Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՎԻՐՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ…



ՆՎԻՐՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ…Զրուցակիցս էջմիածինցի Գայանե Դավթյանն է: Մասնագիտությամբ ռեժիսոր է, մանկապատանեկան ներկայացումներ է բեմադրում: Գայանեի որդին՝ Արտավազդ Հակոբյանը, տասնյոթ ամիս է՝ ծառայում է առաջնագծում: Արվեստագետների ընտանիքում ծնված Արտավազդը, իրականացնելով ծնողների վաղեմի երազանքը,  ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը: Ավարտելով առաջին կուրսը՝ ապագա ջութակահարը զորակոչվել է բանակ:

 

-1998թ. գործուղվել էինք Արցախ: Արտավազդս ութ ամսական էր: Սկզբում չէի հարմարվում: Բայց հետո շատ սիրեցի Արցախի բնությունը, ջուրն ու հողը, կարծես ձգում էր ինձ: Հիշում եմ, որ փոքրիկ Արտավազդի համար Արցախի մաքուր օդը նպաստավոր էր: Իրեն ավելի հանգիստ էր զգում: Մենք  միայն մի քանի ամիս մնացինք այնտեղ: Հետո վերադարձանք Էջմիածին: Տարիներն անցան: Բայց մտքովս անգամ չէր անցնում, որ տասնութ տարի անց որդիս Արցախ կվերադառնա որպես զինվոր:

-Տիկի՛ն Գայանե, մտավախություն չունե՞ք, որ Ձեր որդին զորացրվելուց հետո միտքը կփոխի և կիսատ կթողնի ուսումնառությունը:

-Եթե տեսած լինեիք, թե նա ինչ խանդավառությամբ էր օրը տասը ժամ պարապում կոնսերվատորիա ընդունվելու համար, ինձ այդ հարցը չէիք տա,-ժպտում է զինվորի մայրը, ապա շարունակում:- Անշուշտ, մտավախություն միշտ էլ կա: Բայց որոշումն իրենն էր: Մենք կարծում էինք, որ ավելի լավ կլիներ ավարտեր կոնսերվատորիան, դառնար մասնագետ, հետո գնար ծառայության: Բայց նա կտրականապես դեմ էր այդ տարբերակին: Ասում էր, որ ուզում է իր տարիքի տղերքի հետ ծառայել: Մինչ զորակոչվելը շատ ենք քննարկել հարցը: Եվ Արտավազդը միշտ պնդում էր, որ կծառայի, հետո կսովորի: Մեզ  մնում էր միայն համակերպվել:

-Ձեր որդին ջութակահար է: Պաշտում է գործիքն ու մասնագիտությունը: Արվեստին մոտ մարդիկ ապրում են դրանով: Ինպե՞ս է կարողանում հաղթահարել դժվարությունները զորամասում առանց երաժշտության:

ՆՎԻՐՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ…-Արտավազդն ավարտել է Էջմիածնի Մ.Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցը: Նրա ուսուցչուհին՝ Փառանձեմ Մելիքյանը, միշտ ասում էր, որ երաժշտությունը Արտավազդի հոգում է, և նա երկար ճանապարհ ունի անցնելու: Ինչ խոսք, Արտավազդն ապրում է երաժշտությունն իրենը համարելով: Բանակում էլ տղաս գտավ իր տեղը: Ասեմ ավելին, նա հիմա առավել քան մոտ է իր մասնագիտությանը. զորամասի նվագախմբում է ծառայում: Բանակն ավելի արհեստավարժ կդարձնի Արտավազդին: Նույնիսկ իր սիրելի ջութակն ենք ուղարկել զորամաս:

-Վստահ եմ՝ տեղյակ եք, որ բուռն քննարկումներ եղան տարկետման իրավունքի սահմանափակման հետ կապված: Որպես ծնող, որի որդին կիսատ թողնելով ուսումը մեկնել է ծառայության, ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցում:

-Ինձ համար դժվար է օբյեկտիվ կարծիք հայտնել: Որդիս ավելի լավ էր հասկանում պահի կարևորությունը: Հիմա ես էլ եմ կարծում, որ տղաս իրավացի էր: Սովորողը սովորում է, չսովորողը՝ ոչ: Արտավազդին որ հարցնես, ասում է. «Լավ է, ամեն ինչ լավ է: Պարապում ենք, մա՛մ ջան: Մեկ-մեկ էլ ջութակ եմ նվագում»: Ինձ համար արդեն հանգստություն է, որ նա մոտ է գործիքին, երաժշտությանը: Կրթությունը կարևոր է: Բայց բանակն էլ է կրթում: Դաստիարակում է դեռահաս երիտասարդին, դարձնում հասուն, հաստատակամ:

-Իսկ տարկետո՞ւմը:

-Տարկետման հետ կապված միանշանակ կարծիք հայտնել չեմ կարող: Իմ որդու պարագայում՝ ծառայել, հետո շարունակել ուսումը, ավելի ճիշտ է: Իսկ հարցին ուրիշի տեսանկյունից նայելով՝ գուցե այլ պատասխան տայի: Գիտեք, կարծում եմ, որ օրենքի մեջ փոփոխություն կատարել-չկատարելը ավելի համընդգրկուն հարց է: Մասնավորեցնելը սխալ եմ համարում: Եթե մեր երկրի անվտանգության պահպանման համար պետք է բոլորը ծառայեն, հետո վերադառնան, շարունակեն ուսումը, ուրեմն պետք է համակերպվել և շարժվել օրենքով: Մանավանդ, որ պաշտպանության նախարարությունը այլընտրանքային տարբերակներ էլ է առաջարկում:

-Դուք նկատի ունեք «Պատիվ ունեմ» ծրագի՞րը:

-Ես առաջարկում եմ ուսումնասիրել նախարարության ծրագրերը և կատարել ճիշտ ընտրություն: Եթե որդիս թողել է կոնսերվատորիան և հասել Արցախ՝ հայրենիքին պարտքը տալու, նշանակում է, մնացած երիտասարդներն էլ կարող են նույն կերպ վարվել: Օրենքը հավասար է բոլորի համար: Եթե բուհ ընդունված երիտասարդը ուզում է ավարտելուց հետո զորակոչվել, ուրեմն պիտի հինգ տարի ծառայի հայրենիքին որպես սպա: Լավ տարբերակ է, կարծում եմ:

…Մի քանի ամիս առաջ ենք եղել Արտավազդի մոտ: Ամեն անգամ նույն զգացողությունն եմ ունենում Արցախում: Սկզբում թվում է՝ շնչահեղձ կլինեմ: Լավ հիշողությունները տակնուվրա են անում ինձ: Հետո հանդարտվում եմ, խաղաղվում: Որդուս զինվորի համազգեստով տեսնելուց հուզվում եմ: Նրա դասախոս Վյաչեսլավ Պետրոսյանը Արտավազդի բանակ գնալուց առաջ ասել էր. «Գնա՛, ծառայի՛: Հետ կգաս և ամբողջ կյանքդ կնվիրես մասնագիտությանդ: Սա կլինի քո նվիրումը հայրենիքին»: Իսկապես, որդիս կատարել է իր ընտրությունը: Նրա գործը հայրենիքին նաև երաժշտությամբ ծառայելը  կլինի:

 

ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ

Խորագիր՝ #04 (1226) 31.01.2018 - 6.02.2018, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն


31/01/2018