Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ



ԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ2018թ. հունվարի 30-ին 5-րդ զորամիավորման ղեկավարության եւ կին զինծառայողների մասնակցությամբ անցկացվեց զինվորական երդման արարողություն:

Այդ օրը երդման յուրահատուկ արարողություն էր շարահրապարակում, քանզի ոչ թե ծնողներն էին հետեւում իրենց զավակների՝ հայրենիքին երդում տալու արարողությանը, այլ զավակներն էին անթաքույց հրճվանքով հետեւում իրենց ծնողների երդմանը:

Նախապես հաստատված պլանի համաձայն՝ պարապմունքներ էին անցկացվել կին զինծառայողների հետ՝ զինվորական երդման նշանակության, հայրենիքին հավատարմության, ընկերասիրության, զինծառայողի պարտավորությունների եւ իրավունքների վերաբերյալ:

Բացի այդ, մի քանի օր շարունակ կին զինծառայողների հետ անցկացվել էին շարային պատրաստության պարապմունքներ: Հաճելի էր դիտել, թե ինչպես է հայ կին զինվորականը ոգեւորությամբ կատարում շարային վարժությունները՝ ապացուցելով զինվորականի բարձր պատրաստականությունը:

Շնորհավորելով բոլոր երդում տված կին զինծառայողներին՝ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա.Դավթյանը բոլորին մաղթեց բարի ծառայություն եւ խաղաղ երկինք, շեշտեց, որ հայ զինվորական կինը պարտավոր է բարձր պահել համազգեստի պատիվը, ամենօրյա անբասիր ծառայությամբ ապացուցել, որ նույն հաջողությամբ կարող է ծառայել հայ տղամարդու հետ կողք կողքի: Հրամանատարը անդրադարձավ նաեւ մեր փառավոր պատմության հերոսական էջերին, ընդգծեց հայրենասեր հայ կանանց կերպարները, որոնք բոլոր դարերում իրենց կյանքի գնով ապացուցել են, որ հայ տեսակի մեջ արիությունը սեռ չի  ճանաչում: Բարեմաղթանքի  խոսքերից հետո կին զինծառայողները խրոխտ շարային քայլքով եւս մեկ անգամ հաստատեցին իրենց պատրաստականությունը:

5-րդ զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ #05 (1227) 07.02.2018 - 13.02.2018, Ազգային բանակ


07/02/2018