ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ
1-ին զորամիավորման ենթակա զորամասերից մեկում տեղի ունեցան զորամասերի գումարտակների եւ դիվիզիոնների հրամանատարների հնգօրյա հավաքներ, որոնց նպատակը տեսական եւ գործնական պարապմունքների միջոցով հրամանատարների գիտելիքները խորացնելը եւ նրանց ղեկավարման հմտությունները կատարելագործելն էր:
Լսարաններում, շարահրապարակում, ավտոհավաքակայանում, հրաձգարաններում, ուսումնական դաշտում անցկացվեցին դասախոսություններ, մեթոդական, ցուցադրական, ստուգողական պարապմունքներ:
Ուսուցանող սպաներն էին՝ հավաքների պետ, զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, հրամանատարի տեղակալները, ծառայությունների եւ բաժինների պետերը:
Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի անցկացրած դասի ընթացքում կարեւորվեց զորամիավորման ենթակա բոլոր ստորաբաժանումների մշտապես մարտունակ լինելը:
Նա ներկայացրեց բանակի, մասնավորապես՝ զորամիավորման ստորաբաժանումներում ընթացող բարեփոխումների ընթացքը, հավաքի մասնակից յուրաքանչյուր սպայից պահանջեց ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել մարտական պատրաստության պլանի համաձայն ընթացող բոլոր գործընթացներին, ցանկացած մարտական հրամանի, վերադասի կարգադրության:
-Բանակը կենսունակ օրգանիզմ է, որի ամեն մի ստորաբաժանում, ինչպես շղթայի մի կարեւորագույն օղակ, իր դերն ու խնդիրը ունի: Պետք է մշտապես ամուր պահել մեր միասնության եւ կադրերի շարունակական ապահովման ամրակուռ շղթան, քանի որ երեկ, այսօր, եւ վաղը մենք կանգնած ենք անընդհատ կատարելագործվող՝ հզորագույն բանակ ունենալու հրամայականի առաջ,- ասաց զորամիավորման հրամանատարը:
Պարապմունքների թեմաներն անմիջականորեն առնչվում էին մարտավարամասնագիտական, ռազմաբժշկական, կապի, զորահավաքային, ինժեներական, տեխնիկական, շարային, ֆիզիկական, կրակային, հրետանու, ռազմատեղագրական, թիկունքային, հետախուզական, մարտավարական, մարտական, տեխնիկական պատրաստությանը:
Հավաքների ընթացքում գումարտակների եւ դիվիզիոնների հրամանատարներն աչքի ընկան ակտիվությամբ՝ ցուցաբերելով տարբեր հարցեր համակողմանի վերլուծելու ընդունակություն, ցուցադրելով տեսական եւ գործնական խորացված գիտելիքներ, իրենց վստահված ստորաբաժանումներն արդյունավետ ղեկավարելու հմտություններ:
Հրամանատարական հավաքները ցույց տվեցին, որ մեր զորքերի մարտունակությունը բարձր է, եւ զինծառայողները պատրաստ են կատարելու ցանկացած մարտական խնդիր:
ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ
1-ին զորամիավորման թղթակցական կետ
Խորագիր՝ #03 (1225) 24.01.2018 - 30.01.2018, Ազգային բանակ