Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԱԳԻՄՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ



ԱՎԱԳԻՄՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸԱրցախի Հանրապետության Մարտունու շրջանի Գիշի գյուղի բնակիչներ Արտյուշա եւ Մելանյա Ավագիմյանները այն եզակի ծնողներից են, որոնց հինգ զավակները ծառայում են Հայոց բանակում:

Որդիներից ավագը՝ Անդրանիկը, եւ Արթուրը փոխգնդապետի կոչումով ծառայում են առաջնագծում: Մյուս որդիները՝ Արայիկը, Արկադյան եւ Ալեքսանդրը, ծառայում են ՊԲ այլ զորամասերում:

Անդրանիկն ու Արայիկը հասցրել են վառոդի հոտն զգալ դեռեւս Արցախյան պատերազմի տարիներին, իսկ ապրիլյան դիմակայության ժամանակ նրանք հինգ եղբայրներով եղել են առաջնագծում: Այդ օրերին տղաներից ետ չէր մնացել նաեւ նրանց հայրը՝ Արտյուշա Ավագիմյանը, չնայած պատկառելի տարիքին: Նա, լինելով Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից, Ապրիլյան քառօրյային, ինչպես ցավով նշում է Արտյուշա Ավագիմյանը, չի կարողացել մասնակցել մարտական գործողություններին, բայց մասնակցել է ինժեներական աշխատանքներին: Իսկ Արցախյան պատերազմի ժամանակ գյուղի տղաների հետ մասնակցել է մի շարք մարտերի եւ երկու անգամ վիրավորվել. առաջին անգամ ոտքից՝ ստանալով հրազենային վիրավորում, իսկ մյուս վիրավորումը՝ նռնականետից:

Զրույցի ժամանակ Անդրանիկը եւ Արթուրը հպարտությամբ էին խոսում իրենց հոր անցած ուղու մասին. «Փորձել ենք նմանվել մեր հորը: Նա լինելով գյուղի կամավորական ջոկատում՝ 1992 թվականից մասնակցել է Արցախյան ազատամարտին: Ես շարունակում եմ»:

Ինչպես տղաներն են ասում՝ հինգ եղբայրներով ծառայելը հպարտություն է: Փոքր եղբայրը՝ Ալեքսանդրը, որը ծառայում է զորամասերից մեկում եւ հրետանավոր է, ասաց, որ միշտ էլ հպարտություն է ապրում, որ նման եղբայրներ ունի, եւ բոլորը մատնացույց են անում Ավագիմյան եղբայրներին:

Եղբայրները պետական եւ գերատեսչական պարգեւների են արժանացել, բազմիցս խրախուսվել են վերադաս հրամանատարության կողմից: Լինելով վառ անհատականություններ եւ տիրապետելով տարբեր զինվորական մասնագիտությունների՝ նրանք ունեն նաեւ ընդհանուր գծեր, որոնցից առաջնային են պարկեշտությունն ու բարեխղճությունը, բարձր պատասխանատվությունը եւ նվիրվածությունը հարազատ հող ու ջրին:

Ավագիմյան եղբայրներն ուրախանում են մեկը մյուսի ծառայողական հաջողություններով, խորհրդակցում դժվար պահերին, սակայն ավագ խորհրդատուի դերը բազմամարդ ընտանիքում վերապահված է ծնողներին:

Արթուր Ավագիմյանի խոսքով՝ հոր դաստիարակության շնորհիվ են հասկացել, թե ինչ է եղբայրությունը. «Հայրս միշտ ասում էր՝ եղեք միասին, որ լինեք ամուր: Հիշում եմ, փոքր ժամանակ նա ցախավելի պատմությունն էր պատմում եղբայրներիս. ցախավելի մի ոստն ավելի շուտ է ջարդվում, քան խուրձով ցախավելը, ու դրանից ելնելով ենք առաջնորդվում՝ մեկս մյուսին հարգելով, մեկս մյուսից խորհուրդ հարցնելով: Իհարկե, մեր ավագ եղբորը ավելի շատ ենք դիմում՝ որպես առավել փորձառու մարդու: Մշտապես համագործակցելով մեկս մյուսի հետ՝ զանգահարելով, հավաքվելով, խորհրդակցելով կառուցում ենք մեր կյանքը»:

Ավագիմյան եղբայրները գոհ են իրենց ընտրած ուղուց, ավելին՝ մտածում են իրենց զավակներին եւս ապագայում տեսնել զինվորականի համազգեստով:

Եղբայրների մայրը՝ տիկին Մելանյան, հպարտ է նաեւ իր թոռներով. ունեն 17 թոռ, ավագ թոռը՝ Մհերը, այս տարի ամռանը կզորակոչվի բանակ, եւ տատը վստահ է, որ նա կլինի լավագույն զինվորներից մեկը եւ բարձր կպահի հոր եւ հորեղբայրների, բոլորի պատիվը:

Ահա այսպիսի զինվորականների, մարդկանց եւ ընտանիքների վրա է հիմնված ոչ միայն բանակը, այլեւ մեր պետականությունը: Նրանք առանց ավելորդ խոսքի, համեստորեն կատարում են այն, ինչը ձեւավորում է մեր զինված ուժերի մարտունակությունը, որպեսզի ունենանք այն Հայրենիքը, որի մասին երազել են մեր հայրերն ու պապերը, եւ որտեղ ապրելը պատիվ ու մեծագույն երջանկություն են համարելու մեր որդիներն ու թոռները…

ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթի խմբագիր

Խորագիր՝ #05 (1227) 07.02.2018 - 13.02.2018, Ազգային բանակ


07/02/2018