ՄԵՐ ԲԱՆԱԿԸ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՐ
Բերձորի բարձունքի վրա է Արցախյան ազատամարտում զոհված քաջորդիների հուշահամալիրը, որի 3 խոնարհված պատերին 1992-93թթ. Քաշաթաղի տարածքում զոհված 300-ից ավելի հայորդիների անուններն են փորագրված: Այստեղ կանգուն են նաև այլ հուշակոթողներ՝ նվիրված Հատուկ գնդի զոհված տղաներին, Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Շուշիի ազատագրման ժամանակ նահատակվածներին… Հայոց բանակի օրը՝ հունվարի 28-ին, հուշահամալիրում տոնական միջոցառում էր, որին ներկա էին Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, Բերձորի քաղաքապետ Արտյոմ Սարիբեկյանը, շրջվարչակազմի, ուժային և այլ կառույցների ղեկավարներ, աշխատակիցներ, դպրոցականներ, հյուրեր: Հուշակոթողների մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո ներկաներին ողջունեց և տոնական միջոցառումը բացեց շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը: Հայոց բանակի օրվա առթիվ ելույթ ունեցան ու շնորհավորեցին Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, շրջանի զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանը, ՀՀ ԵԿՄ Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Զ. Ըռքոյանը: Ելույթ ունեցողները ևս մեկ անգամ կարևորեցին Հայոց բանակի դերը մեր երկու հանրապետությունների կյանքում, նշեցին, որ միայն հայ զինվորն է պահապանն ու տերը մեր երկրի: Տոնական միջոցառումն ավարտվեց պարգևների հանձնումով: Արցախի նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվեց 2016թ. ապրիլյան պատերազմական գործողությունների մասնակից Էդգար Գևորգյանը: ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի հրամանով շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը և ազատամարտիկ Արմեն Պետրոսյանը պարգևատրվեցին «ԵԿՄ-20 տարի» հուշամեդալով, ազատամարտիկ Քերոբ Մովսեսյանը՝ «Եռասերունդ երկրապահ» հոբելյանական մեդալով: Պարգևները հանձնեց շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը: Մի խումբ ազատամարտիկներ պարգևատրվեցին ԵԿՄ հուշամեդալով և պատվոգրերով, որոնք հանձնեց ՀՀ ԵԿՄ Քաշաթաղի տարածքային բաժանմունքի նախագահ Սեյրան Պողոսյանը: Օրվա ընթացքում տոնական միջոցառումներ կայացան շրջանի տարբեր բնակավայրերում:
Քաշաթաղի շրջանում ձևավորվել է բարի ավանդույթ. յուրաքանչյուր տարի, Հայոց բանակի օրվա առթիվ, իրենց պահապան-զինվորների համար նվերներ են պատրաստում տարբեր դպրոցների աշակերտներ: Այս անգամ նվերներ էին պատրաստել շրջկենտրոն Բերձորի թիվ 1 և 2 միջնակարգ դպրոցների աշակերտները, մանկապարտեզի սաները:
Տոնական միջոցառումից հետո նրանց նվերները հասցրինք սահմանը հսկող մեր զինվորներին: N զորամասի հերթապահ, ավագ լեյտենանտ Ներսես Ներսիսյանը դիմավորեց մեզ և սիրով ընդունեց աշակերտների ուղարկած նվերները: Նշեց, որ առավել ոգևորիչ են երեխաների գրած նամակները, նրանց նկարները:
Ավագ լեյտենանտը 2014թ.-ին ավարտել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և ծառայության անցել այս զորամասում, վաշտի հրամանատար է: Սիրում է իր գործը և հայրենիքին ծառայելը համարում է պատվի գործ ու սրբազան պարտականություն: Նույն վաշտի զինվորները, ովքեր ընդունեցին նվերները, գոհ էին իրենց հրամանատարից: ՀՀ Շիրակի մարզի Բերդաշեն գյուղից է Տիգրան Աղայանը, նա դեռ մեկուկես տարի պետք է ծառայի: Նոր էր իջել մարտական հենակետից: Չի դժգոհում, հետաքրքիր է եղել հերթափոխը: Նրա զինակից ընկեր Նարեկ Հայրումյանը Սևանի Լճաշեն գյուղից է եկել ծառայության: Մնացել է մեկ տարի, որ տուն վերադառնա: Գոհ է ծառայությունից: Հարություն Սմբատյանը բանակ է զորակոչվել Քաշաթաղի շրջանի զինկոմիսարիատից: Ուրախացավ՝ տեսնելով, որ հարազատ կրթօջախի սաներն են նվերներ ու նամակներ ուղարկել: Զորամասի ինժեներական ծառայության պետ, մայոր Տարոն Պողոսյանի ուղեկցությամբ այցելեցինք նաև մարտական հենակետեր, ծանոթացանք առաջնագծում կանգնած մեր զինվորների առօրյային, զրուցեցինք նրանց հետ: Բոլորի տրամադրությունը բարձր էր. գիտակցում են իրենց առաքելությունը և պատրաստ են հարված տալու թշնամուն:
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #05 (1227) 07.02.2018 - 13.02.2018, Բանակ և հասարակություն