Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՈՍՔ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ



ԽՈՍՔ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻՀայոց բանակի քաջարի զինվորներ, պարոնայք սպաներ, հրամանատարներ, եղբայրներ, մեր սիրելի աշակերտներ, շնորհավորում ենք ձեզ Հայոց բանակի կազմավորման 26-ամյակի կապակցությամբ: Հպարտ ենք, որ կարողանում եք անառիկ պահել մեր հայրենիքի սահմանները եւ թույլ չտալ թշնամուն ոտնձգություններ անել:

Անկախ Հայաստանի Հանրապետության բանակի զինվոր լինելը մեծ պատիվ ու պատասխանատվություն է: Հայրենիքին ծառայելը յուրաքանչյուրիս սուրբ պարտքն է: Տարիներ շարունակ Արմավիրի մարզի Ապագա գյուղի միջնակարգ դպրոցի սաները (արմատներով՝ սասունցի) մեծ նվիրումով են ծառայել Հայոց բանակում: Այսօր էլ Հայոց բանակի շարքերն են համալրել եւ իրենց պարտքն են կատարում Հուսիկ Սարգսյանը (խրախուսանքի է արժանացել ՀՀ նախագահի կողմից), Կարեն Ասատրյանը, Արմեն Մարկոսյանը, Արման Հովհաննիսյանը, Ռազմիկ Մանուկյանը, Տիգրան Սաֆարյանը, Ավետ Ուսոյանը, Գեւորգ Ղուկասյանը, Մանուկ Մարգարյանը, Հրաչյա Նազարյանը, Էդգար Մելիքյանը:

Ծառայության ընթացքում նրանք առաջնորդվում են իսկական հերոսի՝ իրենց համագյուղացի, Ապրիլյան պատերազմում անձնազոհությամբ իր 25 զինվորների կյանքը փրկած կապիտան  Հովսեփ Կիրակոսյանի կերպարով:

Շնորհավորում ենք, հա՛յ ժողովուրդ, Սփյուռք, Արցախ: Հայոց բանակը մեր անվտանգության երաշխիքն է, դարերի մեր երազանքը:

Խոնարհվում ենք  նրանց առջեւ, ովքեր ծնունդ են տվել Հայոց բանակին, խնկարկում ենք նրանց հիշատակը, ովքեր սեփական կյանքն են տվել հայրենիքին: Հպարտանում ենք ու միեւնույն ժամանակ աղոթում Հայաստան աշխարհի խաղաղության համար, աղոթում ենք քեզ համար, հա՛յ զինվոր, որ պատվով ծառայես ու փառքով տուն դառնաս, որ դհոլ-զուռնան հնչի քո վերադարձին, որ մորդ աչքերը լցվեն միայն ուրախության արցունքներով, որ ավանդական «Քոչարին»  կրկին հավաստի հայի ուժի եւ ոգու անպարտելիության մասին:

 

Արմավիրի մարզի Ապագա համայնքի միջնակարգ դպրոցի

մանկավարժական կոլեկտիվ

Խորագիր՝ #04 (1226) 31.01.2018 - 6.02.2018, Բանակ և հասարակություն


31/01/2018