Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԱՎԱԳՈՒՅՆԸ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ



Բացվել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը

 

ԼԱՎԱԳՈՒՅՆԸ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆՀայկը, Դավիթը, Դանիելը, Ավետիսը, Շահենը, Ալբերտը… մեր մյուս տղաները Ապրիլյան պատերազմի ժամանակ ամենածանր վիրավորում ստացած զինծառայողներից են: Նրանք անցել են վիրահատությունների, վերականգնողական բուժման ծանր շրջանն ու շարունակում են պայքարը կորցրած առողջությունը վերականգնելու, լիարժեք կենսակերպի վերադառնալու համար: Ապրելու հույսից մինչև ապաքինվելու հնարավորություն՝ այսպես կարելի է բնութագրել նրանց համար նոր իրողությունը: Երևանի կենտրոնում՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում (Երևանի առաջին քաղաքային հիվանդանոց)՝ բացվեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը: Բացմանը ներկա էր նախագահ Սերժ Սարգսյանը: Նա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և մի շարք բարերարների ուղեկցությամբ շրջեց վերականգնողական կենտրոնում, ծանոթացավ ընդամենը մի քանի ամսում կատարված աշխատանքներին, նաև կենտրոնի զարգացման հետագա ծրագրերին: Նախագահը զրուցեց կենտրոնում արդեն իսկ իրենց վերականգնողական բուժումն ստացող հայրենիքի պաշտպանների հետ:

Զինհաշմանդամների վերականգնողական բուժման նոր մասնագիտական կենտրոնն ստեղծվել է Երևանի պետական բժշկական համալսարանի և պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում՝ Հանրապետության նախագահի աջակցությամբ և բազմաթիվ բարերարների ու անհատ քաղաքացիների կողմից տրամադրված միջոցների շնորհիվ: Այս գործում իր կարևոր ներդրումն է ունեցել «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Մինասյանը:

Ապրիլյան պատերազմից հետո մարտական գործողությունների ժամանակ վիրավորված զինվորների  բուժումն արտերկրում կազմակերպելու անհրաժեշտություն կար, քանի  որ  Հայաստանում գործող վերականգնողական կենտրոնները  համապատասխան հագեցվածություն չունեին: Մասնագետները կամավորական սկզբունքով զինվորական հոսպիտալ գնացին, սկսեցին աշխատել վիրավոր զինվորների հետ: Շատերի համար զարմանալի արդյունքներ գրանցեցին: Նման արդյունքներն օրակարգային դարձրին Հայաստանում հատուկ զինհաշմանդամների համար նախատեսված վերականգնողական կենտրոնի հիմնումը, ինչի շնորհիվ հնարավոր կլիներ շատ դեպքերում կանխել հաշմանդամության առաջացումը: Գաղափարն աստիճանաբար իրականություն դարձավ համաժողովրդական ջանքերով, ճիշտ այնպես, ինչպես մեկ դար առաջ 1-ին հիվանդանոցը: Աշխատանքները նոր թափ ստացան, երբ ծրագրին ծանոթացավ և համապատասխան հանձնարարականներ տվեց հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ կենտրոնը պետք է դառնա զինհաշմանդամների բուժման, սոցիալական պաշտպանության և վերաինտեգրման միասնական հասցե:

ԼԱՎԱԳՈՒՅՆԸ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆԱմիսներ առաջ սկսվեց շենքի վերանորոգումը: Անհրաժեշտ գումարի առաջին մասը՝ 5 միլիոն դրամը, հենց զինվորները հավաքեցին «Բացիկ զինվորից» բարեգործական ակցիայի շրջանակում: Այնուհետև սկսվեցին հանգանակությունները, նվիրատվությունները: Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը կոչ արեց նախկին շրջանավարտներին որոշակի գումար նվիրաբերել ընդհանուր գաղափարի իրագործմանը: Ինքն էլ իր կատարած մի քանի վիրահատության գումարը հատկացրեց: Համընդհանուր ջանքերով գաղափարն իրականություն դարձավ, և հունվարի 29-ին Հայրենիքի պաշտպանի «տունը» բացեց իր դռները: Առաջին հարկում ջրային միջամտությունների համար նախատեսված ծառայություններն են, նաև երկու լողավազան, մեկը՝ հենասայլակներով հաշմանդամների համար: Երկրորդ հարկում մասնագետների սենյակներն են և մարզասրահները: Երրորդ և չորրորդ հարկերում հիվանդասենյակներն են: Հերթագրման հատուկ կարգ է մշակվել՝ հաշվի առնելով, որ ցանկացողների թիվը կարող է մեծ լինել: Այն պետք է լինի բացարձակ արդար և թափանցիկ: Կենտրոնը կարող է ընդունել մինչև 30 ստացիոնար հիվանդների, այդքան էլ ամբուլատոր հիվանդների, որոնք չեն գիշերելու կենտրոնում: Վերականգնողական համալիրն առաջին հերթին զինհաշմանդամների համար է, բայց այստեղ կարող են բուժում ստանալ նաև մարդիկ, ովքեր դրա խիստ անհրաժեշտությունը կունենան:

Ինչպես նշեց ԵՊԲՀ ռեկտորը,  կենտրոնը հագեցած է գերժամանակակից, վաղվա օրվա սարքերով, որոնք չափազանց անվտանգ են և արդյունավետ: Դրանք թույլ են տալիս թվայնացված չափագրել հաջողությունները և խնդիրները, ինչը շատ կարևոր է առաջին հերթին բուժվող տղաների համար: Մի մասն արդեն «փորձարկել է» նոր սարքավորումները, ոգևորվել՝ տեսնելով բուժման արդյունավետությունը: Տղաների մոտ ապաքինվելու ցանկությունը շատ մեծ է, և բժիշկները հաճախ ստիպված են զսպել նրանց, քանի որ վերականգնումը հստակ ժամանակացույց ունի, արագացնելը օգուտ չի տա: Նորագույն սարքավորումների թվում Zero-G քայլվածքի և հավասարակշռության համակարգն է, որ քայլելու ունակությունը վերականգնելու լավագույն միջոցներից է: Տարածաշրջանում այս սարքը միակն է: Կենտրոնի բացման օրը այն ներկայացրեց անձամբ սարքի ստեղծողը՝ բժիշկ Ջո Հայվելը:

Անսահման տոկունություն, լիարժեք կյանքի վերադառնալու ձգտում դրսևորող տղաների համար սոցիալական ներգրավվածությունը սկզբունքային նշանակություն ունի: Բուժում ընդունող զինծառայողները շփվելու են իրենց տարեկիցների, ապագա բժիշկների՝ բժշկական համալսարանի ուսանողների հետ: Կենտրոնը նաև հագենալու է նրանց համար աշխատանքային հնարավորություններով: Մեկ կարևոր հարց էլ է լուծված՝ բուժում ստացողները կարողանալու են մեկ պատուհանի սկզբունքով իրենց հուզող բոլոր խնդիրների պատասխանը ստանալ՝ սոցիալական, առողջապահական, կրթական ծրագրերի վերաբերյալ և այլն: Նրանք ունենալու են իրենցով զբաղվող համապատասխան գործակալ:

-Վերականգնողական բուժումը աշխարհում ամենաթանկերից է: Մեզ համար գերնպատակ էր, որ մեր մասնագիտացված կենտրոնում բուժումը լինի մատչելի և որակյալ, ինչն էլ շնորհիվ մեր բարերարների և բժիշկների հաջողվեց իրականացնել: Վստահ կարող եմ ասել, որ Հայրենիքի պաշտպանի կենտրոնում ամենաորակյալ, հասանելի և մատչելի բուժումն է կազմակերպվելու զինվորական հաշմանդամների համար,-նշեց Արմեն Մուրադյանը: Նաև հավելեց.

-Այն վնասվածքները, որոնց բուժումը նախկինում իրականացվում էր արտասահմանյան կլինիկաներում, այսօր արդեն կկազմակերպենք եւ կիրականացնենք մեր կենտրոնում: Հայաստանում արդեն կան համապատասխան պայմաններ, գործում է նույն սկզբունքը, ինչն արտերկրի լավագույն կլինիկաներում գործում է մի մթնոլորտում, որ հագեցած է գթասրտությամբ և ուշադրությամբ: Կարող են լինել արտերկրում տարբեր վիրահատական միջամտություն պահանջող դեպքեր, բայց վերականգնողական մասով կարող եք հանգիստ լինել. հենաշարժային խնդիրներով զինվորների համար այս կենտրոնն ամբողջովին համապատասխանում է միջազգային չափանիշներին:

 

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #04 (1226) 31.01.2018 - 6.02.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


31/01/2018