը պահանջում է ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչում, այլեւ որ ավելի կարևոր է՝ «փոխհատուցում»:
Ըստ Աքթարի` 1915 թվականից ի վեր Թուրքիայում տեղի ունեցած բոլոր չարիքների արմատը թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտումն է. «Հաշվի առնելով, որ Ցեղասպանությունն իր էությամբ զանգվածային հանցագործություն է, և եթե հասարակական գիտակցությունը կարող է մարսել Ցեղասպանությունը, ապա հեշտությամբ կարելի է հանդուրժել ցանկացած անօրինականություն։ Այսպիսով՝ չարիքը չարիք է ծնում։ Մենք՝ որպես հասարակություն, մշտապես մերժել ենք որեւէ անդրադարձ 1915 թվականի իրադարձություններին՝ այդ մեղսագործությանը հետևած խախտումների պատճառով, որոնք ուղղակիորեն փոխկապակցված էին Ցեղասպանության անպատժելիությանը»։
Իրականում, բռնությունը և անարդարությունը սովորական երևույթ են դարձել Թուրքիայում` կապված Հայոց ցեղասպանության զանգվածային հանցագործությունների հետ. «…Հավաքական խելագարությունը, հավաքական բռնությունը և հավաքական անառակությունը, որոնք պարտադրվել են 1915 թ. հանցանքներից հետո, դարձել են մեր կենսակերպը։ Այժմ մենք անսահման բռնություն և անառակություն ունենք ամենուրեք, մեր տներում, զորանոցներում, աշխատավայրերում, հիվանդանոցներում, բոլոր ասպարեզներում, քաղաքականությունից մինչև լրատվամիջոցներ՝ մարդկանց, կենդանիների, բնության, քաղաքների, մշակույթի, ամեն ինչի դեմ։ Անօրենությունը, անպատժելիությունը, անարդարությունը և անտարբերությունը ամենուրեք են»։
Աքթարը Հայոց ցեղասպանության ժխտումը նկարագրում է որպես Թուրքիայի համար շարունակական «անեծք», որը թուրքական հասարակության մեջ հանգեցրել է ներկայիս բազմաթիվ չարիքներին. «Որոշակի շիզոֆրենիա, որն ստիպում է անմիջապես մոռանալ և փորձել մյուսներին ևս ստիպել մոռանալու բռնությունը։ Սա ընդհանուր հիվանդություն է, որը վեր է սովորական ամենօրյա քաղաքականության պատրանքից: Այնուամենայնիվ, անցյալի բռնությունների ճնշված հիշողությունները պահպանվում են հասարակության ենթագիտակցության մեջ՝ ավելի շատ բռնություն ստեղծելով, փորձելով մեր խելագարության սահմանները։ Այնպես որ, փորձելով մոռանալ մի չարիքը, մենք նորն ենք ստեղծում… Միգուցե սա հասարակության անեծքն է, որը հրաժարվում է կամովին առերեսվել իր անցյալի բռնությանը՝ ակամա դիմակայելով ամենօրյա բռնությանը իր բոլոր աղետաբեր հետևանքներով»։
Իր հոդվածի վերջում Աքթարը վերատեղադրում է մեկ այլ հզոր հոդված, որը նա գրել էր մինչև 2015 թվականը՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին, «Թարաֆ» թերթում. դա թուրքական իշխանությունները ջնջել են կայքէջից։
Ավելի վաղ հոդվածում Աքթարը նաև ընդունում է, որ այսօր Թուրքիայում տեղի ունեցող չարիքները պայմանավորված են Հայոց ցեղասպանության զոհերի անեծքներով. «Ով գիտի, մեզ հետապնդող բոլոր չարիքները, անվերջ զանգվածային սպանությունները և այս դժբախտություններից դուրս գալու մեր անկարողությունը միգուցե պայմանավորված է դարավոր անեծքով և դարավոր ստով։ Ի՞նչ եք կարծում։ Սա, թերևս, հայերի` երեխաների, կանանց և տղամարդկանց նզովքն է, որոնք նահատակվեցին հառաչանքով և թաղվեցին առանց դագաղ։ Սա միգուցե մեր հոգիներում առաջացած փոթորիկներն են, որ ստեղծել են դեռևս հոգեվարքում գտնվող մեր բոլոր դժբախտ քաղաքացիների` ներառյալ հույների և սիրիացիների, իսկ հետագայում ալեւիների և քրդերի ուրվականները։ Հավանաբար, 1915 թվականից ի վեր կոտորածների մինչ օրս չվճարված գինն այժմ տարբեր տեղերում վճարում են մեր թոռները։ Անիծված ենք՝ խլված, գողացված կյանքերի, թալանված տների, ավերված եկեղեցիների, բռնագրավված դպրոցների և բռնազավթված ունեցվածքի համար… Թվում է` մեր հասարակությունը մեկ դարի ընթացքում քայքայվել է՝ թարախակալելով ամբողջ շրջապատը»:
Երբ թուրք ղեկավարներն ընդունեն իրենց նախնիների կատարած զանգվածային հանցագործությունները և հատուցեն դրանց համար, ինչպես պրոֆեսոր Աքթարն է առաջարկում, ապա միայն այդ ժամանակ Հայաստանն ու Թուրքիան կարող են նորմալ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, և միայն դրանից հետո նրանք կարող են անցյալը թողնել հետևում։
Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ
Խորագիր՝ #03 (1225) 24.01.2018 - 30.01.2018, Տարածաշրջան