2017թ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ
Հունվարի 24-ին 4-րդ զորամիավորումում ամփոփվեց 2017թ. ուսումնական տարին: Ռազմական խորհրդի նիստը բացեց բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը, նշելով, որ այն առանձնահատուկ է, քանի որ հունվարի 22-ից զորամիավորումում է Մայր Աթոռի ջրօրհնյաց Սուրբ խաչը, որը պտտվել է զորամասերով, մարտական դիրքերով: Սուրբ խաչի նշանակությունը ներկայացրեց զորամիավորման հոգևոր սպասավոր Տեր Գալուստ քահանա Սահակյանը: Նա նշեց, որ եզակի իրադարձություններից է, որ պաշտպանության նախարարը լինելով խաչքավոր, որոշում է կայացրել, որ Խաչը գտնվի զորամասերում` լրացուցիչ ուժ և կորով հաղորդելով հայոց զորքին: Շարունակելով նիստը, հրամանատարը ներկայացրեց զորամիավորումում վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած կադրային փոփոխությունները, շնորհավորեց նոր պաշտոնների նշանակված սպաներին` վստահ, որ նոր վստահված պաշտոններում նրանք կանեն ամեն հնարավորը՝ թափ հաղորդելու համար մարտական պատրաստության գործընթացին: Նիստին մասնակցում էին նաև իրավապահ մարմինների ղեկավարները:
Գնդապետ Վ. Քոչարյանը ներկայացրեց ուսումնական տարվա զորամիավորման մարտական և զորահավաքային պատրաստականության վիճակը, զորքերի օպերատիվ և շտաբների պատրաստության, մարտական կիրառման խնդիրները, մարտական հերթապահության վիճակը: Մանրամասնեց ծառայությունների աշխատանքները, տարվա ընթացքում ձեռք բերած հաջողությունները, դեռևս առկա խնդիրները, տեղ գտած թերությունները:
Զորամիավորման հրամանատարը ներկայացրեց նաև մարտական պատրաստության վիճակը: Նա ըստ զորամասերի մանրամասնեց ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքները, շեշտեց զորամասերում տեղ գտած թերությունները, առկա խնդիրները, նշեց լավագույն ստորաբաժանումները և ծառայողական պարտականությունների կատարման մեջ աչքի ընկած զինծառայողների անունները:
Գնդապետ Քոչարյանը կարևորելով զինվորական կարգապահության և դաստիարակության հարցերը` ներկայացրեց զորամիավորման բարոյահոգեբանական, զինվորական դաստիարակության և կարգապահության վիճակը: Նշեց այն միջոցառումները, որոնք իրագործվել են անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բարձրացելու և ամրապնդելու ուղղությամբ: Ըստ հրամանատարի` արձանագրված դրական տեղաշարժը դեռևս գոհացուցիչ չէ, անելիքները շատ են և պահանջում են ամենօրյա նպատակաուղղված աշխատանք: Հիմնական ուշադրությունը, ելնելով առկա խնդիրներից, անհրաժեշտաբար պետք է դարձնել պայմանագրային զինծառայողների հետ տարվող աշխատանքներին:
Գնդապետ Վ. Քոչարյանը ամփոփելով ռազմական խորհրդի նիստը՝ նշեց, որ բանակային զորամիավորումում թեև արձանագրվել է առաջընթաց, այնուամենայնիվ, տեղ են գտել այնպիսի բացթողումներ, որոնք էականորեն ազդել են որոշ ծառայությունների հստակ կազմակերպման վրա:
Բանակային զորամիավորման հրամանատարը տարվա ամփոփումն ավարտեց խրախուսման արարողությամբ. մի շարք զինծառայողներ պարգևատրվեցին պատվոգրերով, կրծքանշաններով, արժեքավոր նվերներով և միանվագ դրամական բավարարմամբ: Կայազորի պետի կողմից խրախուսման արժանացան նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներ՝ համատեղ և բարեխիղճ ծառայության համար: Տարին հայտարարվեց «Պաշտպանունակության և զինվորական կարգապահության ամրապնդման տարի»:
4-րդ զորամիավորման թղթակցական կետ
Խորագիր՝ #04 (1226) 31.01.2018 - 6.02.2018, Ազգային բանակ