ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ
Հունվարի 30-ին 1-ին զորամիավորման ենթակա զորամասերից մեկում տեղի ունեցավ զինվորական ծառայության անվտանգության ապահովման հավաք-խորհրդակցություն: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության եւ ԶԾԱԱ վարչության պետ, գնդապետ Հայկ Կարապետյանը, զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը, ենթակա ստորաբաժանումների ԶԾԱԱ հանձնաժողովների նախագահները եւ քարտուղարները:
Բացման խոսքում գնդապետ Հայկ Կարապետյանը նշեց, որ զինվորական ծառայության ռիսկերի նվազեցում հնարավոր է արձանագրել միայն զինվորական ծառայության անվտանգության կանոնները պահպանելով, ամուր կարգապահությամբ, համազորային կանոնագրքերով առաջնորդվելով: Նա շեշտեց, որ ԶԾԱԱ արդյունավետությունն ապահովելու համար հանձնաժողովները պետք է վերլուծեն եւ առաջարկներ ներկայացնեն զորամասերի հրամանատարներին՝ զինծառայության անվտանգության ընդհանուր վիճակի, զինծառայության անվտանգությանն սպառնացող վտանգների կանխատեսման, դրանց կանխարգելման գործողությունների, շրջակա միջավայրի անվտանգության ապահովմանն ուղղված գործունեության, մարտական հերթապահության իրականացման, ռազմական տեխնիկայի ու սպառազինության շահագործման ընթացքում, ինչպես նաեւ պարապմունքների ու աշխատանքների ժամանակ անվտանգության ապահովման վիճակի մասին:
Նա կարեւորեց անվտանգության կանոնների իմացությունը, փաստաթղթերի մշակումն ու վարումը, համապատասխան ստուգարքների անցկացումը, կայազորների եւ զորամասերի, հանձնաժողովների համագործակցված աշխատանքը:
Խորհրդակցությունն անցավ հարց ու պատասխանի, ԶԾԱԱ դրույթների ակտիվ քննարկումների մթնոլորտում:
Գնդապետ Հայկ Կարապետյանը զորամիավորման ԶԾԱԱ հանձնաժողովի աշխատանքները գնահատեց բավարար, նշելով, որ անցած ուսումնական տարում զորամիավորումն արձանագրել է մարտական կորուստների շեշտակի նվազում, սակայն, հանձնաժողովների նախագահների անելիքները դեռ շատ են: Հրամանատարների արդյունավետ աշխատանքի եւ աչալրջության շնորհիվ պետք է հասնել զորքերում ոչ մարտական կորուստների կտրուկ նվազմանն ու ընդհուպ՝ բացառմանը, անձնակազմի անվտանգության լիարժեք ապահովմանը:
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
1-ին զորամիավորման լրատվական ծառայություն
Խորագիր՝ #05 (1227) 07.02.2018 - 13.02.2018, Ազգային բանակ