Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԿՅԱՆՔՍ ԿՏԱՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ, ՀՈԳԻՍ` ԱՍՏԾՈՒՆ, ՊԱՏԻՎՍ` ԻՆՁ…»



«ԿՅԱՆՔՍ ԿՏԱՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ, ՀՈԳԻՍ` ԱՍՏԾՈՒՆ, ՊԱՏԻՎՍ` ԻՆՁ...»Գյումրիի Մուշ թաղամասում՝ շենքերից մեկի բակում, մի քարե ծառ է վեր բարձրանում՝ գագաթին՝ խաչ, ճյուղերը՝ հատված: Քառօրյա պատերազմում զոհված Գյումրիի յոթ հերոս զավակներին նվիրված այս հուշաքարի  յուրաքանչյուր ճյուղի կտրված հատվածում հերոս տղաներից մեկի անունն է փորագրված՝ Վլադիմիր Մելքոնյան, Վիկտոր Յուզիխովիչ, Հրաչ Գալստյան, Գևորգ Վարդանյան, Տիգրան Աբգարյան, Ալեքսան Առաքելյան և Մերուժան Ստեփանյան… Հունվարի 17-ին ավագ լեյտենանտ, հետախուզական դասակի հրամանատար, գումարտակի հետախուզության պետ Մերուժան Ստեփանյանը կդառնար 25 տարեկան…

 

Այդ օրը հերոսի հայրական տան բակում բազմություն էր հավաքվել. եկել էին հարգանքի տուրք մատուցելու խիզախ հրամանատարի հիշատակին ու սփոփանքի խոսքեր ասելու նրա հարազատներին: Բանակի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը տնօրհնեքի արարողություն կատարեցին Մերուժան Ստեփանյանի տանը:

Արարողությունից հետո Վրթանես սրբազանն ասաց. «Մեզ հետ այսօր Ջրօրհնյաց խաչն է: Այս տարվա հունվարի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար տիար Վիգեն Սարգսյանը եկեղեցու կողմից հռչակվեց տարվա մարդ և, համապատասխանաբար՝ խաչքավոր: Կարգի համաձայն՝ խաչը պետք է մնար խաչքավորի տանը: Սակայն կա մի ավելի մեծ տուն, որ կոչվում է Հայոց բանակ, և խաչն անցավ  Արցախի և Հայաստանի սահմանապահ դիրքերով, օրհնեց նաև Թալիշի՝ տղաների պահած դիրքերը: Այսօր այս տանը օրհնեցինք նաև հերոսի անունը կրող փոքրիկին` նրա քրոջ որդուն: Մենք միշտ մեր աղոթքներում հիշում ենք մեր զոհված հերոսներին, աղոթում ենք նրանց հոգիների համար: Այնտեղ՝ վերին արքայությունում, հզոր հոգևոր բանակ ունենք. մեր սուրբ նահատակներին միացել են մեր հրաշալի հերոսները, որոնց եկեղեցին սրբադասել է: Սովորաբար մարդիկ են գնում խաչի մոտ: Այս անգամ խաչն է գնում սահման` զինվորի մոտ, և նրանով օրհնվում են մեր զինվորի բազուկը, միտքն ու հոգին»:

«ԿՅԱՆՔՍ ԿՏԱՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ, ՀՈԳԻՍ` ԱՍՏԾՈՒՆ, ՊԱՏԻՎՍ` ԻՆՁ...»Խաչը շրջելու է ՀՀ բոլոր մարզերով, օրհնելու է սահմանը պահող կարևորագույն հենակետերը և վերադառնալու է խաչքավորի տուն,  որտեղ տնօրհնեքի արարողությունից հետո այն կվերադարձվի Մայր Աթոռ Սբ. Էջմիածին:

Միջոցառման մասնակիցներն այնուհետև տեղափոխվեցին Գյումրիի դրամատիկական թատրոնի` Մհեր Մկրտչյանի անվան փոքր դահլիճ, որտեղ կայանալու էր Մերուժան Ստեփանյանի 25-ամյակին նվիրված հուշ-երեկոն:

Բեմից ներկայացնում են հերոսի ապրած կարճ, բայց իմաստալից կյանքը: Ծնվել է 1993 հունվարի 17-ին, Գյումրի քաղաքում: Միշտ աչքի է ընկել զսպվածությամբ, համեստությամբ ու անսահման բարությամբ: 1993-2009թթ. սովորել է Գյումրիի թիվ 42 միջնակարգ դպրոցում: Մերուժանի բաղձալի երազանքն էր զինվորական հոր ուղին շարունակելը: Բազմակողմանի շնորհներով էր օժտված՝ նկարում էր, երգում, նվագում շվիի, կիթառի վրա, զբաղվում էր սպորտով, սակայն զինվորականի մասնագիտության հանդեպ մեծ սերը նրան ի վերջո տարավ զինված ուժեր: Մերուժանն ընդունվեց Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան, որտեղ սիրված ու հարգված էր բոլորի կողմից: Ավարտելուց հետո ծառայության անցավ Արցախի Հանրապետության սահմանամերձ զորամասում` որպես մոտոհրաձգային դասակի հրամանատար: 2015 թ. մայիսից զբաղեցնում էր գումարտակի հետախուզական դասակի հրամանատար-գումարտակի հետախուզության պետի պաշտոնը: Ստացած խրախուսական պարգևները բազմաթիվ էին:

2016 թ. ապրիլի 2-ին մարտական հերթապահության էին: Այդ օրը Մերուժանի դասակին վիճակված էր ետ մղել ադրբեջանցի հատուկջոկատայինների առաջին հարվածը:  Թշնամին  մոտ 40 մարդկային կորուստ ունեցավ, բայց շարունակում էր զարգացնել հարձակումը՝ նպատակ ունենալով հասնել Մարտակերտ ու Սարսանգի ջրամբար: Մինչեւ վերջին վայրկյանը կռվեց և անհավասար մարտում զոհվեց հերոս հրամանատարը՝ իր երեք զինակիցների հետ: Դասակի մյուս տղաները, որոնք վիրավոր էին, ստիպված նահանջել էին: Մերուժան Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի և Արցախի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով և ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով:

«ԿՅԱՆՔՍ ԿՏԱՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ, ՀՈԳԻՍ` ԱՍՏԾՈՒՆ, ՊԱՏԻՎՍ` ԻՆՁ...»Զինվորական համազգեստով կիթառներով բեմ դուրս եկած երիտասարդները` Ռաֆայել և Գրիգոր Կյուրեղյանները, Մերուժանի քույրերից մեկի որդիներն են: «Թռչեի մտքով տուն, ուր իմ մայրն է արթուն»,- երգում են` հայացքներով որոնելով հերոսի մորը՝ Նունեին ու կարծես ոգևորելով նրան. «Մա՛մ ջան, չտխրես, շատ չմտածես, կռվի ենք գնում ախպերս ու ես…»:

Բեմ են բարձրանում Գյումրիի թիվ 23 դպրոցի սաները. յուրաքանչյուրի սպիտակ շապիկին Մերուժանի լուսանկարներից  մեկն է. մեկում` կիթառը ձեռքին, մյուսում` հպարտությամբ կրում է իր սպայական ուսադիրները… Երեխաները ոգեշունչ արտասանեցին, պարեցին, դրվատանքի ու շնորհակալության խոսքեր ուղղեցին իրենց հերոսին: Հանդես եկան սիրված երգիչներ Դավիթ Ամալյանն ու Լեյլա Սարիբեկյանը: Արցախյան ազատամարտի մասնակից Դավիթ Ամալյանը նաև խոսք ուներ ասելու. «20 տարի առաջ, երբ մեր մարտական ընկերների հերթն էր, մեր զոհված,  դեռևս չամուսնացած ընկերների հիշատակին՝ որպես մխիթարանք, այսպիսի մի կենաց էինք ասում. «Սա այն սերմն է, որ կյանքին դեռևս պտուղ չի տվել, բայց հողին ավելի մեծ պտուղ` կյանք է տալու»: Սա դատարկ փիլիսոփայություն չէր, որովհետև այդ պտուղը մենք բոլորս տեսանք քառօրյայում, երբ պայքարի ելան Արցախյան առաջին ազատամարտում զոհված տղաների ոգու սերմերը. ես իրենց ցավը տանեմ»:

Ամեն անգամ, երբ զրուցում եմ մեր հերոսների ծնողների հետ, զարմանում եմ՝ որքան պարզ ու լուսավոր մարդիկ են: Նրանց միջոցով անմիջապես լույս է սփռվում որդիների հերոսության առեղծվածի վրա… Հերոսի մայրը՝ Նունե Ստեփանյանը, պատմում է. «Փոքրուց միշտ ստեղծագործող է եղել, անհանգիստ, պրպտող… Գնդակ չուներ, մտածեց, կողմնորոշվեց. թղթերը ճմրթեց, ինչ-որ կտորների մեջ փաթաթեց, իր ձեռքով կարեց-կարկատեց, ու գնդակը պատրաստ էր: Գլորում էր` ինքն իրեն ցածրաձայն մտորելով` «Ես ֆուտբոլիստ եմ դառնալու»: Քիչ անց փոխում էր միտքը` «Չէ՛, զինվորական կդառնամ»…

«ԿՅԱՆՔՍ ԿՏԱՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ, ՀՈԳԻՍ` ԱՍՏԾՈՒՆ, ՊԱՏԻՎՍ` ԻՆՁ...»Ես ու հայրը կողմ չէինք նրա ընտրությանը: Հայրը նստեցնում, բացատրում էր զինծառայության դժվար կողմերը: Լսում, լսում էր ու գլխով անում: Բայց, գիտեինք՝  մտքում արդեն այլ բան էր որոշել, ու ինքն իրեն էր համաձայնության նշան անում: Մի քայլ կաներ, կվերջացներ, հետո կասեր, որ արել է: Այսպես էլ որոշեց հետախույզ դառնալ: Հրամանը եկավ, նոր մեզ տեղյակ պահեց. «Մա՛մ, պա՛պ, գիտե՞ք, արդեն մոտոհրաձիգ չեմ, հետախույզ եմ: Այդպես ավելի ճիշտ է»:

…Նախքան աղջկաս որդու՝ Մերուժանի ծնվելը, Մերուժս երազումս եկավ` շատ ուրախ, սովորության համաձայն` ժպիտը դեմքին: Փաթաթվեց ու ասաց. «Մա՛մ, ինձ սխալ էիր լույս աշխարհ բերել: Ես հետ կգամ: Չմտածես, անպայման հետ կգամ»: Բայց և զգուշացրեց, որ իմ տխրությունը ոչ մեկին ցույց չտամ: Հետո թոռնիկս ծնվեց: Շատ զուգադիպություններ կան: Ձախ ոտքի վրա Մերուժանս մեծ սև խալ ուներ: Փոքրիկ Մերուժանը` թոռնիկս, աջ ոտքի նույն տեղում նման խալ ունի: Մերուժանս իր ծննդյան երկամյակի նախորդ օրն ընկավ, գլուխը կոտրեց: Նույն բանը պատահեց թոռնիկիս  ծննդյան երկամյակի նախորդ օրը: Նույն համառությունը, խոսքը առաջ տանելը լրիվ այս փոքրիկիս մեջ կա:

Մի անգամ զանգեց, ասաց. «Մա՛մ,  գիտե՞ս, այսօր երազումս մահացել էի, ու վերևից նայում էի, թե դու ոնց ես տանջվում: Քո լացի ձայնից վեր թռա»: Ասացի. «Բալե՛ս, լավ երազ ես տեսել, նշանակում է` երկար կապրես»: Մտքերի մեջ` պատասխանեց. «Եսի՞մ»: Հարսնացուին ասել էր. «Զա՛ռ, մենք կամուսնանք, ես Մատաղիսում տուն կունենամ, դու պապայիս ու մամայիս հետ միասին կապրես: Պատերազմ կլինի, ես Թալիշում կմեռնեմ, բայց դուք կփրկվեք»:

Այդ չարաբաստիկ օրը՝ առավոտյան, երբ հետը խոսեցի, ասացի. «Իմացել եմ, որ պատերազմ է»: Ասաց. «Մա՛մ, այսքան ժամանակ ես քեզ խաբե՞լ եմ: Հիմա էլ հավատա: Պարզապես դիվերսիա է եղել»: Հետո, թե՝ «Մա՛մ, նկարել եմ, թե քանի լեշ եմ փռել»: Ես էլ ասացի` «Բալա՛, ախր դրանցից ամեն մեկը մի ծնողի երեխա է, մեղք է»: «Կուզեիր՝ ես իրենց տեղում լինեի՞: Իրենք էին եկել, ո՞նց չխփեինք»: Ժամը հինգից քսան պակաս նորից զանգեցի: Բարկացած խոսեց. «Ինչո՞ւ ես զանգել»: Ասացի` «Ուզում էի ձայնդ լսել»: Ասաց. «Կախի՛, էլ չզանգե՛ս, դու քեզ լավ կնայես»:  Քսան րոպե անց տղաս արդեն չէր լինելու»:

«ԿՅԱՆՔՍ ԿՏԱՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ, ՀՈԳԻՍ` ԱՍՏԾՈՒՆ, ՊԱՏԻՎՍ` ԻՆՁ...»Փորձում եմ ցրել մորը տանջող մտքերը՝ «Կպատմե՞ք իր կյանքից մի ուրախ դեպք»: «Ուրախ պահեր շատ-շատ են եղել:  Ընդհանրապես, շատ ուրախ մարդ էր Մերուժանս: Հիշում եմ, թե ինչ ուրախ էր իր նշանադրության օրը: Ամեն րոպե զանգում էր: Նշանդրեքի համար ինչ գնում էինք, նկարում, ուղարկում էի: Ոգևորվում էր: Երբ կարողացավ գալ, գնացինք, կոստյում գնեցինք: Այդ օրը ուր մտնում էինք` հորաքրոջ, տատիկի տուն, չէր ալարում, հագնում, ցույց էր տալիս. «Տեսեք` լավ փեսա կլինե՞մ, թե՞ չէ»: Նշանադրության օրը, երբ Շուշի հասանք, խորը ձյուն էր դրել: Հնարավոր չէր աղջկա տանը մոտենալ: Վերցրեց ծաղկեփունջն ու ասաց. «Մա՛մ, էլ ի՞նչ սպասենք, ես գնացի: Դուք երբ կհասնեք, կհասնեք»:  Մինչև հասանք, ինքը մի կերպ ձյուների միջով նշանածի տուն էր հասել: Արդեն լիքը լուսանկարներ էր արել, ցույց էր տալիս, հրճվում»:

Սկզբում մտածում էի` «Ղարաբաղցի աղջիկ է, բա որ իրար չհասկանա՞նք»: Հանգստացնում էր. «Մա՛մ, ինքը մեր լեզվով շատ լավ խոսում է: Համ էլ, շատ լավ աղջիկ է, մի՛ անհանգստանա»: Եվ իրոք յուրահատուկ աղջիկ է: Մինչև հիմա կապը պահում ենք: Մեր Զարինեն… Երբ էլ գնամ Արցախ, մինչև իրեն չհանդիպեմ, ետ չեմ գա: Ոնց որ իմ մեջ Մերուժս խոսի ու ասի` «Մա՛մ, ինքը քո աղջիկն է»: Զարինեն էլ հետը` երեք աղջիկ ունեմ:

Անընդհատ զրույցի մեջ եմ որդուս հետ: Դեկտեմբերին Մատաղիս գնացինք՝ մատուռի բացմանը, խնդրեցինք, որ մեզ տանեն հետախուզական դասակի զինվորների մոտ: Մտքումս խոստացել էի Մերուժանիս. «Անպայման տղերքիդ կհանդիպեմ»: Հանդիպեցինք, զրուցեցինք` էրեխեքիս պես: Տղայիս սիրած բոլոր ուտելիքներից տարել էի: Այդ գիշեր երազումս էնքան ուրախ էր տղաս, էնքա՜ն գոհ: Զինվորական համազգեստով պտտվում էր շուրջս, փաթաթվում, համբուրում, ոգևորված ինչ-որ բաներ ասում…»:

Պատմում է քույրը` Մանիկը.

«Եղբայրս քսաներեք տարեկանում զոհվեց… Բալիկս՝ կրտսեր Մերուժանը, մայիսի 23-ին ծնվեց: Շատ, շատ ուրախ եմ ու Ճակատս պարզ ման եմ գալիս, որ նրա պես եղբայր եմ ունեցել: …Եղբորս հետ կապված հիշողություններս շատ շատ են ու միայն դրական: Ապագա ամուսինս եղբորս հետ էր սովորում. չորրորդ կուրսում էին: Աշխատանքից գնում էի ռազմական ինստիտուտի մոտ, երեքով տուն էինք գալիս: Երբ ապագա ամուսինս հայտնեց իր զգացմունքները, ասացի՝ «Եթե նույնիսկ ծնողներիս հետ էլ չխոսես, անպայման եղբորս հետ խոսի՛ր»:

«ԿՅԱՆՔՍ ԿՏԱՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ, ՀՈԳԻՍ` ԱՍՏԾՈՒՆ, ՊԱՏԻՎՍ` ԻՆՁ...»Մանիկի ամուսինն այժմ ծառայում է: Ապրիլյան քառօրյայից առաջ հոսպիտալում էր. դիրքերում ականի պայթյունից ցնցահարված էր ստացել: «Հիմա էլ չեմ հավատում, թե եղբայրս չկա: Դեպքեր են լինում, որ եղբորս եմ դիմում, հույսս իր վրա եմ դնում: Թե՛ երեխաներիս հիվանդանալու դեպքում, թե՛ մի այլ նեղության մեջ` Աստծուն ու իրեն… զուգադիպություն է, թե ոչ, բայց էրեխեքը շատ արագ ապաքինվում են, գործերը հաջողվում են: Հավատում եմ, որ նա մեր ընտանիքի պահապան հրեշտակն է…»:

Վարդան Վասիլյանը ծառայել է ստորաբաժանումներից մեկի ճաշարանում` որպես խոհարար, Մերուժան Ստեփանյանի զինվորն է եղել.

«Առաջին բանը, որ հիշում եմ Մերուժանի մասին մտածելիս, նրա պայծառ ժպիտն է: Միասին շատ դժվար պահեր  ենք ապրել, բայց նա իր ներկայությամբ միշտ ուրախություն էր բերում:  Ամենից շատ հարգել եմ նրա ազնվությունը: Նրա զինվորն եմ եղել, բայց իմ ավագ ընկերն էր: Նրա զինվորներից որին հարցնեք, նույնը կասեն: Զորացրվել էի ապրիլյան դեպքերից ինն ամիս առաջ: Առաջինը հենց իր մահվան լուրն առա… Նրա հետ կապված ինչ էլ հիշեմ, հիմա ինձ ցավ է պատճառում…»:

…Միջոցառման ավարտին բեմում տեղադրված էկրանին՝ որպես ավարտական կադր, հայտնվեց դեռևս կուրսանտ Մերուժանը, որ Վազգեն Սարգսյանի անվան համալսարանի բեմից ինքնամոռաց երգում էր. «Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս՝ Աստծուն, պատիվս` ինձ, զենքս՝ որդուս, իսկ սերս մայրերին կտամ…»:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #05 (1227) 07.02.2018 - 13.02.2018, Բանակ և հասարակություն, Ճակատագրեր


07/02/2018